Մինչ այս մարդիկ ինֆորմացիան ստանում էին շատ ավելի թեթև, լարվածություն չկար, օրինակ՝ ֆեյսբուքում լուրեր ստանալիս ուշադրություն չէին էլ դարձնում, թե ով է գրողը կամ աղբյուրը: Այժմ մարդկանց մոտ գիտակցաբար, թե ենթագիտակցաբար կարևորվում է ինֆորմացիայի լինելը և հավաստիությունը, այսինքն լարված իրավիճակում մարդիկ սկսում են իրենց համար ստեղծել աղբյուրների ցանցեր, որոնցից իրենք կարող են օգտվել, լինի դա հեռուստատեսային որոշ հաղորդումներ, որոշակի կայքեր, ցանցերում ակտիվ որոշ մարդիկ, որոնց տված ինֆորմացիան կարևորվում է իրենց համար, բայց անգամ այս դեպքում, երբ մարդը ուզում է պատկերացում կազմել, թե ինչ է ընթացիկ կատարվում, շատ դժվար է, և սա դեռ միայն ինֆորմացիոն տեսակետից, չեմ խոսում էլ անալիզի մասին, որը խնդրահարույց է շատ, որովհետև մինչ այժմ դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվել այդ չորս օրը, և ինչու է կատարվել, ով է մեղավոր, ով է պատասխան տալու, և ինչ պետք է փոխվի այս երկրում:
Այս օրերին մարդկանց տեղեկատվություն էր տրվում այնպես, ասես հասարակությունը մանկամիտ մարդկանց մի խումբ է, որոնց հարկավոր է ինֆորմացնել որոշակի չափաքանակով և որոշակի ձևով, կարծես սննդակարգի հետևելիս լինեին՝ այսօր պետք է 200գր. հնդկաձավար ուտել և մեկ կտոր խաշած միս, ահա այդպես էլ լուրերն էին հաղորդում՝ այսօր ունենք 6 զոհ, վաղը՝ 7, կամ 200մ առաջ ու ետ ենք գնացել: Բարդ հարց է, իհարկե, մի կողմից կա խուճապ չառաջացնելու նպատակը, որը կարող է քո հասարակությանը, որը մտածելու տեսանկյունից լուրջ խնդիրներ ունի, ընդհանրապես վերածվի ամբոխի, մյուս կողմից էլ կա դիմացինին հարգելու և հասարակության հետ քննարկում ունենալու խնդիրը:
Մի կողմից կարծես թե խոսում ենք լրատվության մասին, բայց մենք խոսում ենք նաև հասարակության վարքի մասին ու այն մասին, թե ինչպես է այդ վարքը ծրագրավորվում: Նույն ինֆորմիացիայի հաղորդելու օրինակը նշեմ, երբ սկսեցին մեր զոհված տղաների անունները նշել և տեղեկատվություն նրանց մասին, նաև ծրագրավորվեց մեր վարքը երկու բայի միջոցով պարզ մի ձևակերպմամբ. «Ցավում ենք և հպարտանում» («Հիշում ենք և պահանջում»), քանի որ ինչքան կարճ է, այնքան հեշտ է ծրագրավորելը: Այսինքն՝ մի կողմից մեզ տալիս էին ինֆորմացիան, մյուս կողմից մեզ տալիս էին նաև ուղեցույց, թե մենք ինչպես վերաբերենք այդ ինֆորմացիային…
Հասկանալով իրավիճակից բխող հրամայականները, որ առաջնահերթ է պաշտպանել մարդկանց կյանքը, բայց միգուցե մեկ քայլ հետ գնանք և հարցնենք, թե ինչու է այդ մարդկանց կյանքը վտանգի տակ: Մենք միշտ ասում ենք՝ դա այնքան բարդ, գլոբալ խնդիր է, մեր հասարակությունը չի կարող սա լուծել, սերունդներ են պետք, որտեղի՞ց են հայտնվելու այդ սերունդները, մեզնից այդ երեխաները չեն ծնվի, որովհետև մենք ոչինչ չենք անում դրա համար…