Play Video
Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցություն. Ինգա Հարությունյան | Արթուր Ավթանդիլյան

Վերբալ հաղորդակցությունը հնչյունների և/կամ բառերի միջոցով ինքնարտահայտվելու կարողությունն է՝ գրավոր կամ բանավոր։

Ձեր, կամ ձեր ծանոթների հետ պատահե՞լ է, որ որևէ կարևոր հանդիպումից՝ խորհրդակցություն, ծանոթություն կամ աշխատանքային հարցազրույց, դուրս գաք անբավարարվածության զգացողությամբ և դժգոհեք ձեզնից։ Դա հաճախ է հանդիպում և պատճառը հիմնականում թերի հաղորդակցությունն է։

ա/ Բովանդակություն

  • Մտածեք խոսելուց առաջ։ Եթե լավ չեք ձևակերպել ձեր միտքը, գուցե ավելի լավ է՝ լռեք։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է լռել ու հիմարի տպավորություն թողնել, քան խոսել ու ցրել բոլոր կասկածները։
  • Կարևորն ասեք սկզբում։ Ձեր մնացած մտքերը պետք է հիմնավորեն սկզբնական դատողությունը։
  • Խոսեք հստակ։ Ձեր յուրաքանչյուր բառը պետք է մի քայլ մոտեցնի ձեզ ձեր նպատակին։ Խոսելով պարզ՝ օգնում եք ձեր զրուցակցին հասկանալ ձեզ ճիշտ ու դրանով օգնում եք ձեզ։ Հարց տվեք ձեզ․ «Ո՞րն է այսինչ բանը ամենահստակ կերպով ներկայացնելու ձևը»։
  • Խոսեք հակիրճ՝  ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է ձեր միտքը ամբողջական կերպով ներկայացնելու համար և ոչ մի բառ ավելի։ Հիշեք՝ պետք է դադարել խոսել ավելի շուտ, քան ձեզ կդադարեն լսել։
  • Խոսեք անկեղծ ու սրտանց։ Այն պահին, երբ ձեր զրուցակիցը կասկածեց, որ ձեր խոսքը չի արտահայտում ձեր էությունը, դուք տապալված եք։
  • Խուսափեք նախադասությունը «Ես» դերանվամբ սկսելով․ արեք դա միայն անհրաժեշտ դեպքերում։
  • Ձեր մասին խոսելիս՝ խուսափեք ձեր արժանիքներն, անձն ու փորձը գերագնահատելուց։

բ/ Մատուցման ձև

  • Խոսեք վստա՛հ։ Վստահությունը պետք է զգացվի ձեր խոսքում, ձեր ձայնի տոնայնության մեջ, հայացքում, անգամ կեցվածքում։
  • Հետևեք ձեր խոսքի արագությանը։ Ոչ այնքան դանդաղ, որ հորանջի տեղիք տա, ու ոչ այնքան արագ, որ զրուցակիցը կորցնի ձեր դատողությունների միջև կապը։
  • Շեշտադրեք ձեր խոսքը։ Ինչպես վորդում շեղագիր եք դարձնում ամենակարևոր միտքը, բանավոր խոսքում ընդգծեք դրա կարևորությունը շեշտադրումով։
  • Սովորեք ունկնդրելու արվեստը։ Ձեր խոսքը սկսվում է զրուցակցի մտքերից ու շարունակվում նրա դատողություններում։

Ոչ վերբալ հաղորդակցությունը ոչ-լեզվական տեղեկատվության փոխանցման գործընթացն է՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափողական, ֆիզիկական և այլ ազդանշանների միջոցով։

Մեր շփումը զրուցակցի հետ սկսում է աչքի կոնտակտից: Ինչպես հայտնի է, աչքերով մարդիկ ստանում են ինֆորմացիայի գրեթե 90%; այդ պատճառով պետք ուշադիր լինեք ձեր արտաքին տեսքին և մարմնի լեզվին, որ կարող են առանց ձեր գիտակցելու ինչ որ բան հուշել մարդկանց:

Արտաքին տեսքից տպավորություն ստեղծելու համար գոյություն ունի երկու աղբյուր՝ (1) մարդու հագուստը, ինչպես նաև նրա արտաքին ձևավորումը` ակնոցը, սանրվածքը, աքսեսուարները, փոխադրամիջոցը (օրինակ՝ հեծանիվի կամ մեքենայի մոդելը), առանձնասենյակի տեսքը, այլ տարբերանշաններ, և (2) Մարդու  պահվածքը` ինչպե՞ս է նստում, ինչպե՞ս է քայլում, խոսում, նայում և այլն: Ցանկացած հաղորդակցման ժամանակ առավելություն ունի այն անձը, որը ավելի շատ տեղեկություն ունի զրուցակցի մասին:  Եթե չունեք նման հնարավորություն, ապա կարևոր է արագ ընկալել դիմացինին, և պարզել նրա բնավորության հիմնական գծերը: Դա հնարավորություն կտա  հենց  սկզբից  արդյունավետ  վարել  հաղորդակցությունը: Ուշադիր լինելով ձեր զրուցակցին, դուք կարող եք ճիշտ կողմնորոշվել զրույցի թեմայի, կարևորության, զրուցակցի տրամադրության կամ վերաբերմունքի հարցերում և խուսափել հնարավոր վրիպումներից:

ՈՒշադրություն դարձրեք հատկապես հետևյալ կետերին․

Ա. Հագուստը՝ կոկիկ, գործնական, խնամված, մազերը համեստ հարդարված, առանց ավելորդ նախշերի։  Ցանկալի է երկարաթև հագուստ՝ եթե ունեք որոշակի դաջվածքներ։

Բ. Ձեռքերի շարժումները (օր․՝ ձեռք սեղմելը)։ Ձեռքսեղմման ժամանակ պատահում է, որ լիարժեք չեն սեղմում դիմացինի ձեռքը, այլ մատների ծայրերով: Մատների ծայրերի ձեռքսեղմումը կարող է խոսել իր ուժերին անվստահ լինելու մասին: Այն հիշեցնում է անավարտ ձեռքսեղմում, որտեղ ձեռքի փոխարեն հայտնվել են մատները: Նման շարժումը ստեծում է թյուր տպավորություն, որ զրուղակիցն անվտսահ է և չի ցանկանում է քայլ անել գործընկերոջ հետ ավելի մոտ կապ հաստատելու համար, այլ փորձում է պահել նրան հեռու: 

Գ.Նմանապես, պետք է ուշադիր լինել խոսելիս՝ սեփական դեմքին ձեռք տալու հարցում: Այն կարող է հուշել դիմացինին, որ այդքան էլ վստահ չէ իր ասածի մեջ, հնարավոր է, չի կարողանում կամ չի ցանկանում արտահայտվել մինչև վերջ, թաքցնում է ինչ-որ բան: Քթին հպելով կամ ծածկելով բերանը՝ կարող եք նաև հուշել, որ անհարմար եք զգում կամ չեք ցանկանում խոսել այդ թեմայով: 

Դ. Երբ ձեռքերը մեջքիդ հետևում ես պահում, տպավորություն է ստեծվում, թե թաքցնելու բան ունես, չես ցանկանում անկեղծանալ կամ բացահայտել քո անձը:  Շատերը ենթագիտակցաբար սա նույնիսկ վտանգավոր են համարում, ուստի կարիք չկա օգտվել այդ ժեստից եթե դիմացինները ձեզ վատ են չանաչում:

Ե․ Ավելի կարևոր  են մարդու հայացքն ու աչքերի շարժումները (օր․՝ տեսողական կոնտակտ, աչքով տալը),

Զրուցակցի աչքերին նայելով  հնարավոր է ստեղծել՝

  • ավելի դոմինանտ և հզոր տպավորություն
  • ավելի անմիջական և անկեղծ երկխոսություն
  • պրոֆեսիոնալ, բանիմաց և արժեքավոր անձի տպավորություն
  • ավելի վստահելի, ազնիվ ու բաց զրույց
  • ավելի կայուն և հաստատուն տրամադրվածություն

Զ․ Դեմքի արտահայտություն (оր․՝ խոժոռվելը, ժպտալը)։ Անժպիտ դեմքը դիմացինին կարող է վանել և տպավորություն ստեղծել, որ անմարդամոտ եք, անտրամադիր կամ ոզում եք խուսափել շփումից, ինչը բացասական է ընդունվում: Որոշ դեպքերում ժպիտի բացակայությունը բավականին թանկ կարող է «նստել», ստեղծելով բացասական տպավորություն մարդու բնավորության և մարդկային հատկանիշների մասին, ինչը խաթարում է համագործակցության բնականոն զարգացումը:

Չի կարելի նույնացնել խոսելու ունակությունը հաղորդակցման հմտության հետ։ Դուք, իհարկե, կարող եք կռանալ և նետված հագուստը հանգիստ վերցնել հատակից, բայց հազիվ թե կարողանաք հանպատրաստից, առանց լուրջ ֆիզիկական պատրաստության ինչ-որ շատ ծանր բան բարձրացնել։ Կամ գուցե կարողանաք, բայց ձեր ողնաշարին լուրջ վնաս հասցնելով։ Նույնը հաղորդակցության մեջ։ Պետք է զարգացնել ձեր հաղորդակցային մկանները, իսկ դրան կարող եք հասնել միայն մարզումներով։

Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դիտեք նաև՝

Search