Play Video

Մարդու իրավունքների գործիքակազմերի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր անձի համար հասանելի և լիարժեքորեն իրացվելի լինեն բոլոր իրավունքները։ Միևնույն ժամանակ կարևոր է գիտակցել, որ տարբեր անձինք կամ տարբեր խմբեր կարող են առավել մեծ դժվարությունների հանդիպել իրենց իրավունքներն իրացնելիս։ Դա կարող է տեղի ունենալ և՛ խտրականության դրսևորումների, և՛ պատմականորեն ձևավորված մշակութային, կառուցակարգային գործելաոճերի հետևանքով։

Օրինակ՝ կանայք ավելի հակված են հայտնվել բռնարար հարաբերություններում` ձևավորված գենդերային կառուցակարգերի հետևանքով: Առավել մեծ է ռիսկը, որ երեխաների իրավունքները չեն իրացվի, և իրենք մասնակցություն չեն ունենա իրենց իրավունքների իրացման գործընթացում, որովհետև նրանք գտնվում են ընթացիկ հուզական, ֆիզիկական զարգացման փուլում և օբյեկտիվորեն մեծ կախում ունեն չափահաս անձանցից։ Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում շատ մեծ է վտանգը, որ իրենք լսելի չեն լինի, և իրենց կարծիքն իրենց վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում հաշվի չի առնվի, որովհետև հաշմանդամության նկատմամբ նույնպես պատմականորեն ձևավորվել են կառուցակարգային մոտեցումներ, որոնք իրենց հետևողականորեն բացառել են իրենց վերաբերյալ որոշումներ կայացնելուց։

Այս խմբերը, որպես կանոն, համարվում են խոցելի վիճակում գտնվող խմբեր, բայց միևնույն ժամանակ գոյություն չունի խոցելիության ճանաչման հստակ բանաձև։ Տարբեր ժամանակահատվածներում տարբեր խմբեր կարող են առավել խոցելի վիճակում գտնվել։ Որպես կանոն՝ խոցելիությունն առաջանում է հիերարխիկ հարաբերություններում գտնվելու, կախվածության մեջ գտնվելու, պատմականորեն սեգրեգացված, առանձնացված կամ իրավունքները ոչ լիարժեքորեն իրացված լինելու հետևանքով։ Կարևոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ այս խմբերն էլ միատարր չեն, օրինակ՝ կանանց խմբի շրջանակներում, տարբեր հատկանիշներից և տարբեր իրավիճակներից ելնելով, առանձին կանայք կարող են ավելի խոցելի վիճակում գտնվել և կարևոր է հաշվի առնել փոխհատվող հատկանիշները՝ տարիք, ազգային պատկանելություն, հաշմանդամություն և այլն։

Հասարակության շրջանում խոցելիությունը կարող է ասոցացվել անկարողության, անունակության հետ, սակայն իրավական տրամաբանության մեջ «խոցելիություն» եզրույթն օգտագործվում է հասկանալու համար, թե ինչ թիրախային մոտեցումներ և գործելաոճեր են անհրաժեշտ կոնկրետ անձանց կամ անձանց խմբերի իրավունքները լիարժեք իրացնելու և իրենց իրավասուբյեկտայնությունն ընդգծելու նպատակով։

Դիտեք նաև՝

Search