Play Video

Իրավունքը հիմնված է անձի արժանապատվության, ինքնության և ինքնավարության` ազատ գործելու և անկախ լինելու հնարավորության վրա: Հավասարությունը գոյություն ունի և՛ որպես սկզբունք, և՛ որպես իրավունք. այն շատ տարբեր դրսևորումներով և միջոցներով է ամրագրվում տարբեր իրավական ակտերում և տարբեր գիտությունների կողմից: Հավասարության երկու հիմնական մոտեցում գոյություն ունի` ֆորմալ և առարկայական:

Ընդունված է համարել, որ ֆորմալ մոտեցումը հիմնված է արիստոտելյան սկզբունքի վրա` «հավասարների հանդեպ` հավասար, անհավասարների հանդեպ` անհավասար վերաբերմունք»: Ֆորմալ մոտեցման ձգտումն այն է, որ մարդիկ հավասար լինեն հասարակության մեջ, սակայն իրավունքի, մարդկային հարաբերությունների ու մոտեցումների զարգացումը ցույց է տալիս, որ այն ամբողջական չէ, քանի որ մարդիկ ունեն անհավասար ելակետեր և տարբեր առանձնահատկություններ:

Առարկայական մոտեցումը ձգտում է արդյունքների և հնարավորությունների հավասարության: Այս մոտեցումը, լրացնելով հավասարության ֆորմալ մոտեցումը, նաև հաշվի է առնում անձանց առանձնահատկությունները, ինքնությունը և ինքնավարության սկզբունքները և ապահովում, որ թե՛ պատմականորեն ձևավորված, թե՛ կառուցակարգային, թե՛ մշակութային անհավասարությունների դեմ ևս որոշակի պայքար մղվի:

Մոտեցումների այս բաշխումը կարելի է դիտարկել նաև պետության նեգատիվ և պոզիտիվ պարտավորությունների շրջանակներում: Նեգատիվ պարավորության տեսանկյունից սուբյեկտները պետք է պարզապես չխախտեն խտրականության չենթարկվելու իրավունքը, իսկ պոզիտիվ պարտավորությունների տեսանկյունից նաև պետք է որոշակի գործողություններ ձեռնարկել, որպեսզի մարդիկ հավասարեցվեն: Օրինակ` պետությունը, հաշվի առնելով որոշակի խմբի որոշակի բարիքների հասնելու առավել նվազ հնարավորությունները, նախատեսում է ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սա է արդյունքների և հնարավորությունների հավասարությունը:

Այս հիմքով էլ տեղի է ունենում խտրականության տեսակների և միջամտության տեսակների տարբերակումը: Խտրականության երկու հիմնական տեսակ կա`

  • Ուղղակի. միևնույն իրավիճակում միևնույն բարիքին հասնելու հնարավորություն կար, բայց անձի որևէ հակտանիշով (սեռ, տարիք, ազգություն, ռասա, կրոնական համոզմունքներ, քաղաքական հայացքներ, առողջական վիճակ և այլն) պայմանավորված` այդ բարիքը նրան չտրամադրվեց:
  • Անուղղակի. երբ անձը կարիք ունի լրացուցիչ աջակցության որևէ բարիքի հասնելու համար` իր որևէ հատկանիշից ելնելով, և այդ աջակցությունը նրան չի տրամադրվում:

Դիտեք նաև՝

Search