Play Video

Թեև աշխատանքի իրավունքը չի կարող ընկալվել որպես աշխատանք ունենալու կամ ձեռք բերելու բացարձակ իրավունք, պետությունն ունի ուղղակի պարտավորություն իրականացնելու լիակատար զբաղվածության ապահովմանն ուղղված թիրախային քաղաքականություն: 

Աշխատանքի իրավունքը ենթադրում է արժանապատիվ աշխատանք, այսինքն` աշխատանք, որը հարգում է մարդու հիմնարար իրավունքները ու ազատությունները, ինչպես նաև նրա աշխատանքային իրավունքները, ստեղծում է իր և իր ընտանիքի անդամների ապրուստն ապահովելու համար բավարար վաստակի հնարավորություն:

Աշխատանքի իրավունքը ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների դաշնագրով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ փաստաթղթերով:

Աշխատանքի ընտրության ազատությունը հանդիսանում է աշխատանքի իրավունքի կարևորագույն բաղադրիչ և առաջին հերթին ենթադրում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքի արգելք։ Օրենսդրությունը պետք է արգելի նաև ուղղակի և անուղղակի խտրականությունը․ այն պետք է արգելվի աշխատանքի ընդունման և առհասարակ աշխատանքային պայմանների հետ կապված հարաբերություններում:

Թեև պետության կողմից լիակատար զբաղվածության ապահովմանն ուղղված պարտավորությունները ոչ այնքան արդյունքի, որքան գործողության պարտավորություններ են, պետության կողմից ձեռնարկվող գործողությունները պետք է համարժեք լինեն լիակատար զբաղվածության ապահովման նպատակին: Այսինքն՝ պետությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը միտված է աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը,  աշխատանքի տեղավորման համար մասնագիտացված զբաղվածության ծառայությունների արդյունավետ գործունեությանը, տեխնիկական, մասնագիտական ուսուցման, վերապատրաստման ապահովմանը:

Աշխատանքի արդար պայմանների իրավունքը ենթադրում է մի շարք երաշխիքների ապահովում, այդ թվում՝ օրական և շաբաթական ողջամիտ աշխատաժամանակ, տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ, շաբաթական հանգստի ապահովում, գիշերային ժամերին աշխատողների համար հավելյալ պաշտպանության երաշիքներ:

Դիտեք նաև՝

Search