Play Video

«Սեփականություն» բառը, որը կիրառվում է գույքային իրավունքների հիմնական հատվածի վերաբերյալ, ձևավորվել է վաղ միջնադարյան Հայաստանում և բխում է «սեպուհականություն» բառից: «Սեպուհ» բառն այդ ժամանակ բնորոշում էր ազատ մարդկանց, որոնք կարող էին ունենալ գույքային իրավունքներ, կրել զենք և պատկանում էին այս կամ այն իշխանական կամ նախարարական տոհմին, այսինքն` ազնվականության մաս էին կազմում: Իսկ «սեպուհականություն» բառը գլխավորապես վերաբերում էր նրանց պատկանող ունեցվածքին, այսինքն` սեպհական ունեցվածքին:

Իսկ ինչո՞վ էր տարբերվում սեպհական կամ սեփական ունեցվածքն այլ ունեցվածքից: Հաշվի առնելով ազատների կարգավիճակը վաղ միջնադարյան և միջնադարյան Հայաստանում` նրանց ունեցվածքն ամուր կերպով պաշտապնված էր ոչ միայն իրավունքով, այլև` գործնականում. այս կամ այն խմբին, ընտանիքին, տոհմին պատկանելով` նրանք օգտվում էին այդ տոհմի քաղաքական ու ռազմական զորությունից և օժանդակությունից, ինչի արդյունքում նրանց ունեցվածքը գրեթե անձեռնմխելի էր` ի տարբերություն ռամիկներին, արհեստավորներին պատկանող գույքին: Ուստի «սեփականություն» բառը ենթադրում է ոչ միայն պաշտպանություն, այլև անձեռնմխելիություն:

Հետագայում մարդկանց հավասարությունը բերեց նրան, որ սեփականությունը շատ երկրներում հավասարապես պաշտպանված է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտով` Սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները ամրագրում են սեփականության իրավունքը և դրա պաշտպանության մեխանզիմները:

Իհարկե, սեփականության անձեռնմխելիությունը բացարձակ չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ սեփականության պաշտպանությունը երաշխավորված է հենց Սահմանադրությամբ, շատ խիստ ընթացակարգեր են նախատեսված այդ իրավունքին միջամտության համար:

Դիտեք նաև՝

Search