Play Video

Ժամանակակից ազգային պետությունները սկզբնավորվում են 17-րդ դարում, երբ Եվրոպայում սկսվեց քաղաքական սուբյեկտների փոփոխությունը: Այդ գործընթացն, իր հերթին, կապված էր Եվրոպայում դարեր շարունակ գերիշխող մի միավորման՝ Սրբազան Հռոմեական կայսրության աստիճանական քայքայման հետ, որին նպաստող հիմնական գործոնը Մարտին Լյութերի գործունեությունն էր և բողոքականության առաջացումը 16-րդ դարի սկզբի Գերմանիայում: Կայսրության հպատակ իշխանները հետզհետե օգտագործեցին բողոքականությունը որպես կայսրությունից անջատվելու միջոց: Երեսունամյա պատերազմի ավարտը նշանավորեց կայսրության թուլացումը: Պատերազմի ավարտին Եվրոպայում ձևավորվեց նոր մի գաղափար՝ պետական սուվերենություն, ինքնիշխանություն: Պետության տարածքը սկսեց դիտարկվել որպես անձեռնմխելի տարածք, և դրա ներքին գործերին խառնվելը այսուհետ դիտարկվեց անթույլատրելի:

Կրոնական իրավունքի հավասարեցումը բերեց կրոնի և պետության անջատմանը: Եվրոպական պետությունները կնքեցին Վեստֆալյան հաշտության պայամանագիրը, որը հստակ ձևակերպեց սուբյեկտներին՝ ազգ-պետությունները, և դրանց հարաբերությունները, որոնց թվին դասվեց նաև պատերազմը:

Վեստֆալյան պայմանագրի սկզբունքերը գործեցին մինչև Առաջին աշխարհամարտը, որից հետո օրակարգային հարց դարձավ վերազգային որևէ միավորում ստեղծելը: Այն հաջողվեց միայն Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ՄԱԿ-ի ստեղծմամբ, պետությունների իրավունքներին պարտականությունների հավելմամբ, Հելսինքյան սկզբունքների մշակմամբ և պատերազմին խաղաղության գաղափարի հակադրմամբ:

Դիտեք նաև՝

Search