Play Video

2010թ. ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ ընդլայնված պատժամիջոցների կիրառումից և դրանք աստիճանաբար խստացվնելուց հետո Իրանում սկսեցին խոսել դիմադրողական տնտեսության մասին: Դիմադրողական տնտեսության մասին առաջինը բարձրաձայնեց և դրա հայեցակարգը մշակեց հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Հայեցակարգով նախատեսվում էր տնտեսության հզորացում արտաքին ազդակներին դիմակայելու նպատակով: Դիմադրողականության գաղափարը, սակայն, արմատներով գնում էր նախահեղափոխական շրջան, երբ Իրանը մեծ կախում ուներ արևմտյան աշխարհից, և երկրի հարստություններն օգտագործվում էին արտաքին ուժերի կողմից:

Դիմադրողականությունը վերջնականորեն ձևավորվեց միայն Իսլամական հեղափոխությունից հետո, երբ սկսվեց «պատժամիջոցների դարաշրջանը»: 1979-2005թթ. Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հիմնականում սահմանվում էին Միացյալ Նահանգների կողմից և վերաբերում էին միայն որոշ ոլորտների, օրինակ՝ որոշակի ապրանքատեսակների մուտքը ԱՄՆ: Այդ պատժամիջոցները սովորաբար ժամանակավոր բնույթ էին կրում: 2006թ. սկսած պատժամիջոցներին միացավ նաև ՄԱԿ-ը, և Իրանի դեմ բանաձևեր սկսեցին ընդունվել, ինչից հետո Իրանի տնտեսության վրա ազդեցությունն ավելի տեսանելի դարձավ: 2010թ. պատժամիջոցներին միանում է ԵՄ-ն և մի շարք երկրներ, դրանք խստացվում և ընդլայնվում են՝ միջուկային ոլորտից տեղափոխվելով նաև տնտեսության ոլորտ: Ամենացավոտ պատժամիջոցը նավթային էմբարգոն էր, որը բերեց իրանական նավթի արտահանման կտրուկ անկման:

Նավթից հետո Իրանի արդյունաբերության երկրորդ խոշոր ոլորտը մեքենաշինությունն է, որը մինչև պատժամիջոցները կայուն զարգացում ուներ: Առաջին մեքենաշինական գործարանները ևս հիմնադրվել էին շահական Իրանում, սակայն 2012թ. պատժամիջոցներից հետո ներդրողները դուրս են գալիս Իրանից, և արտադրությունը կրկնակի անկում է ապրում, և հետագա ծրագրերն այդպես էլ չիրականացվեցին: Մեքենաշինության զարգացմանը խոչնդոտում է նաև որոշակի պահեստամասերի ներկրման արգելքը: Ոլորտը մեծ աջակցություն է ստանում պետության կողմից, մասնավորապես, ներկրվող ավտոմեքենաների վրա սահմանված մեծ տուրքերի տեսքով:

Պատժամիջոցները մեծ ազդեցություն ունեցան ոչ նավթային ապրանքատեսակների արտահանման և ներկրման ուղղությունների փոփոխություն վրա: Եթե 1990թթ. արտահանման հիմնական ուղղություններն էին եվրոպական երկրները, իսկ ասիական երկրները երկրորդական դեր ունեին, ապա այսօր վերջիններս առաջնային տեղ են զբաղեցնում: Այս համատեքստում Իրանը մեծ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, օրինակ՝ Իրաքի պարագայում շատ մեծ է Իրանի ոչ միայն քաղաքական, այլև քաղաքական ազդեցությունը: Դեպի Արևելք շրջվելու հայացակարգի շրջանակներում Իրանն ակտիվ համագործակցում է Չինաստանի հետ, և հենց այս օրերին քննարկվում է Իրան-Չինաստան 25-ամյա համաձայնագիրը:

Դիտեք նաև՝

Search