Play Video

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մինչ ֆինանսական ծառայություններն անցնելն նախ խոսենք ՀՀ ֆինանսական համակարգի մասին, որն ավելի պատկերավոր ներկայացնելու համար դիտարկենք դրա 3 հիմնական հատվածները:

Մասնավոր հատվածում ներառված են բոլոր տեսակի ֆինանսական կազմակերպությունները, որոնք մեզ տրամադրում են բազմաթիվ ֆինանսական ծառայություններ` բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները և այլն:

Պետական հատվածում ներկայացված են բոլոր այն կառույցները, որոնք ունեն կարգավորող կամ վերահսկող դեր: Դրանք կարող են լինել ինչպես պետական մարմիններ, այնպես էլ պետության կողմից ստեղծված կառույցներ, որոնք նպատակ են հետապնդում լուծել ֆինանսական ոլորտի կոնկրետ խնդիրներ:

Միջազգային հատվածը,  ներառում է բոլոր այն միջազգային կազմակերպությունները, որոնք համագործակցում են մասնավոր և պետական հատվածների հետ:

ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ

Ինչպես գիտենք, եկամտի հիմնական աղբյուրներն են աշխատավարձը, դրամական փոխանցումները, կենսաթոշակը և այլն։ Ծախսերը հիմնականում բաժանված  են երկու խմբի՝ հաստատուն (տուն, փոխադրամիջոց, սնունդ) և փոփոխուն ծախսեր (հագուստ, հանգիստ, առողջություն և այլն)։  

Բյուջեն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է ծախսերը կատարել եկամուտների սահմաններում՝ ելնելով անձնական կարիքներից։

Կցանկանայի Ձեզ հետ կիսվել մի քանի չգրված օրենքներով, որոնք հնարավորություն կտան Ձեզ առավել արդունավետ կառավարել Ձեր բյուջեն։ 

  • Տարանջատեք Ձեր ընտանիքի և բիզնեսի բյուջեները
  • Գրանցեք Ձեր եկամուտներն ու ծախսերը ամեն օր
  • Ամսվա վերջում համեմատեք պլանավորած և փաստացի բյուջեի ցուցանիշները
  • Նախ՝ հոգացեք կարիքի մասին, հետո՝ ցանկության
  • Պահպանեք Ձեր վճարումների դիմաց տրամադրված կտրոնները
  • Խնայեք պարբերաբար՝ ռիսկերին պատրաստ լինելու համար

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ և ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

Բանկային հաշիվը հնարավորություն է տալիս ապահով պահելու դրամական միջոցները, կատարելու ընթացիկ, ամենօրյա դրամական գործարքներ և հետևելու դրանց փոփոխություններին՝ մուտքերին և ելքերին: 

Վճարային քարտը, Ձեզ կտա մի շարք առավելություններ, մասնավորապես՝

  • Բանկային հաշվի մնացորդի ստուգում
  • Բանկային հաշվի միջոցների 24 ժամյա օգտագործման հնարավորություն
  • Վճարումների իրականացում առանց կանխիկի մեծ գումարի առկայության
  • Քարտի կորստի կամ ոչնչացման դեպքում գումարի պահպանում
  • Կոմունալ վճարումների իրականացում
  • Գնումների կատարում արտերկրում և համացանցում
  • Որոշակի խանութներում կամ բանկերում շահավետ առաջարկներ և զեղչեր

Վճարային քարտ վերցնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել քարտի սակագներին, մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքին, կանխիկացման միջնորդավճարներին ինչպես տվյալ բանկի, այնպես էլ այլ բանկերի բանկոմատներից օգտվելիս։

Այժմ խոսենք վճարային քարտի տեսակների մասին։ Վճարային քարտերը լինում են երեք տեսակ՝ դեբետային, կրեդիտային և հաշվարկային։

Դեբետային քարտը հնարավորություն է տալիս ծախսել այնքան գումար, որքան փաստացի առկա է Ձեր հաշվին:

Կրեդիտային քարտով կարող եք օգտվել վարկավորման հնարավորությունից՝ հետագայում գումարը վերադարձնելու պայմանով:

Հաշվարկային քարտով հնարավոր է ծախսել Ձեր հաշվին առկա գումարը և օգտվել նաև հավելյալ վարկավորման հնարավորությունից:

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      Սովորաբար հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի փուլերի ընթացքում մարդիկ դրսևորում են տարբեր խնայողական վարքագիծ. մասնավորապես` 18-30տ.՝ սպառել, 30-55տ.՝ խնայել որքան հնարավոր է շատ, 55տ.-ից ավել՝ վայելել խնայողությունները, այսինքն՝ սպառել:

      Գոյություն ունի խնայողության 10%-ի կանոնը, ըստ որի՝ անհրաժեշտ է նախ խնայել եկամտի 10%-ը, ապա նոր սկսել ծախսել մնացած գումարը։

Ավանդների տեսակները

Ավանդները լինում են երկու տեսակ՝ ցպահանջ և ժամկետային։

Ֆինանսական համակարգի կայունությունը ապահովելու համար ՀՀ ԿԲ-ն հիմնադրել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Հիմնադրամը երաշխավորում է մեր կողմից ֆինանսական կառույցում ներդրված գումարների վերադարձը՝ մինչև 10 մլն. ՀՀ դրամի չափով դրամային ավանդների դեպքում և 5 մլն.` արտարժույթով ավանդների դեպքում:

Նշենք նաև, որ այս շեմը նախատեսված է մեկ անձի հաշվով յուրաքանչյուր բանկում ունեցած ավանդի համար: Այսինքն, եթե Ձեր խնայողությունները գերազանցում են 10 մլն. դրամը, ապա կարող եք դրանք ներդնել տարբեր բանկերում` ապահովագրելով ամբողջ գումարը:

Խնայելու չափանիշներ

Նշենք, որ միայն խնայելը բավարար չէ մեր նպատակին հասնելու համար. պետք է իմանալ, թե ինչպես խնայել: Խնայողություն կատարելիս շատ կարևոր է որոշել, թե որ չափանիշն է մեզ համար ավելի առաջնային. մեր գումարը լինի ապահով, հասանելի, թե եկամտաբեր:

ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Ինչպես լուծել ֆինանսական կազմակերպության հետ առաջացած խնդիրը

Եթե առաջացել է որևէ խնդիր ֆինանսական հատվածում գործող որևէ կազմակերպության հետ, անհրաժեշտ է նախ ներկայացնել տվյալ կառույց Ձեր բողոք-պահանջը: Տվյալ կազմակերպությունը պարտավոր է Ձեզ պատասխանել 10 օրում, ինչից հետո, անհամաձայնության դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին (ՖՀՀ): Եթե ՖՀՀ լուծումը Ձեզ կրկին չի բավարարում, կարող ենք դիմել դատարան: Դատարան ներկայացված գործերը չեն կարող այլևս դիտարկվել ՖՀՀ կողմից, մինչդեռ հակառակ հաջորդականությունը գործում է:

Դատարան դիմելու ծախսերը երբեմն գերազանցում են հաճախորդների բողոք-պահանջի փոխհատուցման չափը: Բացի այդ, գործերի լուծումը շատ երկար է տևում: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ գործերի լուծումը կատարվում է պարզ, արագ և առանց քաշքշուկների։

Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դիտեք նաև՝

Search