Play Video

Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական աղբյուրները մի շարք տեղեկատվական սահմանափակումներ ունեն ժողովրդագրական վիճակագրության հարցում: Հատկապես միգրացիայի ոլորտում կան մշտական բնակչություն և առկա բնակչություն հասկացությունները, որոնք հաճախ տարբերվում են. մշտական բնակչություն ասելով նկատի են ունենում այն բնակչությունը, որը հաշվառված է Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ վերջին 30 տարիներին միգրացիոն հոսքերը ցույց տվեցին, որ հաճախ մարդիկ հեռանում են երկրից՝ դուրս չգրվելով իրենց հաշվառման վայրից: Այսինքն, նրանք շարունակում են հաշվառված մնալ ՀՀ-ում, սակայն փաստացի այլևս չեն բնակվում երկրի տարածքում:
1991-1994 թվականներին նորանկախ Հայաստանում պաշտոնական տվյալները դեռևս հարաբերական հասկացություն էին, քանի որ այդ ժամանակ չկար միգրացիոն հոսքերի ու ժողովրդագրության գրանցման այն համակարգը, որը գոյություն ունի այսօր: Հիմնականում փորձագիտական տվյալների հիման վրա համարվում է, որ այս ժամանակահատվածում երկրից անվերադարձ հեռացել է մոտ 590 հազար մարդ:
1995-1999 թվականներին` համեմատաբար կայուն հետպատերազմյան շրջանում, երբ գրանցվել էր որոշակի տնտեսական աճ, երկրից անվերադարձ հեռացել է մոտ 310 հազար բնակիչ: Այսպես, 1991-2000 թվականներին Հայաստանի Հանրապետությունն անվերադարձ լքել է 900 հազար բնակիչ:
2000-2003 թվականներին Հայաստանից անվերադարձ հեռացել է 130.8 հազար մարդ:
2000 թվականից երկրում գործում է միգրացիոն հոսքերի հաշվեգրման համակարգը, որը, սակայն, որոշակի տարբերակված տվյալներ չի տալիս միգրացիոն հոսքերի սեռային, տարիքային կազմերի, միգրացիոն ուղղությունների, նպատակակետերի և այլնի վերաբերյալ:
2004-2006 թվականներին 36.3 հազար մարդ վերադարձել է Հայաստան, իսկ 2007-2017 թվականներին երկրից անվերադարձ հեռացել է մոտ 376 հազար մարդ:
2018 թվականի սկզբին ավելի քան 8 հազար մարդ հեռացել է Հայաստանից, իսկ նույն թվականի վերջի դրությամբ միգրացիոն հաշվեկշիռը կրկին դարձել է դրական՝ վերադարձել է 15.3 հազար մարդ:


Կարելի է փաստել, որ Հայաստանում շատ մեծ էր միգրացիոն դինամիկան, իսկ հաշվեկշիռը՝ հիմնականում բացասական: Այսպիսով, եթե դիտարկենք բնակչության փոփոխությունը վերջին 30 տարիների ընթացքում, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այն մոտավորապես 80 տոկոսով պայմանավորված էր միգրացիայի դինամիկայով:
Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում տարբեր մեթոդաբանություններ են կիրառվել միգրացիոն միտումները հասկանալու համար: 2012 թվականին հատվել է մի քանի տարբեր մեթոդաբանությունների կիրառում, և հինգ տարվա ամփոփ տվյալներ ներկայացնելիս հինգ տարբեր մեթոդաբանությամբ հրապարակվել են հինգ տարբեր թվեր:
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության մասին տվյալները ճշգրիտ չեն եղել հատկապես մինչև 2001 թվականի մարդահամարը:
Հայաստանի Հանրապետության պարագայում բարդ է մշտական բնակչության ճշգրիտ հաշվարկներ անել բնակչության մեծ շարժի պատճառով, նույնիսկ եթե հաշվի առնենք սեզոնային միգրացիան: Երկրի առկա բնակչության թիվը գնահատելու համար պետք է ճշտել սահմանահատումների թիվը:

Դիտեք նաև՝

Search