Play Video

Պետությունը տարածք է, որը բնակեցված է մարդկանցով և օժտված է ինքնիշխանությամբ. այն որոշակի կարգ է որոշակի տեղում ապրող որոշակի մարդկանց համար: Պետության ինքնիշխանությունն ըստ էության սկսվում է պետական սահմանից: Սահմանները ձևակերպվում են պայմանագրերով: Ինքնիշխանության կարևորագույն դրսևորումն ուժի լեգիտիմ կիրառումն է որոշակի սահմանված տարածքում, իսկ սահմանի և կարգի հաստատումը սերտորեն կապված է յուրայինի և օտարի ընկալման հետ:
Դեռևս Հին Հունաստանում սահմաններից դուրս բնակվողները՝ օտարները, բարբարոսներ էին, որոնց չէր վերաբերում սահմանների ներսում գործող կարգը, իսկ ներսում կարգը խախտողը կարող էր վտարվել, ենթարկվել օստրակիզմի՝ հարկադիր միգրացիայի:


Միգրացիոն գործընթացներն իրար են կապում երկու հասարակություն և դրանով նաև փոխառնչակցություններ ստեղծում երկրների օրակարգերի միջև: Միգրացիոն քաղաքականությունը դառնում է ազգային օրակարգի մի մաս, ինչը և առաջացնում է երկրների միջև բանակցությունների անհրաժեշտություն:
Վերադարձողների աջակցության ծրագրերն այլ անվանումներ ունեն Եվրամիության երկրներում, և անվանումների տարբերություններն արդեն խոսում են օրակարգերի տարբերության մասին:
Ի սկզբանե այս ծրագրերը ձևավորվել են որպես վճարում մեկնման դիմաց և անվանվել հենց այդպես՝ «Վճարում մեկնման դիմաց»: Առաջին նման ծրագրերը ստեղծվել են 1970-ական թվականներից Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում՝ որպես այնտեղ առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլ:
Խնդիրն այն էր, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրները որոշեցին իրենց մոտ աշխատող օտարերկրացիներին հետ ուղարկել տուն և այդ աշխատանքները փոխանցել տեղացիներին: Օտարերկրացիներին հետ ուղարկելու համար վերջիններիս գումար էին վճարում՝ պահանջելով հանձնել այդ երկրների սոցիալական պաշտպանության քարտերը և որոշակի ժամանակ մուտք չգործել այդ երկրներ:
Փաստորեն այս ծրագրերը դրամական աջակցություն էին հայրենի երկրներ վերադառնալու, մեկնելու ծախսերը հոգալու համար: Եվրոպական երկրներում սա լուծում էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս ավանդույթի հիման վրա մինչև հիմա Հայաստանում էլ գործում են վերադարձողների վերաինտեգրման աջակցության ծրագրեր: Ամեն տարի Եվրոպական միության երկրներից բավական մեծ թվով (որը մեծանում է տարեցտարի) վերադարձողներ են ընդունվում Հայաստանում, և նրանց տրամադրվում է վերաինտեգրմանն ուղղված համապատասխան աջակցություն:
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է տեղական օրակարգը համընկնում Եվրոպական միության կամ վերադարձողներին հետ ուղարկող երկրների օրակարգի հետ, արդյո՞ք ուղարկող և ընդունող կողմերի շահերը համընկնում են, թե՞ հակասում են իրար: Մի կողմից նրանց շահերը համընկնում են, քանի որ վերադարձողներն աջակցության կարիք ունեն, և այդ աջակցությունն իրականացնում են ուղարկող երկրները: Սրանով Հայաստանի ազգային օրակարգը համընկնում է այդ երկրների ազգային օրակարգի հետ: Մյուս կողմից, այնուամենայնիվ, Հայաստան վերադարձող ու վերաինտեգրման աջակցության կարիք ունեցող անձինք անհամեմատ ավելի շատ են, քան այդ աջակցությունը ստացող մարդիկ:

Դիտեք նաև՝

Search