Play Video

Միգրացիայի ուսումնասիրություններում կարևորագույն երեք հարցերն են, թե ինչո՞ւ են մարդիկ տեղափոխվում, ինչպե՞ս են միգրանտները հարմարվում նոր հասարակություններին, և ինչպե՞ս են փոխվում հասարակություններն ու միգրանտները: Սոցիոլոգիային առավելապես հետաքրքրում են վերջին երկու հարցերը՝ նոր հասարակություններում միգրանտների ինտեգրման, հարմարվելու խնդիրները: Միգրացիայի սոցիոլոգիական տեսությունները առավելապես զարգացել են միգրանտներ ընդունող արևմտյան երկրներում, որտեղ օրհասական է օտարների հետ համակեցության խնդիրը: XIX դարի վերջից, թերևս, ամերիկյան «համաձուլման կաթսայի» (melting pot) մոդելի հանդեպ անվստահություն առաջացավ. Չիկագոյի դպրոցի հետազոտությունների հետևանքով: Ուիլյամ Թոմասի և Ֆլորիան Զնանեցկու՝ միգրացիայի մեծածավալ հետազոտությունը (հրատարակված՝ 1918-1920թթ.) նորարական էր. այն հիմնված միգրանտների փորձառության վրա: Ի տարբերություն մինչ այդ տարածված ստատիստիկ մոտեցումներին. հեղինակները սկսեցին խոսել միգրանտների համայնքային, անձնական կյանքի առանձնահատկություններից, էթնիկ խմբերի համայնքների մշակութային տարբերություններից: Այս տեսությունում սկիզբ առավ ինտեգրման, ոչ թե ձուլման (ասիմիլյացիայի), գաղափարը: Այն աստիճանաբար զարգացավ և վերածվեց սեգմենտացված ասիմիլյացիայի տեսությունը, որը արծարծեց ինտեգրման խնդրահարույց կողմերը: Համայնքներում ձևավորված սոցիալական «ցանցերի» հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն սոցիոլոգիայի համար. դրանք կարող են դիտվել իբրև միգրանտին կլանող երևույթ, որը միգրանտին ապահովում է աշխատանքով՝ միաժամանակ նրան «գամելով» համայնքին: Այնուամենայնիվ, մյուս մոտեցման համաձայն, այդ ցանցերն, ընդհակառակը, ճանապարհ են բացում: Նոր ասիմիլյացիայի տեսությունը խնդիր է դարձնում միգրանտների աշխատանքային զբաղվածությունը և սերնդափոխությունը. միգրանտների երեխաները մարգինալ խմբեր են կազմում՝ չցանկանալով հայտնվել ծնողների կարգավիճակում:

Այս հայացքները ևս վերանայվում և համալրվում են նոր, գլոբալ մոտեցումներով: Միգրանտն ուսումնասիրվում է որպես գլոբալ համայնքի, տրանսնացիոնալ հասարակության միջև տեղաշարժվող միավոր, որի կեցությունն է դառնում ուսումնասիրության գլխավոր առարկան:

Դիտեք նաև՝

Search