Play Video

Ի՞նչ է նշանակում զարգացում, ի՞նչ է նշանակում զարգանալ, ի՞նչ է նշանակում թերզարգանալ, կամ զարգացած երկիր լինել կամ թերզարգացած, ի՞նչն է նպասել այս ամենին,բաժանումը, որը կա զարգացած, նախկինում ասում էին չզարգացած երկրի, երրորդ կարգի, այսօր արդեն՝զարգացող, երկրների միջև, կասկածելի է: Եթե դիտարկենք ոչ թե երկրները, այլ մի երկիր, մի հասարակություն, զարգացում իդեան՝ ըստ ոլորտների, ըստ մակարդակների, սկսվում է իմացական մի քաոս: Քաոսն ավելի է խորանում ու դառնում անհասկանալի, երբ ավելացնում ենք միգրացիա երևույթը: Մի օրինակ բերեմ, պատկերացնենք՝ մի մարդու դժբախտություն է պատահել՝ ոտքերը կտրվել են: Եվ որպեսզի այս մարդը հաղթահարի իր խնդիրներն ու բարդույթները, սկսում է սպորտով զբաղվել և դառնում է օլիմպիական չեմպիոն հաշմանդամների օլիմպիադայում: Եվ նրան ասում են՝  ինչ լավ եղավ, որ ոտքերդ կտրվեցին, որովհետև հակառակ դեպքում՝ ոտք ունենալու պարագային, երբեք չէիր ստանա ոսկե մեդալ: Միգրացիայի և զարգացման էլեմենտը ահա այս անալոգիայով դիտարկելիս, տեսնում ենք, որ ունենք պրոբլեմ, սկիզբը՝ որտեղից այս հիվանդությունը առաջացավ, բացասական կողմերը մոռանում ենք, նույնիսկ չկա, չենք հիշում, և ապա բոլորով բարձրաձայն հայտարարում ենք, որ միգրացիան  հրաշալի գրավական է զարգացման համար, որը դուք՝ տեղաբնիկներդ, չեք տեսնում:

Մի որոշ ժամանակ առաջ ասում էին՝ ուղեղների արտահոսք է տեղի ունենում, իսկ հիմա գտել են ավելի լավ ձևակերպում և ասում են՝ ուղեղների շրջապտույտ է լինում: Վերջերս Լոռվա մարզում մի հետազոտություն էի անցկացնում,  այնտեղ էլ շատ պարզ էր. երիտասարդ տղաները առանց որևէ հմտության մեկնում են Ռուսաստան, ներգրավում են շինարարական աշխատանքի մեջ և վերադառնում են որպես շինարարներ, ընդ որում շինարարական տարբեր աշխատանքներում են հմտանում, այնքան, որ կարող են իրենց տունը սարքել և սարքում են տարիների ընթացքում: Թվում է, որ մարդիկ հմտություն են ձեռք բերում, ինչև կարևոր ձեռքբերում է, բայց մյուս կողմից կա երկրորդ կողմը. այդ շինարարական հմտություններ ձեռք բերած մարդիկ, բացի իրենց տունը նորոգելը, իրենց գյուղի դպրոցի որևէ սենյակ կամ տանիք նորոգելը, գերեզմանոցի ճաղավանդակները նորոգելը կամ եկեղեցում ինչ-որ շինարարություն անելը ուրիշ ինչպես դա կարող են ներդնել, որպեսզի թեկուզ ոչ համայնքի, բայց գոնե ընտանիքի զարգացումը և ապահովվածությունը կայուն լինի:

Մի՞թե եկեղեցի կառուցելը պարզապես նվեր է, ամենայն հավանականությամբ՝ ոչ, եթե մասնագիտական տերմինով ասենք, ապա կարելի է ձևակերպել՝  արտաքինում կուտակած հնարավորությունները ձևավորում են ներքին ստատուս: Դրսում բնակվող հարուստ հայը չի կարող իր ստատուսը դրսում թափահարել, և ահա գալիս է այստեղ սպիտակ մարդը բնիկների մոտ ու թափահարում իր ստատուսը եկեղեցու տեսքով: Ինչո՞ւ՝ եկեղեցու, որովհետև եկեղեցին ամենայն հավանականությամբ միարժեք է: Եթե նույն վայրում կառուցվեր, օրինակ, կազինո, ապա այս դեպքում կարծիքները բազմարժեք են, բարձրաձայնող կլիներ, թե այդ կազինոն ու՞մ է պետք, եթե մենք գոմ չունենք: Նույն իրավիճակում «եկեղեցին ու՞մ է պետք, եթե մենք գոմ չունենք» հարցը կա, բայց բարձրաձայնող չկա:

Դիտեք նաև՝

Search