Play Video

Աղասի Թադևոսյան[1]

Այս հոդվածը գրվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի և ՔՀԿ Գործընկերություն հանուն արդյունավետ զարգացման «2021 Ազգային արշավներ ընդդեմ քաղհասարակության տարածությունների կրճատման» ծրագրի շրջանակներում: Նույն թեմայով և նույն ծրագրի շրջանակներում իրականացված հարցազրույցը կարող եք դիտել ստորև։

2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած նոր թիմում ընդգրկվեցին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ (Անդրեասյան և այլք 2018. 92; Zolyan 2020. 51)։ Այդ և մի շարք այլ պատճառներով լրջորեն կրճատվեց իշխանություն – հասարակություն տարածությունը (Christofer and Paturyan 2021)։ Քաղաքացիների համար իշխանության տարբեր օղակների հետ փոխհարաբերությունը ներկայումս շատ ավելի հեշտացել է։ Համաձայն Կովկասյան բարոմետրի տվյալների կառավարության հանդեպ վստահության աստիճանը 2017 թվականի 20%-ից բարձրացել է 71%, իսկ անվստահության մակարդակը 59% -ից իջել է 12% (TRUEXEC: Trust towards Executive government, 2019) Սակայն, այս ամենով հանդերձ, նկատելի խնդիրներ կան կառավարման թափանցիկության, հանրության իրազեկման, հետադարձ կապի, քաղաքականությունների մշակմանն ու իրագործմանը հասարակության մասնակցության ոլորտներում։ Ավելին, 2019 թվականի համեմատ 2021 թվականին նկատվել է մասնակցության անկում (ՔՀԿ չափիչ 2021. 25): Ըստ որոշ հետազոտությունների 2019 –ից հետո նկատելի է նաև ՔՀԿ գործունեության տարածքի որոշ նեղացում (Grigoryan A. and H.Manasyan. 2021): Խնդրահարույց երևույթներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ ՔՀԿ-ների հանդեպ հասարակական այն դիսկուրսի և մտայնության տարածումն է, թե իբր ՔՀԿ-ները ներմուծված և ապազգային երևույթներ են։ Մի շարք շրջանակների կողմից այս դիսկուրսը գեներացվեց և խորացվեց նաև պատերազմից հետո։ Փորձ արվեց նույնիսկ պատերազմում պարտությունը կապել ՔՀԿ-ների հետ, թե իբրև ժողովրդավարությունը թուլացրել է Հայաստանի մարտունակությունը (Ապատեղեկատվությունը Հայաստանում 2021, 32-36)։ Այս և մի շարք այլ պատճառներով հասարակության մեջ վերջին տարում նկատելի է ՔՀԿ-ների հանդեպ անվստահության նկատելի աճ, ինչն ուղեկցվում է վստահության անկումով։ Այսպես օրինակ, եթե ըստ Կովկասյան բարոմետրի տվյալների 2019 թվականին ՔՀԿ-ների հանդեպ նկատելի է 18%-ից 26% վստահության աճ` ապա վերջին տարում այն զգալիորեն նվազել է։ 2021 թվականին 2019 թվականի համեմատ ՔՀԿ-ների հանդեպ անվստահությունը 25%-ից հասել է 38%։ Հասարակության վստահության նման անկումը էական խոչընդոտ կարող է դառնալ ՔՀԿ-ների կողմից քաղաքականությունների մշակմանն ու որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը կազմակերպելու գործում։ Վստահության անկումը կարող է դառնալ նաև քաղհասարակության տարածքի կրճատման (shrinking space) վրա բացասաբար ազդող գործոններից մեկը։ 

Նշանավոր քաղաքագետներ Գ․Ալմոնդն ու Ս․Վերբան առանձնացնում են քաղաքական մշակույթի պատրիարխալ, հպատակային և մասնակցային տիպերը։ Պատրիարխալ քաղաքական մշակույթում մարդիկ առաջնորդվում են սովորութային նորմերով, հպատակայինում ավելի հակված են աներկբայորեն հետևել օրենքներին և պետական ինստիտուտներին, իսկ մասնակցայինում՝ ավելի նախաձեռնող են, հակված են ազդելու կառավարության և պետական այլ հաստատությունների գործունեության վրա (Almond and Verba 1963)։ Իդեպ, քաղաքական մշակույթի մասնակցային տիպի պայմաններում է, որ ի հայտ է գալիս և հասարակական կյանքի կարևոր բաղադրիչն է դառնում քաղաքացիական մշակույթ երևույթը։ Հայաստանում բավական ազդեցիկ է եղել քաղաքական մշակույթի պատրիարխալ տիպը և 2018 թվականն այս առումով որոշակիորեն բեկումնային է, քանի որ դրան հաջորդած վերջին երկու արտահերթ ընտրությունների ընթացքում պատրիարխալ տիպը զգալի սահմանափակումների է ենթարկվել և ավելի մեծ հնարավորություններ է ստեղծել մասնակցային տիպի զարգացման ու արմատավորման համար։ Թավշյա հեղափոխության ընթացքում քաղաքացիական հասարակությունը ունենալով լուրջ ազդեցություն (Ohanyan and Kopalyan 2020. 31), ցույց տվեց, որ ունի հասարակության լայն շրջանակներին ուղերձներ հասցնելու ունակություններ։ Ցավոք, հետպատերազմական շրջանում հանրային կարծիքում վերաբերմունքի որոշ փոփոխություն է նկատվում և ՔՀԿ-ները այս նոր իրավիճակում իրենց հանրային գործունեությունը վերաիմաստավորելու խնդիր ունեն։ Հիմնական հարցը ոչ միայն իրենց ծրագրային ոլորտներում արդունավետ գործունեություն իրականացնելն է, այլև՝ հասարակության լայն շրջանակների հետ աշխատանքը և քաղաքական մշակույթի պատրիարխալ տիպից քաղաքացիական մշակույթի փոխակերպման գործընթացներին նպաստելը։ Այստեղ է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ունեն կարևոր առաքելություն հասարակությանը «քաղաքացիականացնելու» գործում։ Նկատենք, նաև, որ այս գործառույթը քաղհասարակությանը վերաբերող հետազոտությոններում ու տեսական գրականության մեջ համարվում են ՔՀԿ-ների գործունեության կարևոր խնդիրներից մեկը (Verba et al., 1995Moyser and Parry, 1997; Putnam 2000; Warren 2001Fung, 2003)

ՔՀԿ-ներ և հասարակություն փոխհարաբերությունները

ՔՀԿ-ների և հասարակության միջև լայն համագործակցությունը կարևոր է թե քաղաքացիական հասարակության արժեքների ու պրակտիկաների տարածման առումով և թեորպես քաղհասարակության տարածքի կրճատմանը դիմակայող լուրջ գործոն։Հասարակության լայն շրջանակների հետ ՔՀԿ-ների համագործակցությունը նրանց օգնում է լինել ավելի քիչ խոցելի, ուժեղ, լսելի ու ընդունելի է դարձնում նրանց ձայնը (Hirschman 1970):

Քաղաքացիական հասարակությունը դա միայն ՔՀԿ-ները չեն։ Նրանք քաղհասարակության միայն կազմակերպված մասն են։ Քաղհասարակության մասն են նաև այս կամ այն խնդրի շուրջ ձևավորվող բոլոր այն քաղաքացիական միավորումները, նախաձեռնությունները, համագործակցությունները, որոնք ուղղված են քաղաքացիների շահերի, իրավունքների, հանրային տարածքների պաշտպանությանը և կամ այլ նշանակալի հանրային խնդիրների լուծմանը (Theiss-Morse and Hibbing 2005. 229;  Edwards  2013; Alscher et al. 2017. 6; Salamon et al. 2017)։ Քաղաքացիական հասարակության հիմքը քաղաքացու ինստիտուտն է։ Ոչ բոլոր հասարակություններում է մարդկանց մոտ ձևավորվում քաղաքացու ինքնություն։ Սովորաբար, ավտորիտար և պատրիարխալ հասարակություններում բարդ է քաղաքացիական ինքնության ձևավորումը։ Հետխորհրդային հասարակություններում նույնպես քաղաքացու ինքնության կայացումը բավական դժվար փոխակերպումների միջով անցնող գործընթաց է։ Հայաստանում այս առումով կարևոր դերակատարում են ունեցել հատկապես 2008 թվականից հետո սկզբնավորված տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները (Թադևոսյան 2013; Ishkhanian 2015; Glasius and Inshkanian 2015)։ Հատկանշական է, որ այդ շարժումները լինելով նորույթ Հայաստանի քաղաքացիական կյանքում, ոչ միայն չընկալվեցին ՔՀԿ-ների կողմից ու չարժանացան նրանց ակտիվ համագործակցությանը, այլև՝ երբեմն դրանք ընկալվեցին որպես մրցակիցներ։ Շատ ՔՀԿ-ներ ներփակված լինելով իրենց ծրագրային ոլորտներում այդպես էլ անտարբեր ու անարձագանք թողեցին այդ շարժումները: Հետաքրքիր է, որ այս շարժումները մի շարք պատճառներով ավելի լայն հանրային ընդունելություն ստացան, քան ունեին ՔՀԿ-ները (Ishkhanian 2015; Tadevosyan 2016; Paturyan and Gevorgyan  2021)։ Իրավիճակը էականորեն փոխվեց 2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին, երբ մի շարք ակտիվ ու ազդեցիկ ՔՀԿ-ների անդամներ կարողացան համագործակցել հասարակության լայն շրջանակների հետ։ Հատկապես, դա կարևոր դեր կատարեց երիտասարդությանը փողոցային բողոքի ակցիաներին ներգրավելու տեսանկյունից։ Սակայն, հեղափոխությունից հետո նորից նկատվեց հասարակության լայն շերտերից ՔՀԿ-ների մեկուսացման գործընթաց։ Խնդիրն այն է, որ ՔՀԿ-ները հիմնականում գործում են իրենց ոլորտային ծրագրերի շրջագծում և որպես կանոն գործ են ունենում գլխավորապես իրենց ծրագրերի շահառուների շրջանակի հետ ու շատ հազվադեպ են ազդում հասարակության առավել լայն միջավայրերի վրա։ Այդ պատճառով, ՔՀԿ-ների դերակատարումը հասարակության «քաղաքացիականացման», այսինքն համահասարակական մաշտաբով քաղաքացիական մասնակցային մշակույթի ու պրակտիկաների ձևավորման գործում էական վերանայումների անհրաժեշտություն ունի։ Այս առումով, քաղաքացիական մշակույթը կամ քաղաքական մշակույթի մասնակցային տիպը ոչ մեծ շրջանակներ է ընդգրկում, իսկ հասարակությունում զգալի է քաղաքական մշակույթի պատրիարխալ տիպի (Almond 1980; Almond and Verba 1963) ազդեցությունը։ Սա բացասաբար է ազդում հասարակության լայն շրջանակներին մասնակցային գործընթաց ընդգրկելու վրա ու լուրջ խնդիր է նաև քաղաքացիական տարածքի կրճատման տեսանկյունից։ ՔՀԿ-ները կարևոր անելիք ունեն Հայաստանի հասարակության քաղաքական մշակույթում տարածված պատրիարխալ տիպը մասնակցայինի փոխակերպելու գործում, առանց որի դժվար կլինի նշանակալի հաջողությունների հասնել քաղաքացիական հասարակության տարածության ընդլայնման ու ժողովրդավարության զարգացման տեսանկյունից։ 

ՔՀԿ-ների հանրային վստահության և վարկանիշի հիմնախնդիրը

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո նկատելի էր ՔՀԿ-ների վարկանիշի բարձրացում և նրանց հանդեպ վստահության որոշ աճ։ Սակայն, ինչպես վերը նշվեց, վերջին տարում գրանցվել է ՔՀԿ-ների հանդեպ վստահության ցուցանիշի անկում և դրան զուգահեռ բարձրացել է անվստահության ցուցանիշը։ Որոշ փորձագետներ այս փոփոխությունը կապում են 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետ։ Պատերազմից հետո նախկին ավտորիտար իշխանություններին սատարող քաղաքական ուժերն ու նրանց համակիրները տարածեցին մի դիսկուրս, որ այս պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառներից մեկն էլ ՔՀԿ-ների ջատագոված քաղաքացիական ու ժողովրդավարական արժեքներն էին ու հատկապես, այդ համատեսքտում նրանց կողմից հանրային միջավայրերում տարածած խաղաղասիրական քարոզչությունը։ Այս դիսկուրսը սկիզբ դրեց պաշտոնաթող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ։ Հետագայում այն բավական երկար շրջանառվում էր նրա համակիրների կողմից։ Մեկ այլ պատճառ էլ համարվում է այն, որ կառավարող քաղաքական թիմի անդամների մեջ զգալի թիվ են կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախկին անդամները, ովքեր չկարողացան պատերազմի ընթացքում ապահովել արդյունավետ կառավարում։ Այս առումով, բնութագրական է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ա․Ոսկանյանի այն միտքը, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո կառավարման համակարգում նկատելի թերությունների պատճառներից մեկն այն է, որ պետական պաշտոններ ստացած ՔՀԿ շատ անդամներ սովոր էին կարճատև ծրագրեր կառավարելուն, սակայն այդ փորձառությունը իրեն չարդարացրեց պետական կառավարման համակարգում, որտեղ պահանջվում էին ավելի հիմնավոր ու ռազմավարական բնույթի մոտեցումներ (Ա Ոսկանյան, հարցազրույց

Որոշ փորձագետների կարծիքով վստահության խնդիրը կարգավորելու համար կարևոր դեր կարող է կատարել հասարակության լայն շրջանակների հետ հաղորդակցումն ու այդ հաղորդակցության լեզուն փոխելը։ ՔՀԿ-երից շատերի մոտ տիրապետող է արևմտյան քաղաքացիական մշակույթից փոխառված բառապաշարն ու հռետորաբանությունը, ինչը շատ դեպքերում օտարության զգացում է առաջացնում նրանց գործունեության հանդեպ։ Հետաքրքիր է, որ քաղաքացիական նախաձեռնությունների փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ նրանք շատ ավելի մեծ ժողովրդականություն ունեին, քան ՔՀԿ-ները և դրա հիմնական պատճառներից մեկը մարդկանց հետ ամենօրյա հաղորդակցումն էր և սեփական լեզվով նրանց հետ խոսելու ոճը (Paturyan and Gevorgyan  2021)։ Նման հաղորդակցությունը կողմերի մեջ ստեղծում է ընդհանուր արդյունքին միտված համատեղ գործողություն իրականացնելու և միասնականության զգացողություն։ Նույն երևույթը բնորոշ էր նաև Թավշյա հեղափոխությանը, ինչը դրա հաղթանակի գլխավոր պատճառներից մեկն էր։

Ազգայնական ուժերի արշավները ՔՀԿ-ների դեմ ու քաղաքացիական տարածքի կրճատման հիմնախնդիրը

2018  թ․ «Թավշյա հեղափոխությունից» հետո ձևավորված իրավիճակի տարօրինակ դրսևորումներից մեկն էլ ՔՀԿ-ների հանդեպ ազգայնական տարբեր խմբավորումների նախաձեռնած արշավն էր։  Բանն հասավ նույնիսկ Բաց հասարակության հիմնադրամների և «Ազատություն» հեռուստաընկերության գրասենյակների վրա հարձակումների ու ավերումների իրականացմանը, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների ղեկավարների հանդեպ ահաբեկությունների գործադրմանը։ Որպես նման ճնշումների պատճառաբանություն բերվում էին այնպիսի դավադրապաշտական փաստարկներ, որ իբրև ՔՀԿ-ները ծառայում են արևմտյան երկրների գործակալություններին և դրանց նպատակն է Հայաստանում ազգային արժեքների ոչնչացումը, հայկական ընտանիքի այլասերումն ու քայքայումը և վերջին հաշվով հայաստանյան հասարակության քայքայումը, կամազրկումն, ինքնության ամորֆացումն ու ենթարկումը արևմտյան գերտերությունների շահերին (Ապատեղեկատվությունը Հայաստանում 2021, 30-35)։ Հնչում էին նաև մեղադրանքներ, որ ՔՀԿ-ների միջոցով արևմտյան գերտերությունները իշխանության են բերել «հեղափոխականների» թիմին, որպեսզի սրանք իշխանությունն օգտագործեն իրենց «դավադիր» ծրագրերն իրականացնելու գործում։ Իհարկե, քաղաքացիական հասարակության, ժողովրդավար հայացքներ կրող ինտելեկտուալները հանդես էին գալիս քաղհասարակության պաշտպանությամբ, սակայն դա բավարար արդյունք չէր տալիս մի քանի պատճառներով։ Նախ, ինչպես նկատում է քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Մ․ Հովհաննսիյանը, քանի որ քաղաքացիական հասարակությունը չունի ընդհանրական սուբյեկտայնություն և հանդես է գալիս առանձին ՔՀԿ-ների միջոցով, ապա նրանք բավական խոցելի են դառնում բիրտ ուժ ու մանիպուլյատիվ գործիքներ կիրառող ազգայնական խմբավորումների համար (Մ Հովհաննիսյան, հարցազրույց)։ Երկրորդ առանցքային պատճառը հասարակության մեջ զգալի կշիռ ունեցող պատրիարխալ արժեհամակարգ կրող շրջանակներից եկող աջակցության հանրային ֆոնն էր։ Վերջիններս որևէ գործողության չէին դիմում, սակայն ավելի շատ համակրում էին ազգայնականների գաղափարները, քան՝ ՔՀԿ-ների։ Այս իրավիճակի ձևավորման պատճառներից մեկն էլ հասարակության լայն շրջանակների միջավայրում քաղաքացիական արժեքների ու պրակտիկաների տարածման ու քաղաքացիական ինքնության ձևավորման գործում ՔՀԿ-ների իրականացրած ոչ բավարար աշխատանքն է։ Եվ վերջապես, երրորդ պատճառը պետական մարմինների՝ սկսած վարչապետից, վերջացրած դատաիրավական համակարգը ներկայացնող պետական հաստատությունների կողմից ազգայնականների գործողությունների հանդեպ ոչ համարժեք արձագանքն էր, հաճախ աչք փակելը և օրենքի հնարավորության սահմաններում համապատասխան կանխարգելիչ գործողությունների չդիմելն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորումը (Ապատեղեկատվությունը Հայաստանում 2021, 32-33)։ Այս ամենը զգալիորեն վնասում ու սահմանափակում է ՔՀԿ-ների գործունեությունը հատկապես մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում և կրճատում քաղհասարակությանը տարածքը։ Ստեղծված խնդրի հիմնարար լուծումն անշուշտ պետական ինստիտուտների կողմից ՔՀԿ-ներին նման ոտնձգություններից պաշտպանությունն է և անպատժելիության մթնոլորտի վերացումը։ Մեկ այլ կարևոր գործիք, որը նաև երկարատև արդյունք կարող է ապահովել, հասարակության հնարավորինս լայն միջավայրերում քաղհասարակության արժեքների տարածումն ու ՔՀԿ-ներ – հասարակություն փոխհարաբերությունների ակտիվացումն է։

ՀԿ-ացման կամ NGO-իզացիայի հիմնախնդիրը և քաղաքացիական տարածքի կրճատման հարցը

Քաղաքացիական տարածքի կրճատման վրա բացասաբար ազդող երևույթներից է NGO-իզացիայի կամ ՀԿ-ացման հիմնախնդիրը։ Սա նույնպես ՔՀԿ-ների գործունեության տարածքի կրճատման մի յուրահատուկ դրսևորում է, որը տեղի է ունենում ոչ թե պետության կողմից իրականացվող անբարենպաստ քաղաքականությոնների ու օրենդրության հետևանքում, այլ՝ հասարակությունից ՔՀԿ-ների ինքնամեկուսացման։ ՀԿ-ացման հիմնախնդիրը լայն առումով ունի մի քանի բնութագրական հատկանիշ։

а. Հայաստանում գործող ՔՀԿ-ների որոշ շրջանակներ ավելի շատ աշխատում են իրար հետ, քան՝ հասարակության լայն շրջանակների։ Որոշ ասպարեզներում տարիների ընթացքում ձևավորվել է մի իրավիճակ, որ ՔՀԿ-ների շահառուները հաճախ հանդիսանում են այլ ՔՀԿ-ներ։ Ասենք օրինակ, աղքատության նվազեցման համատեքստում աղքատների կարիքներին վերաբերող քննարկումներն հաճախ իրականացվում են այլ ՀԿ-ների հետ, բայց` ոչ աղքատների։

b. Որոշ ՔՀԿ-ներ կենտրոնանալով ոլորտային ծրագրերի վրա, դուրս չեն գալիս ոլորտային խնդիրների շրջագծից և ակտիվորեն չեն ազդում հասարակությունում քաղաքացիական մտածողության ու վարքագծի ձևավորման վրա։ Ասենք օրինակ, ստեղծում են 7-10 հոգանոց երիտասարդական քաղաքացիական ակտիվ խմբեր համայնքներում, ովքեր ներփակվում են իրենք իրենց շրջանակում, մեկուսանում տվյալ համայնքի երիտասարդությունից և  բավարարվում են ծրագրով սահմանված «ժամանակացույցային միջոցառումների» ցանկով, որոնց գործունեության տարածքը սահմանափակվում է ՔՀԿ-ի գրասենյակով։

Համագործակցությունը ՔՀԿ-ների միջև և քաղհասարակության տարածքի կրճատման հիմնախնդիրը

Ինչպես վկայում են միջազգային փորձագետները, ՔՀԿ-ների միջև սերտ համագործակցությունը բավականին կարևոր է, որպեսզի ՔՀԿ-ների կարողանան համատեղ ուժերով դիմադրել քաղհասարակության տարածքի կրճատմանը (Juech 2017)։ Հայաստանում տարիների ընթացքում ՔՀԿ-ներ-ի միջև ձևավորվել են տարբեր համագործակցային միավորումներ ու ցանցեր։ Բավական արդյունավետ է ՀԿ Դեպո – հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը։ Դրա հիմնադրումն ու իրականացումն ինքին համագործակցային բնույթի է, քանի որ իրականացվում է մի քանի կազմակերպությունների` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Գորիսի մամուլի ակումբի, Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական ՔՀԿ-ների ազդեցության շրջանակը, ուժեղացնել նրանց կարողությունները՝ ուղղված առավել ներգրավված, բարգավաճ և ժողովրդավար հասարակություն կառուցելուն։ Հայտնի է նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը միավորում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազդեցիկ կազմակերպություններին։ Տարբեր ցանցեր ու կոալիցիաներ կան նաև սոցիալական քաղաքականության, սոցաշխատողների, մեդիայի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։ ՔՀԿ-ների միջև բավականին արդյունավետ համագործակցության օրինակներ կարելի է բերել նաև պատերազմի օրերին և դրան հաջորդած բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերվող աջակցության իրականացման գործընթացում։

Չնայած այն բանին, որ Հայաստանում կան ձևավորված բազմաթիվ համագործակցային միավորումներ, սակայն վերջին հետազոտությունները և ՔՀԿ ոլորտում իրականացված չափումները ցույց են տալիս, որ լայն առումով Հայաստանի ՔՀԿ դաշտը ավելի շատ բնութագրվում է որպես մրցակցային, քան համագործակցային (ՔՀԿ կայունության ինդեքս, 2020)։ Ըստ գրանցված փորձագիտական հարցազրույցների նյութերի, նրանց միջև մրցակցությունը, երբեմն նաև անառողջ մթնոլորտի ձևավորումն հիմնականում ընթանում է կապված գործունեության ոլորտներում ազդեցիկության, կարգավիճակի ձևավորման և դոնոր հանրության կողմից տրամադրվող դրամաշնորհների ձեռք բերման հարցերի հետ։ Այս երևույթի պատճառներից մեկն էլ համարվում է այն, որ ՔՀԿ-ները գործում են ոչ այնքան հայաստանյան հասարակության հիմնախնդիրների համատեքստում, որքան դոնոր հանրության կողմից բարձրացված խնդիրների։ Ճիշտ է դոնոր հանրության կողմից կարևորվող խնդիրները նույնպես հայաստանյան հասարակության զարգացմանը ու տարբեր հիմնախնդիրների լուծմանը ծառայող խնդիրներ են, սակայն քանի որ դրանք ՔՀԿ-ներն իրենք չեն առաջ քաշել, ապա այստեղ առաջնային է դառնում ոչ թե հիմնախնդրի լուծումը, այլ այդ հիմնախնդրի ֆինանսավորումը ձեռք բերելը, իսկ հիմնախնդրի լուծումն ածանցվում է ֆինանսավորմանը։ Այն, որ ՔՀԿ-ները իրենց գործունեությունը առաջնայնորեն չեն բխեցնում հասարակության տարբեր միջավայրերի հետ հաղորդակցման արդյունքում համատեղ կարևորված ու ձևակերպված խնդիրներից, նրանք չեն կարողանում նաև ֆինանսավորման ալտերնատիվ, ներհասարակական միջավայրերից եկող աղբյուրներ գտնել։ Այդ պատճառով, ֆինանսավորումը ՔՀԿ-ների համար դառնում է ոչ այնքան  համագործակցության, որքան մրցակցության պատճառ։ Համագործակցություն հաճախ ձևավորվում է այն դեպքերում, երբ դոնորների կողմից դա առաջադրվում է իբրև ֆինասավորման պայմաններից մեկը։

ՔՀԿ – հասարակություն հաղորդակցման խնդիրները

Փորձագիտական շրջանակներում կա կարծիք, որ ՔՀԿ-ների գործունեության տարածքի կրճատման վրա բացասաբար ազդող գործոններից է այն, որ նրանք արդյունավետորեն չեն կազմակերպում իրենց հաղորդակցությունը ինչպես միմիանց միջև, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջև։ Համեմատած կառավարության կամ քաղաքական ուժերի, նրանք ավելի քիչ են օգտագործում մեդիայի միջոցները հանրությանն իրենց գործերը ներկայացնելու, հասարակակական կյանքի ժողովրդավարացման ու բարեկեցության աճին վերաբերող իրենց ծրագրերն ու գաղափարները հանրայնացնելու նպատակով։ Ընդհանրապես, այն, որ հանրության լայն շրջանակներում ժողովրդավարությունն ու քաղաքացիական արժեքները չեն կապվում բարեկեցության ու լավ կյանքի հետ, դա գլխավորապես հասարակության լայն շրջանակների հետ ՔՀԿ-ների աշխատանքի թերությունն է։ Այս խնդիրը ՔՀԿ-ների խոցելի տեղերից է եղել նաև 2018 թվականից առաջ (Գևորգյան 2017. 11)։ Թվում էր, թե Թավշյա հեղափոխությունը նրանց միջավայրում կխթաներ գիտակցումը, որ իրենց կարևոր առաքելություններից մեկը հասարակության քաղաքացիականացումն ու այդ ճանապարհով նաև իրենց գործունեության միջավայրի ընդլայնումն է։ Սակայն, ՔՀԿ-ների հիմնական մասն այդպես էլ դուրս չեկավ իր ծրագրային շրջանակներից և չմտավ լայն հասարակության հետ հաղորդակցութան մեջ։

Կարևոր է նկատել, որ համավարակի շրջանում ՔՀԿ-ները որոշակիորեն բարելավել են իրենց կարողությունները սոցիալական ու մեդիա հարթակներից օգտվելու տեսանկյունից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս այս խնդրի հետ կապված հետազոտությունները թե համավարակի և թե պատերազմի ու հետպատերազմական շրջանում ՔՀԿ-ները բավականաչափ արդյունավետորեն չլուսաբանեցին իրենց իրականացրած մարդասիրական ու այլ բնույթի աշխատանքները, ինչի հետևանքում հանրությունը առանձնապես չտեղեկացավ նրանց իրականացրած դերակատրության մասին ու այդ ամենը հանրային իմիջի բարձրացման տեսանկյունից համարժեք արդյունք չունեցավ (ՔՀԿ ինդեքս, 2020)։ Այն, որ ՔՀԿ-ները չեն կարողանում բարձրացնել իրենց հաղորդակցական որակներն ու արդյունավետությունը, բացասաբար է ազդում նաև հակառակ կողմից՝ հասարակության տարբեր շրջանակներից ՔՀԿ-ների հետ հաղորդակցվելու նախաձեռնության վրա։ ՔՀԿ-ները արդունավետորեն չեն իրականացնում իրենց գործունեության մասին իրազեկման ակցիաներ, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե նրանցից որն ինչով է զբաղված և հարցեր առաջանալու դեպքում դիմեն նրանց։ Այդ պատճառով, ՔՀԿ-ների գործունեությունը հաճախ ընալվում և մեկնաբանվում է որպես Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների շրջագծից դուրս իրականացվող գործունեություն։ Հետևաբար, նաև այն գնահատվում է որպես քիչ կարևոր ու հաճախ պարզապես անտեսվում։ Շատ քիչ քաղաքացիներ են, որ խնդիրների առաջացման դեպքում մտածում են, թե կդիմեն ՔՀԿ-ներին։ Դրա հիմնական պատճառը հասարակության լայն շրջանակների հետ հաղորդակցման ցածր մակարդակն է։

Նշված խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ ՔՀԿ-ները չեն կարողացել ձևավորել հասարակության լայն շրջանակների համար ընկալելի ու ընդունելի սուբյեկտայնություն, ինչի պատճառով հանրային մեկնաբանություններում նրանք շատերի կողմից ընկալվում են Հայաստանի հասարակության համար որպես օտար երևույթ։

Քաղհասարակություն – կառավարություն փոխհարաբերություններ

2018 թվականից հետո մի որոշ ժամանակ զգալիորեն թուլացավ ՔՀԿ կառավարություն փոխհարաբերությունները։ Ըստ տարածված փորձագիտական կարծիքների պատճառներից մեկն այն էր, որ կառավարությունում հայտնվեց մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր մինչ այդ տարբեր ՔՀԿ-ների ակտիվ անդամներ էին և առանց ՔՀԿ-ների հետ ֆորմալ հաղորդակցության  էլ տեղյակ էին ՔՀԿ մոտեցումների։ Սակայն, արդեն 2019 թվականին քաղհասարակության ներկայացուցիչները սկսեցին դժգոհել կառավարության գործունեության մասնակցայնության ցածր աստիճանից (Սոնա Այվազյան և Գայանե Աբրահամյան, հարցազրույց)։ Կառավարության և առանձին նախարարությունների գործունեությունը մասնակցայնության ու թափանցիկության տեսանկյունից բազմիցս քննադատության է ենթարկվել նաև  «Քովիդ 19» համավարակի հետ կապված (ՔՀԿ չափիչ, 2020)։ Շնորհիվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում 2020 թվականին կատարված փոփոխությունների որոշ դրական տեղաշարժ է նկատվել տեղական ինքնակառավարման մակարդակում տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացմանը մասնակցության տեսանկյունից (Տեղական ինքնակառավարման մասին օրենք, 2020)։ Սակայն, ոլորտային նախարարությունների մակարդակով կառավարմանը մասնակցության տեսանկյունից վերջին երկու տարիներին առաջընթաց չի գրանցվել (ՔՀԿ չափիչ 2021, 25) Ըստ փորձագիտական կարծիքների, որոշ դրական դրսևորումներ են նկատելի առանձին ծրագրերի մշակման փուլում ՔՀԿ-ների մասնակցությամբ քննարկումներ ու լսումներ կազմակերպելու տեսանկյունից։ Սակայն, դրանցում մասնակցային գործընթացն ավարտվել է հենց այդ փուլով և չի շարունակվել որոշումների կայացման մեջ փոփոխություններ իրականացնելու տեսանկյուհնից։ Որոշ առումով սկսել են գործել նաև նախարարություններին կից հանրային խորհուրդները (Հայաստանում հանրային մասնակցության հարթակներ 2022, 6) և բաց կառավարման գործընկերության ինստիտուտը (ԴԱՏԱ փոդքասթ Բաց կառավարման գործընկերություն | Արփինե Հակոբյան | Լիլյա Աֆրիկյան

Ըստ «ՔՀԿ չափիչ 2020»-ի 2019-2020 թթ․ որոշ աշխուժություն է նկատվել հատկապես տարբեր ռազմավարությունների ու քաղաքականությունների մշակման գործընթացին մասնակցության առումով (ՔՀԿ Չափիչ, 2020 , 16)։ Ամենից հաճախ քննարկումներ կազմակերպվել են ԿԳՄՍ նախարարությունում։ Այստեղ 3 նիստ անցկացվել է 2019 թ․, 1-ը՝ 2020 թ․ և 2-ը 2021 թ։ Երկրորդ տեղում առողջապահության նախարարությունն է, որը  վերջին երկու տարում անցկացրել է նույնքան նիստ, որքան ԿԳՄՍ-ն, իսկ 2019 թ․՝ մեկով պակաս։ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը 3 նիստ է անցկացրել 2019 թ․, իսկ վերջին երկու տարում ոչ մի նիստ չի անցկացրել։ Էկոնոմիկայի, ֆինանսների, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, արտգործնախարարությունը, արդարադատության նախարարություները 2020-2021 թվականներին ոչ մի նիստ չեն անցկացրել (Հանրային մասնակցության հարթակներ 2021, 65)։ Ինչպես տեսնում ենք վիճակն առանձնապես ոգևորիչ չէ: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ եթե նույնիսկ որոշ նախարարություններ ՔՀԿ-ների հետ կազմակերպում են քննարկումներ կամ լսումներ, սակայն վերջնական փաստաթղթերում նրանց առաջարկներն ու կարծիքներն այդքան էլ հաճախ չեն արտացոլվում։ Այսինքն, մասնակցային գործընթացը հիմնականում սահմանափակվում է կառավարության քաղաքականությունների ու ռազմավարությունների մշակման փուլում քննարկումներին մասնակցությամբ և հազվադեպ է ընդգրկում կառավարության ծրագրերի իրականացմանն ու մոնիտորինգի փուլերին ՔՀԿ-ների մասնակցությունը։ ՔՀԿ-ները հիմնականում մասնակցում են ԱԺ ընտրությունների մոնիտորնգին, ինչը սակայն մասնակցային կառավարման ոլորտի վրա ազդեցություն չի ունենում։ Ընդհանրապես, ընդունված կարծիքի համաձայն ընտրությունների մոնիտորինգը համարվում է քաղաքական, այլ՝ ոչ հանրային մասնակցության դրսևորում (Campbel 2004. 7):  Այս առումով, կառավարմանը մասնակցության նկարագրված թերությունները կարող են գնահատվել որպես խոչընդոտ՝ քաղաքացիական տարածքի ընդլայնման համար։

Ըստ ՔՀԿ դաշտի գնահատմանը վերաբերող որոշ հետազոտությունների, քննադատելի կողմերից է համարվում նաև այն, որ կառավարությունում ու նախարարություններում կա ՔՀԿ-ների հանդեպ անհավասար վերաբերմունք։ Կառավարությունում և նախարարություններում ՔՀԿ-ները գործընկերային տեսանկյունից բաժանվում են «նախապատվելիների» ու «ոչ նախապատվելիների»։ Ըստ այդմ, «նախապատվելիների» ցանկում են այն ՔՀԿ-ները, որոնց նախկին անդամները ներկայումս բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում, նախարարություններում և այլ պետական ինստիտուտներում։ (ՔՀԿ կայունության ինդեքս 2020, էջ 15)։ 

Մասնակցության ոլորտում առկա այլ հիմնախնդիրներ

Մասնակցային գործընթացը դա մի շղթա է, որի նպատակը հասարակության տարբեր շրջանակների համար կառավարման գործընթացների վրա ազդելու հնարավորության ձևավորումն է։ Այն լիարժեք չէ, եթե ապահովում է միայն ՔՀԿ-ների մասնակցությունը։ Հայաստանում այս ոլորտում առկա հիմնախնդիրներից մեկն այն է, որ մասնակցային օղակում ՔՀԿ-կառավարություն կապն ավելի լավ է գործում, քան՝ ՔՀԿ – հասարակություն։ Պատճառներից գլխավորը ՔՀԿ – հասարակություն հաղորդակցության անբավարար մակարդակն է։ Մեկ այլ պատճառ էլ հասարակությունում քաղաքական մշակույթի մասնակցային տիպի համեմատ պատրիարխալ տիպի գերակայությունն է։ Ըստ վերջին հետազոտությունների լուրջ խնդիր է համարվում մասնակցության մոտիվացիայի ու գիտելիքների պակասը (Եղոյան Ա․ և Գ․Երիցյան, հարցազրույց)։ Իդեպ, սա բնութագրական է համարվում ինչպես հասարակության լայն շրջանակներին, այնպես էլ կառավարող վերնախավերին (Հայաստանում հանրային մասնակցության հարթակներ 2022, 6)

Մասնակցության խնդրի շուրջ քննարկումներում կարևոր մի նրբություն էլ վերաբերում է հռետորաբանությանը։ Սովորաբար, այդ հռետորաբանության մեջ մասնակցության տակ նկատի է առնվում ՔՀԿ-կառավարություն փոխհարաբերության օղակը, իսկ քաղաքացին՝ որպես քաղհասարակության առանցքային դերակատար բավարար չափով չի կարևորվում։ Ավելին, այս հռետորաբանության պատճառով քաղաքացին հաճախ ընկալվում է ոչ թե որպես մասնակցային գործընթացի դերակատար, այլ՝ ՔՀԿ-ների գործունեության օբյեկտ։ Սա նշանակում է, որ ՔՀԿ-ները նախ կարիք ունեն գիտակցելու, կարևորելու ու խնդրականացնելու այս հարցը և հետո՝ բարձրացնելու հասարակությունում մասնակցության աստիճանը ու մասնակցային գործընթացում ուժեղացնելու հասարակություն – ՔՀԿ-ներ կապը։

Կարևոր խնդիր է նաև հասկանալ, թե որքանո՞վ և ինչպես են սոցցանցերը ազդում մասնակցության վրա։ Քաղաքացիական հասարակության և մասնակցության խնդիրների հետազոտողների միջավայրում ներկայումս տիրապետող է այն կարծիքը, որ սոցցանցերում մարդկանց ներգրավվածությունը նպաստում է նրանց մասնակցային ակտիվության աճին (Jurkevičienė J. and  E. Butkevičienė 2018, 10)։ Արդյո՞ք կարելի է նույնը ասել Հայաստանի համար, դժվար է ասել։ Կարելի է պարզապես նկատել, որ սա մի խնդիր է, որը չի կարելի անտեսել ու կարիք ունի հատուկ հետազոտության։

 Քաղհասարակության տարածքի կրճատման հիմնախնդիրը

Վերջին տարիներին բավական հաճախ է քննարկվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ ՔՀԿ-ների գործունեության տարածքի կրճատման (shrinking space) հիմնահարցը (Juecհ 2017; Civicus Monitor 2021, Youngs and Exhague 2017; Ayvazyan K. 2019)։ Աշխարհի շատ երկրներում խնդիր է դարձել պետության կողմից ՔՀԿ-ների գործունեության շրջանակների սահմանափակումները։ Դրանք արտահայտվում են պետություն – ՔՀԿ-ներ փոխհարաբերությունների սահմանների կոշտացմամբ, ՔՀԿ-ների գործունեության ոլորտների սահմանափակմամբ, ՔՀԿ-ների գործունենության վրա բացասաբար անդրադարձող ու կաշկանդող օրենսդրական սահմանափակումներով (Youngs and Exhague 2017 8) և ընդհուպ մինչև ավտորիտար կառավարությունների թողտվությամբ տարատեսակ ծայրահեղական միավորումների կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հանդեպ իրականացվող ճնշումներում ու հարձակումներում (Juecհ 2017; Alscher et al.2017

Հետազոտական տվյալների համաձայն, մինչև 2018 թվականը ՔՀԿ-ների տարածության սահմանափակվածության Հայաստանի ցուցանիշը բավականին բարձր է եղել Արևելյան գործընկերության երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից և մոտ է եղել ցածր ցուցանիշ ունեցող հետխորհրդային այնպիսի երկրների հետ, ինչպիսիք  Ադրբեջանն ու Բելոռուսը (Ayvazyan 2020, 11): Սակայն հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքն այս առումով բավականին բարելավել է և համաձայն Civicus Monitor-ի վերջին զեկույցի, Հայաստանը որոշակիորեն բարելավել է իր ցուցանիշները՝ միջին դիրք գրավելով բաց և փակ երկրների միջև ։ Հարևան Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների համամատ այն ավելի բարվոք ցուցանիշներ ունի և զիջում է միայն Վրաստանին (Civicus Monitor 2021)։ 

Այս համեմատական առաջընթացը պայմանավորված է 2018 թվականից հետո տեղի ունեցած մի շարք օրենսդրական փոփոխություններով։ 2018 թվականին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, որի համաձայն պարտադիր է համարվում օրենսդրական ակտերի նախագծերի՝ պարտադիր հանրային քննարկումների անցկացումը (Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք 2018): Նույն թվականին հոկտեմբերին ընդունվել է նաև «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ» կառավարության որոշումը (Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ 2018), որը նույնպես մասնակցային կառավարմանը նպաստող իրավական հիմք է: Հայաստանը ստորագրել է նաև բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնք նպաստում են հանրային մասնակցության գործընթացներին (Հայաստանում հանրային մասնակցության հարթակներ 2022, 10

Չնայած օրենսդրական տեսանկյունից Հայաստանում ՔՀԿ-ների տարածքի կրճատմանն ուղղված կոպիտ սահմանափակումներ չկան, սակայն ըստ վերջին հետազոտությունների, որոշ օրենսդրական փոփոխություններ ամեն դեպքում կարող են բացասական ազդեցություն ունենալ ՔՀԿ-ների գործունեության վրա (ՔՀԿ ինդեքս 2020; ՔՀԿ չափիչ 2021)։ Խոսքը վերաբերում է պետության առջև ՔՀԿ-ների հաշվետողականության աստիճանի խստացման հարցին։ Մասնավորապես, խնդրահարույց են համարվում օրենքով պետության առջև տարեկան հաշվետվությունների պարտադիր բնույթի սահմանումը, կամ պարտադիր աուդիտ անցնելու պահանջները։

ՔՀԿ-ների գործունեության տարածքի սահմանափակումներ առաջացնող բացասական երևույթներից է նաև 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ակտիվացած ընդդեմ քաղհասարակության ծայրահեղական, ազգայնամոլական կազմակերպությունների ու խմբավորումների ագրեսիվ գործունեությունը։ Դրանք բացեիբաց հանդես են գալիս մարդու իրավունքների, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ։

Նկատենք, որ նկարագրված հանգամանքը շատ լուրջ խոչընդոտ է դարձել հատկապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների գործունեության տարածքի կրճատման տեսանկյունից։

Եզրակացություններ և առաջարկություններ

Ամփոփելով, կարելի է ասել, որ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո սկզբնական շրջանում նկատելի էր ՔՀԿ-ների գործունեության որոշ աշխուժացում։ Դրական տեղաշարժ է նկատվել նաև Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի տեսանկյունից։

Նախ, զգալի առաջընթաց գրանցվեց հետհեղափոխական շրջանում կայացած երկու արտահերթ ընտրությունների ժամանակ։

Երկրորդ, կրճատվեց իշխանություն – հասարակություն տարածությունը, ինչը հասարակ քաղաքացիների համար բարձրացրել է կառավարման մատչելիության աստիճանը։ Կառավարությունում և Ազգային Ժողովում հայտնվել են պաշտոնյաներ, ովքեր իրենց արժեհամակարգով հարում են քաղաքացիական արժեքներին։ Դա նպաստում է կառավարման մարմիններում քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական կառավարման և ընդհանրապես լայն առումով ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների հանդեպ դրական տրամադրվածության բարձրացմանը։

Վերջին երկու տարիներին ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք նպաստավոր են կառավարման մասնակցության աստիճանի բարձրացման համար։

Նշված դրական փոփոխություններին զուգահեռ արդեն 2019 թվականից բավականին ակտիվ հակաքարոզչություն սկսվեց ծայրահեղական տարբեր կազմավորումների կողմից, ովքեր փորձում էին հասարակական  լայն շրջանակներում գցել ՔՀԿ-ների և նոր ձևավորված իշխանությունների հեղինակությունը։ Լայն առումով արշավ սկսվեց քաղաքացիական և ժողովրդավարական արժեքների դեմ, որոնք որակվում էին, որպես «հակազգային» (Արմեն Գրիգորյան, հարցազրույց)։ Ցավոք, այս արշավն ունեցավ որոշակի արդյունքներ։ Նոր ձևավորված իշխանությունները զգուշանալով հակազգային որակվելուց, որոշակիորեն դիստանցավորվեցին ՔՀԿ-ներից և որոշ դեպքերում նույնիսկ անտարբերություն ցուցաբերեցին քաղաքացիական հասարակության ու արժեքների հանդեպ սկսված ագրեսիվ արշավին։ Այս գործողություններն ու մթնոլորտը բացասաբար ազդեց ՔՀԿ-ների հասարակական վարկանիշի վրա։ Կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքում այս մթնոլորտը որոշակիորեն խորացավ։

Այս ամենը բացասաբար է ազդել նաև ՔՀԿ-ների հանդեպ հասարակական լայն շրջանակներում անվստահության աճի վրա։ Անվստահության աճին նպաստող վերը նշված «արտաքին» պատճառներից բացի կան նաև որոշ «ներքին» պատճառներ։ Դրանք կարելի է բաժանել երեք հիմնական խմբի։

Պատճառների առաջին խումբը վերաբերում է ՔՀԿ-ներ – հասարակություն փոխհարաբերություններիին։ ՔՀԿ-ները կենտրոնացած են հիմնականում իրենց ոլորտային ծրագրերի և այդ ծրագրերի շահառուները հանդիսացող մարդկանց նեղ շրջանակների վրա։ Նրանք չեն կարողանում նաև իրենց արածը լայնորեն մեկնաբանել և ներկայացնել այն որպես հասարակության համար ներդրում։

ՔՀԿ-ների աշխատանքը կատարելագործման անհրաժեշտություն ունի նաև հասարակության լայն շրջանակներում քաղաքացիական արժեքների տարածման տեսանկյունից։ Այս թերության պատճառով է նաև, որ հաճախ ՔՀԿ-ների արածը չի ընկալվում որպես արդյունք ու դիտվում է որպես Հայաստանի հիմնախնդիրներին քիչ առնչվող կամ նույնիսկ օտար պետությունների շահերին ծառայող։

Պատճառների երկրորդ խումբը վերաբերում է հենց ՔՀԿ-ների ներքին խնդիրներին։ Չնայած առանձին ոլորտներում ՔՀԿ-ների միջև առկա ցանցերին ու միավորումներին, ամեն դեպքում նրանց միջև փոխհարաբերությունները գնահատվում են ավելի շատ մրցակցային, քան՝ համագործակցային։ Այս և այլ պատճառներով նրանք չունեն նաև ընդհանուր սուբյեկտայնության ընկալում, ինչպես իրենք իրենց համար, այնպես էլ հասարակության մեջ ։ Այստեղ ՔՀԿ-ներն ունեն կարևոր անելիքներ։ Անհրաժեշտ կլինի մշակել ՔՀԿ կոլեկտիվ ինքնության ու հասարակական լայն միջավայրերի կողմից դրական ընկալում ունեցող սուբյեկտայնության ձևավորման ռազմավարություն։

Չնայած մասնակցային կառավարման ոլորտում կա որոշ դրական փոփոխություններ, սակայն այստեղ նույնպես շատ անելիքներ կան։ Առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել ինչպես հասարակության, այնպես էլ կառավարող օղակների մասնակցության կամք առաջացնող մոտիվացիան ու գիտակցությունը։ Երկրորդ, կարևոր է բարձրացնել մասնակցության որակն ու արդյունավետությունը։ Մասնավորապես, կարևոր է որ ՔՀԿ-ները ոչ միայն մասնակցեն կառավարության կազմակերպած նիստերին, այլև՝ որ այդ նիստերի ժամանակ ներկայացված առաջարկությունները արտացոլվեն քաղաքականություններում ու որոշումներում ։ Եվ վերջապես, կարևոր է մասնակցել ոչ միայն քաղաքականություների մշակման փուլին, այլև՝ իրագործման ու մոնիտորինգի (Թափանցիկության և քաղաքացիների մասնակցության ձեռնարկ 2020)։    

Ինչ վերաբերում է ՔՀԿ-ների գործունեության տարածքի ընդլայնման խնդիրներին, ապա այստեղ կարևոր է աշխատել ոչ միայն ՔՀԿ-ների գործունեության համար օրենսդրական ու ինստիտուտցիոնալ ավելի նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղությամբ, այլև՝ հասարակության հետագա «քաղաքացիականացման», քանի որ ՔՀԿ-ների տարածքի կրճատման ու սահմանափակումների հաղթահարման կարևոր ճանապարհներից մեկը քաղհասարակության միջավայրի ընդլայնումն է (Juech 2017

Ստորև կարող եք դիտել նաև նույն թեմայով և նույն ծրագրի շրջանակներում իրականացված հարցազրույցը:

Օգտագործված նյութեր

Գրքեր, հոդվածներ, հրապարակումներ

  1. Անդրեասյան Ժ․, Ժամկոչյան Ա․, Իշխանյան Ա․, Մանուսյան Ա․,Մանուսյան Ս․, 2018. Նեղացող տարածքից դեպի հետհեղափոխական տարածք․ Վերապատկերացնելով հայաստանյան քաղաքացիական հասարակության դերն ու հարաբերությունները։ Երևան․ Սոցիոսկոպ։
  2. Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին», Երևան 2021։ https://freedomhouse.org/sites/default/files/2021-07/Disinformation-in-Armenia_Am-final.pdf  
  1. Գևորգյան Վ․ 2017. Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման «Հաջորդ քայլը»։ https://www.osf.am/wp-content/uploads/2017/11/Հայաստանի-քաղաքացիական-հասարակության-զարգացման-«հաջորդ-քայլը».pdf։
  2. Թադևոսյան Ա. 2013. Քաղաքացիական նախաձեռնությունները և նոր տեխնոլոգիաները Հայաստանում, Երևան, 2013: https://www.osf.am/wp-content/uploads/2017/11/Քաղաքացիական-նախաձեռնությունները-և-նոր-տեխնոլոգիաները-Հայաստանում.pdf :
  3. Թադևոսյան Ա․ 2019. Բռնության պաշտպան ակտիվիստները․ Միմիկրիան որպես մանիպուլյացիոն հնարք․ https://www.detector.am/posts/defending-violence:
  4. Թափանցիկության և քաղաքացիների մասնակցության ձեռնարկ․ Հայաստան, Երևան, 2020: https://rm.coe.int/handbook-armenia-hye/168078bbe6
  5. Հայաստանում հանրային մասնակցության հարթակների և հնարավորությունների քարտեզագրում․ Հետազոտության զեկույց, Երևան, 2022։
  6. ՔՀԿ կայունության ինդեքս, Հայաստան։ Երևան, 2020:
  7. ՔՀԿ Չափիչ, Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում,  Հայաստանի զարգացումներ։ Երևան, 2020:
  8. ՔՀԿ Չափիչ, Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում․ Հայաստան։ Երևան, 2021:
  9. Almond G. and S. Verba.  1980. The Civic Culture Revisited  Boston: Little Brown.
  10. Almond G. and S. Verba. 1963. The Civic Culture: Political Attitudes and Democracy in Five Nations. Princeton University Press.
  11. Alscher M․, Priller E., Ratka S, Strachwitz R. 2017. The Space for Civil Society: Shrinking? Growing? Changing? The Maecenata Institute for Philanthropy and Civil Society. Berlin. https://www.ssoar.info/ssoar/handle/document/54028  
  12. Ayvazyan K. 2020. Civil Society and Democratisation in the Eastern Partnership Countries: A Shrinking Space Index. The Maecenata Institut für Philanthropie und Zivil gesellschaft. Berlin. https://bit.ly/2LivKSN.
  13. Ayvazyan K. 2019. The Shrinking Space of Civil Society: A Report on Trends, Responses, and the Role of Donors. The Maecenata Institut für Philanthropie und Zivil gesellschaft. Berlin.
  14. Grigoryan A. and H.Manasyan. 2021. Reversal of Democratic Backsliding in Armenia: Looking for Partners. Building Knowledge for CSO Cooperation in the Black  Sea Region
  15. Campbell D. 2004. What You Do Depends on Where You Are: Community Heterogeneity and Participation. Presented at Annual Meeting of Midwest Political Science Association, Chicago.
  16. Christofer S. and Paturyan Y. 2021. After the Revolution: State, Civil Society, and Democratizataion in Armenia and Georgia. https://www.frontiersin.org/articles/10.3389/fpos.2021.719478/full#B71
  17. Civicus Monitor 2021․ https://findings2021.monitor.civicus.org/․
  18. Edwards, M. (2013). Civil Society. Cambridge, UK: Polity Press.
  19. Fung, A. 2003. Associations and Democracy: Between Theories, Hopes, and Realities. Annual. Review of Sociology. 29, 515–539.
  20. Guidelines for civil participation in political decision making, https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016807509dd
  21. Glasius M. and A. Ishkanian. 2015. Surreptitious symbiosis: engagement between activists and NGOs. VOLUNTAS: International Journal of Voluntary and Nonprofit Organizations, Vol. 26, Issue 6: 2620-2644.
  22. Hirschman, Albert O. (1970): Exit, Voice, and Loyalty: Responses to Decline in Firms, Organizations, and States. Cambridge, MA
  23. Ishkanian A. 2015. Self- Determined Citizens? New Forms of Civic Activism and Citizenship in Armenia. Europe Asia Studies, Vol. 67, Issue 8: 1203-1227.
  24. Ishkanian, A., Gyulkhandanyan, E., Manusyan, S., and Manusyan, A.  2013. “Civil Society, Development and Environmental Activism in Armenia,” The London School of Economics and Political Science (London: LSE). http://eprints.lse.ac.uk/54755/.
  25. Juech C. 2017. Opening the Shrinking Global Space for Civil Society. Global Policy Journal: Durham University. https://www.globalpolicyjournal.com/blog/08/12/2017/opening-shrinking-global-space-civil-society
  26. Jurkevičienė J. and  E. Butkevičienė. 2018  Civic Participation and Engagement in Electronic Social Networks: Trends in Lithuania. Public Policy And Administration17(1): 9-23.
  27. Moyser, G., and Parry, G. 1997. “Voluntary Associations and Democratic Participation in Britain,” in In Private Groups and Public Life European Political Science Series. Editor J. V. Deth․London and New York: Routledge), 24–46.
  28. Ohanyan and Kopalyan. 2020. How to Train Your Dragon: Armenia’s Velvet Revolution in an Authoritarian Orbit,
  29. Paturyan, Y., and Gevorgyan, V. 2021. Armenian Civil Society. Societies and Political Orders in Transition. Springer International Publishing
  30. Tadevosyan A. 2016. Chalenges in transition in Post-Soviet Armenia: Protest Movements, Power, and Society. Regional Securiry Issues, Yerevan. Center for Strategic Analysis, pp. 101-114.
  31. Theiss-Morse E. and John R. Hibbing. 2005. Citizenship and Civic Engagement. Annual Review of Political Science. 8: 227-249.
  32. TRUEXEC: Trust towards Executive government, 2019. https://caucasusbarometer.org/en/cb-am/TRUEXEC/
  33. Salamon, L. M., Wojciech Sokolowski, S., and Haddock, M. A. (2017). Explaining Civil Society Development: A Social Origins Approach. Baltimore: Johns Hopkins University Press.
  34. “Unrest, Political Crisis Hit Armenia Over Nagorno-Karabakh Losses,” RFE/RL, November 10, 2020, https://www.rferl.org/a/unrest-political-crisis-hit-armenia-over-nagornokarabakh-losses/30939877.html
  35. Verba, S., Lehman Schlozman, K., and Brady, . E. 1995. “Voice and Equality,” in Civil Voluntarism in American Politics․ Cambridge and London: Harvard University Press.
  36. Warren, M. E. 2001. Democracy and Association. Princeton and Oxford: Princeton University Press.
  37. Wha t is Public Participation? European Urban Knowledge Network, https://www.eukn.eu/policy-labs/policy-lab-for-cy-publicparticipation-in-the-development-process/general-introduction/what-is-public-participation/
  38. Youngs R. and A. Exhague. 2017. Shrinking space for civil society: The EU response.  https://www.europarl.europa.eu/RegData/etudes/STUD/2017/578039/EXPO_STU(2017)578039_EN.pdf
  39. Zolyan, M. (2020). “Thirty Years of Protest: How Armenia’s Legacy of Political and Civic Protests Prepard the Velvet Revolution,” in Armenia’s Velvet Revolution: Authoritarian Decline and Civil Resistance in a Multipolar World. Editors L. Broers, and A. Ohanyan.

Օրենքներ

  1. «Տեղական ինքնակառավարման մասին օրենք»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, 24.01.2020: https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=139078
  2. ՀՀ օրենքը «Նորմատիվ իրավական ակտերի մասին», 21.03.2018, հոդված 2, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
  3. Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ, ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N

1146-Ն որոշման հավելված, կետ 21, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126002

Տեսանյութեր

  1. ԴԱՏԱ փոդքասթ․ Երիտասարդների մասնակցություն | Աննա Եղոյան | Գրիգոր Երիցյան
  2. ԴԱՏԱ փոդքասթ․ Բաց տվյալները Հայաստանում | Սոնա Բալասանյան | Լուսինե Քալանթարյան
  3. ԴԱՏԱ փոդքասթ․ Բաց կառավարման գործընկերություն | Արփինե Հակոբյան | Լիլյա Աֆրիկյան
  4. Ինչու է թիրախավորվում քաղաքացիական հասարակությունը․ զրույց Միքայել Հովհաննիսյանի հետ
  5. Աղասի Թադևոսյան. «Տարբեր ֆորմատներով գործող քաղաքացիական սեգմենտների համագործակցությունը»
  6. Քաղաքականություն և մշակույթ, 2020. Սոնա Այվազյան, Գայանե Աբրահամյան

[1] Աղասի Թադևոսյանը, սոցիալական մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու։ Դասավանդում է ԵՊՀ մշակութաբանության, Հնագիտության և ազգագրության ամբիոններում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Զբաղվում է Հայաստանի արդի սոցիալմշակութային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Հեղինակ է մի շարք մենագրությունների և շուրջ հարյուր գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են հայերեն, անգերեն, գերմաներեն, հունարեն, ռուսերեն լեզուներով։ 

Դիտեք նաև՝

Search