Play Video

Ներածություն

Հանքարդյունաբերության ոլորտի մասին խոսելիս կամ ավելի կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող բախումների մասին խոսելիս, մենք կարող ենք նկատել, որ այստեղ բախվում են երեք հիմնական դիսկուրսներ՝ 1) առաջինը դա տնտեսական աճի կամ տնտեսական դիսկուրսն է, որը պնդում է, որ մեզ այս ոլորտը օդի ու ջրի նման անհրաժեշտ է, քանի որ մեզ տալիս է աշխատատեղեր, պետական բյուջեն լցնում է հարկային մուտքերով, հնարավոր է իրականացնել արտահանում 2) երկրորդ դիսկուրսը՝ սոցիալական արդարության դիսկուրսն է, որը չի ասում, որ առհասարակ դեմ է հանքարդյունաբերությանը, սակայն շեշտադրում է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է կառուցված լինի սոցիալական արդարության սկզբունքների հիման վրա, այսինքն այն պետք է ունենա հավասար օգուտներ և հավասար ծախսեր բոլորի համար 3) երրորդ դիսկուրսը դա այսպես կոչված զուտ բնապահպանական դիսկուրսն է, որի դեպքում մերժվում է այս ոլորտն ինքնին: Այս դեպքում կարևոր չէ հանքարդյունաբերության ոլորտը ինչպիսի տնտեսական աճ կարող է ապահովել կամ ինչպես կարող է լուծել զբաղվածության հարցը, այստեղ կարևոր է բնության պահպանությունը՝ սարը պետք է մնա սար, անտառները չպետք է հատվեն հանքերի համար, ջրային մարմինները պետք է չաղտոտվեն և այլն:

Այս երեք դիսկուրսները գտնվում են մշտական պայքարի մեջ: Այսօր մենք ավելի շատ կխոսենք սոցիալական արդարության դիսկուրսի մասին հանքարդյունաբերության մեջ՝ ելնելով մեր զեկույցների թեմատիկ ուղղվածությունից: Սակայն միևնույն ժամանակ շատ կարևոր է սոցիալական արդարության այս դիսկուրսը դիտարկել մյուս երկու դիսկուրսների հետ որոշակի համատեքստում, քանի որ կարծում եմ դա կարող է շատ հարցերի վրա լույս սփռել:

Նախքան բուն զեկույցին անցնելը ես կցանկանայի ֆրանսիացի սոցիոլոգ ժան Բոդրիարի «Սպառողական հասարակություն» գրքից մեկ մեջբերում անել, որը հետագայում հնարավորություն կտա զուգահեռներ անցկացնել սոցիալական արդարության և տնտեսական աճի հիմքերի վրա արդարացում գտած հանքարդյունաբերության ոլորտի միջև: Բոդրիարը գրում է՝ «…աղքատությունն անհաղթահարելի է ոչ այն պատճառով, որ այն ծնվում է աղքատ թաղամասերում կամ հետնախորշերում, այլ այն պատճառով, որ այն ծնվում է սոցիալ-տնտեսական կառուցվածքում… միլիարդավոր դոլարներ կծախսվեն աղքատության ուրվականի միայն տեսանելի մասի դեմ պայքարելու համար, քանի դեռ այդ պայքարն արդարացնում է «աճի» միֆը: Պետք է ավելի հեռուն գնանք և խոստովանենք, որ իրական աղքատությունը հենց միֆ է, որից էլ հենց սնվում է աճի միֆը: Աճի միֆն էլ իր հերթին տպավորություն է ստեղծում, թե կոշտ միջոցներով պայքարում է աղքատության դեմ, սակայն միևնույն ժամանակ վերարտադրում է այն՝ իր թաքնված նպատակներին համապատասխան»[1]:

 

Լողացող օրենսդրական կարգավորումները և միջազգային առաջավոր փորձը

Մեզ ասում են, որ հանքարդյունաբերության ոլորտը այն ոլորտներից է, որը կարող է ստեղծել տնտեսության զարգացման, աշխատանքի և ապրուստի միջոցների ապահովման հնարավորություններ երկրի այն տարածքներում, որտեղ այլ ոլորտների զարգացման հնարավորությունները սահմանափակ են: Սակայն միևնույն ժամանակ այն սկզբունքորեն կապված է սոցիալական անարդարության հետ: Արդեն ասացինք, որ հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական արդարության դիսկուրսը, չի պնդում, որ առհասարակ դեմ է հանքարդյունաբերությանը, սակայն շեշտադրում է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է կառուցված լինի սոցիալական արդարության սկզբունքների հիման վրա, այսինքն այն պետք է ունենա հավասար օգուտներ և հավասար ծախսեր բոլորի համար: Սակայն այստեղից առաջ են գալիս մի շարք հարցեր, մասնավորապես 1) ո՞ր օգուտները և ծախսերը պետք է հաշվի առնվեն (կան որոշակի ակնհայտ օգնուտներ, ինչպես օրինակ հարքարդյունաբերության ոլորտից ստացված եկամուտներն են, որոնք կարող են ունենալ մոնետար տեսք և կան թաքնված օգուտներ, իսկ խնդիրը ավելի դժվար է դառնում ծախսերի դեպքում՝ օրինակ ինչպես է պետք հաշվել հանրային առողջության հետ կապված ծախսերը կամ բնապահպանական ծախսերը) 2) երկրորդ հարց՝ ի՞նչ է նշանակում հավասար (ինչպե՞ս է որոշվում և հաշվարկվում այդ հավասարությունը, ինչ մեթոդաբանությամբ)  3) և երրորդ ամենակարևոր հարցը՝ ովքե՞ր են այդ բոլորը, ում համար պետք է ապահովել այդ հավասարությունը:

Ակնհայտ է, որ հանքարդյունաբերության ոլորտը կապված է մի շարք հիմնախնդիրների հետ, մասնավորապես ոլորտից ստացված եկամուտների արդարացի բաշխման հարցը, կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում բացասական բնապահպանական, առողջական և սոցիալական ազդեցությունների, տարբեր սոցիալական խմբերի համար այս ազդեցությունների բեռի անհավասար բաշխումը, հողազրկումը և ապրուստի միջոցների կորուստը, ոլորտի թափանցիկության պակասը, հանրային մասնակցության սահմանափակումները և որոշումների կայացման ոլորտում նրանց ձայնի անտսեումը և այլն: Ահա մի շարք հարցեր առաջացնող խնդիրներից մի քանիսը, որոնք ակնհայտորեն կարող ենք կապել «սոցիալական արդարության» հիմնահարցի հետ:

Թվում է, թե այսպես կոչված միջազգային առաջավոր գործելակերպը կամ ավելի հայտնի «միջազգային ստանդարտները» տալիս են այս հարցերի լուծումները: Միջազգային առաջավոր գործելակերպն առաջարկում է հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպման հիմնասյուն սահմանել «կայունության» սկզբունքը: Այն կոնցեպտուալ շրջանակ է, որի շուրջ կառուցվում է միջազգային առաջավոր գործելակերպի սկզբունքները և չափորոշիչները: Կայուն է համարվում հանքարդյունաբերության այն ոլորտը, որը համահունչ է կայունության բոլոր երեք բաղադրիչներին՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական:

«Կայունության» պահանջները որոշակի ասպեկտներով հարում են սոցիալական արդարության պահանջին, քանի որ անդրադառնում են հանքարդյունաբերական գործունեության օգուտների և ծախսերի արդարացի բաշխմանը, ազդակիր համայնքների զարգացման պահանջներին, ազդակիր խմբերի, համայնքների մասնակցության ապահովմանը որոշումների կայացման գործընթացում, առողջապահական ազդեցությունների կառավարմանը և այլն: Կան այսպես կոչված ամբողջ գրադարաններ ոլորտային ուղեցույցերի, կառավարման շրջանակների, զեկույցների և ստանդարտների: Բոլորը բաց հասանելի դրված են համացանցում և առաջին հայացքից, երբ այդ կառավարման շրջանակները և ուղեցույցերը կարդում ես, տպավորությունը դրական է, թվում է՝ որոշակի չափով հարցին լուծում է տրվում:

Սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում, հանքարդյունաբերության ոլորտում «կայունության» կամ սոցիալական արդարության այս սկզբունքները «օդում լողացող» են, քանի որ չնայած այս սկզբունքները ամրագրված են միջազգային կոնվենցիաներով և հռչակագրերով, սակայն տեղական օրենսդրական դաշտում այդ սկզբունքները չեն ստանում կոնկրետ իրավական ուժ՝ իրենց կոնկրետ իրավական հետևանքներով, և ոլորտային քաղաքականություն մշակողները և կիրառողներն ազատ են այն մեկնաբանել այնպես ինչպես իրենց է շահավետ: Մյուս կողմից, այս ուղեցույցերը կամ ստանդարտներն իրենք թերություններից զուրկ չեն և միշտ չէ, որ պատշաճ կերպով անդարդառնում են հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ազդեցություններին և սահմանում են հստակ, շոշափելի մեխանիզմներ: Օրինակ, եթե նայենք ՄՖԿ (IFC) «Հանքարդյունաբերության ոլորտի համար բնապահպանական, առողջության և անվտանգության»[2] ուղեցույցը, որը ենթադրվում է, որ պետք է պատասխանի այն հարցին, թե ինչ երկարաժամկետ առողջապահական ազդեցություն կարող է ունենալ հանքը ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա, սակայն իրականում ոչինչ չի խոսում երկարաժամկետ առողջապահական ազդեցությունների մասին (ինչպես օրինակ նորագոյացություններն են, նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, բնածին արատներով ծնունդները և այլն): Եթե օրինակ այս փաստաթղթում CTRL+F ֆունկցիայով փնտրենք «chronic diseases» կամ «noncommunicable diseases» ապա կարող ենք պարզել, որ հանքարդյունաբերության ոլորտի հետ կախված երկարաժամկետ հատվածում ի հայտ եկող հիվանդությունները կապված են միայն շնչառական վարակիչ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ (օրինակ՝ տյուբերկուլյոզ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել հանքի շահագործման տարածք նոր տեղափոխված աշխատակիցների պատճառով): Իսկ եթե հանքը նոր բացված չէ և շարունակում է 60 տարի և ավել գործել՝ այս մասին ոչ մի խոսք:

Մյուս կողմից, այս  միջազգային ստանդարտները կիրառությունը տեղական մակարդակում ևս խնդրահարույց է: Օրինակ ՄՖԿ ստանդարտները պարտադիր չեն բոլորի համար և կիրառում են այն հանքերը, որոնք ֆինանսավորում են ստանում այս կառույցից: Այսինքն այստեղ կամավորության սկզբունքն է գործում: Կան միջազգային ստանդարտներ, որոնք պարտադիր են, սակայն թերի է դրանց կիրարկումը: Հայաստանը, օրինակ, միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի, որոնք ուղղված են հանքարդյունաբերության ոլորտում ծավալվող գործունեության կառավարմանը կամ իրավական կարգավորման ապահովմանը[3]: Այսպես կոչված զարգացման «կայունության» սկզբունքը թեև որոշակի չափով արտացոլված է ՀՀ օրենսդրական դաշտում և ընդունվել է վավերացված միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի միջոցով, սակայն իրականում այն «անորսալի» է, քանի որ «այդ կոնվենցիաների և համաձայնագրերի կատարման հետ կապված հարցերը ներպետական մարմինների և լիազորված կառույցների կողմից հիմնականում հատուկ չեն վերահսկվում կամ հայտարարագրվում»[4]: Օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև միջազգային չափորոշիչները չեն սահմանում այն մեթոդաբանական սկզբունքները և վերահսկման մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային առավել շոշափելի դարձնել կայունության բաղադրիչը կոնկրետ հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեության գնահատման համար: Հանքարդյունահանող կազմակերպությունների համար «կայունության» սկզբունքների պահպանումը կարճաժամկետ հատվածում ենթադրում է ռեսուրսների կորուստ և ծախսերի ավելացում, ուստի վերջիններս կարճաժամկետ հատվածում չունեն այս սկզբունքների պահպանման և կիրառման շահագրգռվածություն այնքանով, որքանով այդ սկզբունքները տեղական օրենսդրական պահանջների մաս չեն կազմում և չեն առաջացնում իրավական հետևանքներ: Տեղական հանքարդյունաբերական կազմակերպությունները հակված են հետևել միջազգային առաջավոր գործելակերպին և կիրառել սահմանված չափորոշիչները այն դեպքում, երբ դիմում են միջազգային ֆինանսական կազմակերպություններին ֆինանսական ներդրումների ներգրավման համար, ընդ որում այս սկզբունքների կիրառումն իրենց կարող են թույլ առավելապես մեծ հանքարդյունագործական ընկերությունները, քանի որ սահմանված միջազգային չափորոշիչների պահպանումը ենթադրում է ֆինանսական լրացուցիչ ծախսեր: Արդյունքում, «կայուն զարգացման» սկզբունքները, թեև շրջանառվում են քաղաքականությունների մակարդակում, սակայն հիմնականում չեն ստանում կոնկրետ գործողությունների տեսք, քանի որ մի կողմից այն առավելապես իրենց ներկայացնում է հիպոթետիկ կոնստրուկտ, որը շրջանառվում է դիսկուրսիվ մակարդակում և ենթադրվում է, որ հստակեցված և սահմանված չեն նրա մաս կազմող բաղադրիչները, մյուս կողմից թվում է, այն հնարավոր չէ գնահատել կոնկրետ հանքարդյունաբերական գործունեությունների համար, հետևաբար, վերջիններիս տեսանկյունից «իմաստ չկա» հետևել այս սկզբունքներին:

Մյուս կողմից, սահմանված նորմերը կարող են կիրառվել՝ միևնույն ժամանակ ունենալով չկիրառվելու ազդեցություն: Մեկ օրինակ բերեմ, թե ինչպես կարող է հանքարդյունաբերությունը նույնիսկ պահպանելով սահմանված նորմերը կամ չափորոշիչները, միևնույն ժամանակ խախտել դրանք: Մենք աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Համբախի հանքում էինք, որը ամենամեծ ածխի հանքերից մեկն է աշխարհում և նախատեսվում է, որ ծածկելու է շուրջ 6000 հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ նախատեսվում էր 9 գյուղ տարաբնակեցնել հանքի ընդլայնման համար և այդ գործընթացը ընթացի մեջ էր (2016 թվականն էր): Գյուղերից մեկը մինչև վերջ  դեմ է եղել տարաբնակեցմանը և թույլ չի տվել տարաբնակեցում իրականացնել: Մյուս բոլոր գյուղերն այսպես ասած «հանձնվել» են: Պատկերացրեք գյուղ, որի վարչական տարածքը մոտ 100 հեկտար է, հանքը նախատեսվում է, որ ծածկելու է շուրջ 6000 հեկտար տարածք: Եվ ինչ են անում են հանքարդյունահանողները: Ֆորմալ առումով նրանք գյուղի տարաբնակեցում չեն իրականացնում: Բնակիչները դեմ են՝ չենք իրականացնում սկզբունքով: Սակայն գյուղի չորս կողմում փորում են հանքը: Գյուղը ասես կղզի լինի հանքի մեջ: Մարդիկ ստիպված են ապրել վատթարացած էկոլոգիական միջավայրում՝ հենց հանքի հարևանությամբ կղզիացած տարածքում: Արդյոք սա արդարացի է նրանց նկատմամբ: Ի վերջո նրանք ստիպված են լքել իրենց բնակավայրերը թեև ֆորմալ առումով դեմ են եղել տարաբնակեցմանը: Եվ սա տեղի չի ունենում ինչ-որ թերզարգացած կամ զարգացող երկրում, սա տեղի է ունենում Գերմանիայում: Միջազգային առաջավոր գործելակերպի համաձայն մարդիկ պետք է ունենան «ոչ» ասելու հնարավորություն և այդ «ոչ»-ը պետք է ընդունվի: Այս դեպքում, այդ իրավունքը պահպանվել է, սակայն գործել է ի վնաս բնակիչների:

Մենք ունենք մի իրավիճակ, երբ դիսկուրսիվ մակարդակում ակտիվորեն շրջանառում ենք հանքարդյունաբերության ոլորտում «կայունության» և «սոցիալական արդարության» գաղափարները, սակայն գործնականում դրանք չեն ստանում իրենց արտահայտման ձևերը, քանի որ քաղաքականություն մշակողները ազատ են դրանց մեկնաբանություններում, կիրառողները՝ չունեն գործիքներ և լծակներ, շահագործողները՝ ազատ են դրանք կիրառել կամ չկիրառել:

Աղքատության և հանքարդյունաբերության մասին

Մեզ համոզում են, որ հանքարդյունաբերության ոլորտը նպաստում է տնտեսական աճին, հետևաբար և տնտեսական աճի ապահովման միջոցով աղքատության հաղթահարմանը և ինտուիտիվ մակարդակում այս պնդումը կարծես թե ճիշտ է թվում: Աղքատ երկրները կարող են շահագործել մետաղական հանքեր, ինչպես օրինակ ոսկին է, պղինձը, մոլիբդենը և դա կարող է նրանց հսկայական եկամուտներ բերել: Սակայն իրականում էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերությունը ավելի շատ նպաստում է այդ աղքատության խորացմանը, քան հաղթահարմանը: Այն արդյունքները, որ մեզ խոստանում են միջազգային կազմակերպությունները, ինչպես օրինակ Համաշխարհային բանկ է, որ հիմնական մանդատներից մեկը աղքատության հաղթահարումն է և որը խրախուսում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը որպես տնտեսական աճին ուղղված գործունեություն, որն օգնելու է հաղթահարել աղտաքատությունը, իրականում ձախողված է: Մեզ կարող են հակառակը համոզել բոլոր այն տնտեսագետները, ովքեր աղքատությունը կապում են մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի հետ, սակայն ոչինչ չեն խոսում այդ ՀՆԱ-ի ներառողականության մասին և աղքատության տարբեր չափումների մասին: Մինչ 2000-2001 թվականը ՀԲ-ն ընդունել է աղքատության հենց այս սահմանումը և միայն հետո է ընդունել աղքատության չորս չափումներ ունեցող սահմանումը՝ Համաշխարհային զարգացման հաշվետվությամբ, որում աղքատությունը սահմանված է որպես 1) նյութական զրկում 2) կրթության և առողջության ցածր մակարդակ 3) խոցելիություն և ռիսկերի նկատմամբ անպաշտպանվածություն 4) ձայնազրկություն և անզորություն [5]

Եթե վերցնենք հենց այս չորս չափումները, ապա կարող ենք նկատել, որ բոլոր չորս չափումներով էլ հանքարդյունաբերությունն ունի իր բացասական ազդեցությունները:

1) նյութական զրկում –  հանքարդյունաբերությունն ազդում է նյութական ռեսուրսների հասանելիության վրա՝ գյուղատնտեսական հողատարածքներ, անտառներ, մաքուր ջրային ռեսուրսներ, զբոսաշրջային տարածքներ և այլն: Իրականում, ստեղծված աշխատատեղերին հասանելիություն չեն ունենում աղքատ մարդիկ: Ռեսուրսների և օգուտների բաշխումն այստեղ խիստ անհավասարաչափ է, ինչը խորացնում է սոցիալական բևեռացումը:

2) կրթության և առողջության ցածր մակարդակ – ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երկրները որոնք կախված են նավթից և մետաղական հանքերից ավելի քիչ ռեսուրսներ են ծախսում կրթության վրա: Հանքարդյունաբերությունը բացասական է ազդում հանրային առողջության վրա, և այս հարցում ավելի խոցելի են հենց աղքատ ընտանիքները:

3) խոցելիություն և ռիսկերի նկատմամբ անպաշտպանվածություն – այն պետությունները, որոնք կախված են նավթի և հանքային ռեսուրսների արտահանումից ավելի խոցելի են տնտեսական ցնցումների նկատմամբ, առավել մեծ է այս երկրներում քաղաքացիական պատերազմների հավանականությունը (ինչպես օրինակ տեղի ունեցավ Սիերա Լեոնում 1991-2002թթ. ընթացքում), հանքարդյունաբերության ստեղծած բացասական բնապահպանական ազդեցությունների նկատմամբ առավել խոցելի են հենց աղքատները, որոնց դեպքում պահանջվում են ավելի շատ ռեսուրսներ և ջանքեր այդ ազդեցությունները հաղթահարելու համար, ներքին միգրացիան և ինֆլյացիան կարող են ստեղծել խնդիրներ:

4) ձայնազրկություն և անզորությունայն պետությունները, որոնք կախված են նավթի և հանքային ռեսուրսների արտահանումից ավելի պակաս ժողովրդավար են և առավել շատ կառումպացված են: Թեև խոսվում է որոշումների կայացման գործընթացներում ազդակիր մարդկանց և համայնքների մասնակցության մասին, սակայն մենք բոլորս էլ գիտենք, թե որքան ձևական է այդ մասնակցությունը շատ դեպքերում:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչու են այս միջազգային կազմակերպությունները շարունակում հավատալ այն պարադիգմին, որ հանքարդյունաբերությունը կարող է օգնել հաղթահարել աղքատությունը: Ինչու տեսական մակարդակում այն հայտարարությունները, որ հանքարդյունաբերությունը կարող է օգնել հասնել բարեկեցության, գործանականում արդյունք չեն տալիս: Ահա սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես կցանկանայի տալ մեկ օրինակով:

Ամփոփում

Երբ միջազգային զարգացման բանկերից մեկի հրավերով ես մասնակցում էի մի կոնֆերանսի, որն ուղղված էր զարգացող երկրներում աղքատության հաղթահարմանը, և մենք մնում էինք ամենաթանկ հյուրանոցներից մեկում, իմ ավիատոմսի համար վճարել էին մոտ 2000 դոլար, համաժողովի համար վարձակալված էր լավագույն դահլիճներից մեկը՝ իր բոլոր ընդմիջումներով, ու ինձ նման այդ համաժողովին մասնակցում էին շուրջ 120 մասնակիցներ, ես հասկացա, որ մեր և կազմակերպիչների նպատակը բոլորովին էլ աղքատությունը հաղթահարելը չէ, քանի դեռ մեզ համար շատ ավելի կարևոր է մասնակցությունը որպես գործընթաց, քան դրա արդյունքները: Եվ նույնն էլ հանքարդյունաբերության դեպքում է: Մենք պետք է հասկանանք, որ հանքարդյունաբերության նպատակը աշխատատեղեր ստեղծելը և սոցիալական խնդիր լուծելը չէ: Հանքարդյունաբերության նպատակը շահույթ ստանալն է: Մենք չենք կարող զուտ կապիտալիստական դիսկուրսով առաջ շարժվող երևույթը տեղավորել «սոցիալականի» համատեքստում և դրան սոցիալական բաղադրիչների (զբաղվածություն, աշխատատեղեր, համայնքների զարգացման պահանջ և այլն) միջոցով տալ մարդկային դեմք, քանի դեռ տարբեր են դրանց մոտիվացիաները և նպատակները: Եվ ինչպես Բոդրիարն էր ասում, որ տնտեսական աճը կշարունակի սնել աղքատությունը, քանի դեռ այն արդարացնում է ինքն իր գոյությունը, նույնպես էլ մենք փորձում ենք հանքարդյունաբերության մեջ տեղավորել «սոցիալական» բաղադրիչը, որը թվում է թե կօգնի արդարացնել իր գոյությունը: Իսկ հանքարդյունաբերությունը կդիմի այդ սոցիալականի օգնությանը, քանի դեռ այն օգնում է ինքն իրեն լեգիտիմացնել: Իսկ հանքարդյունաբերության ոլորտում «կայունության» կամ «արդարության» կոնցեպտները գեղեցիկ փաթեթավորումներ, որոնք լղոզում են պատկերը և տպավորություն ստեղծում, որ ամեն ինչ հնարավոր է կառավարել և արդարացի բաշխել, այնինչ իրականում այս գաղափարներն արգելակվում են այս ոլորտի շուրջ իրական հարցադրումների բարձրացումը. Արդյունքում ստացվում է, որ ամեն ինչ արվում է «կայունության» սկզբունքներին համապատասխան, ուղղակի, ցավոք, տարբեր են այդ կայունության վերաբերյալ մեր պատկերացումները:

[1] Бодрийяр, Жан. Общество потребления. Его мифы и структуры. Перевод на русский язык: Е. А. Самарская. — М., 2006. // Электронная публикация: Центр гуманитарных технологий. — 26.10.2008.

[2] Տես ավելին՝ https://www.ifc.org/wps/wcm/connect/1f4dc28048855af4879cd76a6515bb18/Final++Mining.pdf?MOD=AJPERES

[3] Օրինակ՝ Միավորված ազգերի իրավական պաշտպանության, ապահովման, պահպանման և միջոցների շրջանակային փաստաթուղթը, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան, Կիևի արձանագրությունը ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) և այլն:

[4] «Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացում: Ոլորտի խնդիրների փաստաթուղթ», Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ/Համաշխարհային բանկ, 2013, Վաշինգտոն, էլ հղում՝ այստեղ

[5] The World Bank. World development report 2000/2001: attacking poverty. Oxford: Oxford University Press; 2001.

Դիտեք նաև՝

Search