Կլիմայի փոփոխության մասին գիտությունը տեղյակ էր դեռևս 20-րդ դարի կեսին, երբ գիտնականներն արդեն գրանցում էին մոլորակի տաքացումը՝ պայմանավորված ջերմոցային գազերի արտանետմամբ։ Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր՝ հանածո վառելիքի ագրեսիվ շահագործման և լայն կիրառման արդյունքում ջերմոցային գազերի արտանետման և կուտակման զգալի աճ է գրանցվում, ինչն էլ հանգեցնում է մոլորակի տաքացման և տարբեր էկոհամակարգերում շատ մտահոգիչ փոփոխությունների։
Մասնավորապես՝ սառցադաշտերի հալքը և ծովի մակարդակի բարձրացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան կանխատեսում էին գիտնականները։ Դրանից բխում են ոչ միայն շրջակա միջավայրի կայուն կառավարմանն առնչվող, այլև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Արդեն կան կլիմայի փոփոխությամբ պայմանավորված փախստականներ, որոնք Խաղաղ օվկիանոսի որոշ փոքր կղզի-պետություններից տեղափոխվել են Ավստրալիա և Նոր Զելանդիա, քանի որ իրենց երկրներում հողերն այլևս պիտանի չեն գյուղատնտեսական նպատակով մշակման համար։
Հայաստանում վերջին 100 տարվա կտրվածքով արձանագրվել է 1,2 Ցելսիուս ջերմաստիճանի տաքացում, որը միջինից բարձր ցուցանիշ է։ Թվում է, թե սա մեծ խնդիր չէ, բայց իրականում այս ընթացքում գրացվել են շրջակա միջավայրին առնչվող շատ լուրջ համակարգային խնդիրներ, ինչպիսիք են լեռնային սառցադաշտերի հալքը և աղբյուրի ջրի կրճատումը։ Տարածաշրջանում (և՛ Արևելյան Եվրոպա, և՛ Հարավային Կովկաս, և՛ Կենտրոնական Ասիա) Հայաստանը համարվում է կլիմայի փոփոխության տեսանկյունից չորրորդ ամենախոցելի երկիրը։