Play Video

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը նախատեսում է պետության հիմանդրույթային պարտականություններից մեկը՝ շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը։ Ըստ այդ հոդվածի՝

1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Սահմանադրությամբ շատ քիչ պարտականություններ են նախատեսված անհատների համար։ Շրջակա միջավայրի պահպանությունն այն հատուկ իրավիճակներից է, որտեղ Սահմանադիրն արժանի է համարել յուրաքանչյուր ոքի պարտականությունը հատուկ շեշտադրել։ Նման կշռի պարտականություններ են հայրենիքի պաշտպանության և հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ մուծելու պարտականությունները, որոնք նույնպես նախատեսված են Սահմանադրությամբ։

Որպես անհատական իրավունք՝ առողջ միջավայրի իրավունքն ուղղակիորեն առնչվում է սննդարար սննդի, մաքուր ջրի, մաքուր օդի և այլ արժեքների հետ, որոնք առհասարակ իմաստալից են դարձնում մարդու իրավունքների ամբողջ էկոհամակարգը։ Պաշտպանված շրջակա միջավայրը կարելի է նույնիսկ համեմատել խաղաղության արժեքի հետ․ մենք մշտապես վայելում ենք դրա բարեբեր ազդեցությունը՝ չգնահատելով դրա արժեքը մինչև այն պահը, երբ սկսում ենք զգալ դրա պակասը, և այդ պահին իրապես վտանգվում է մարդու իրավունքների ողջ էկոհամակարգը։

Բնապահպանական իրավունքների էվոլյուցիան գերակշռաբար 20-րդ դարի իրողություն է․ 1972թ․ Ստոկհոլմի հռչակագրում պետությունները թերևս առաջին անգամ այդ շրջանակով և այդ խորությամբ կարևորություն տվեցին շրջակա միջավայրի պաշտպանությանը և հատուկ այն կապակցեցին մարդու բարօրության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Ստոկհոլմի կոնֆերանսին հաջորդած տարիներին 100-ից ավելի պետություններ իրենց Սահմանադրություններում կամ հիմնական օրենքներում արձանագրեցին շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պետությունների պարտականությունները, որոնք միջազգային հարահոսի ազդեցության տակ աստիճանաբար սկսեցին կապակցվել անհատական իրավունքների հետ, և ի վերջո մի շարք պետություններում առողջ շրջակա միջավայրի իրավունքը, առնվազն դատական պրակտիկայի մակարդակում, ճանաչված իրավունք է։

Դիտեք նաև՝

Search