Play Video
Կորպորացիաներ և մանիպուլյացիաներ. հանքարդյունաբերության միջազգային և հայաստանյան փորձը | Միլենա Բաղդասարյան

Տարբեր տրանսնացիոնալ կորպորացիաներ հաճախ դիմում են զանազան մանիպուլյացիաների, որոնց մեջ երբեմն ներքաշվում են պետական կառույցների ներկայացուցիչներ: Այդ մանիպուլյացիաների վերաբերյալ տարբեր հետազոտություններ են իրականացվել և դատավճիռներ կայացվել:
Դրանց մասին լավ ամփոփում է գրել Ստյուարտ Կիրշը «Հանքարդյունաբերական կապիտալիզմ» գրքում:


Դևիդ Կուպերսը, Էնն Մաեսթը և այլ հետազոտողներ համեմատել են ԱՄՆ-ում բազում հանքավայրերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներն իրական աղտոտումների հետ: Նրանք եկել են այն եզրակացության, որ հանքարդյունաբերողներն իրենց նախնական գնահատականներում սիստեմատիկ կերպով թերագնահատում են նախագծի ազդեցությունը շրջակա միջավայրի, հատկապես՝ ջրի որակի վրա: Մյուս կողմից, նրանք հաճախ գերագնահատում են մեղմացնող մեթոդների արդյունավետությունը:
Հետազոտողների ուսումնասիրած գրեթե բոլոր հանքերում, որոնք ջրային ռեսուրսների մոտակայքում էին գտնվում և ունեին թթվային դրենաժի (թթվի բնական արտադրության) միջին կամ բարձր պոտենցիալ, վերգետնյա և ստորգետնյա ջրերի աղբյուրների աղտոտումը գերազանցել էր թույլատրելի նորմերը: Մինչդեռ շահագործողի գնահատականները շատ ավելի մեղմ էին:


Հաճախ հանքարդյունաբերությունը ներկայացվում է որպես զարգացման կարևոր ուղի աղքատ երկրների համար. շեշտվում է ստեղծվող աշխատավայրերի քանակը, շահույթն ազդակիր համայնքների բնակիչների համար, աղքատության հաղթահարումը, բյուջեի համալրումը: Այս հիպոթեզը, որ մետաղական պաշարներ ունեցող երկրներն ավելի շահավետ դիրքերում են, քան դրանք չունեցողները, հատկապես տարածված էր 1960-ական թվականներին, երբ բավականաչափ փաստեր չէին հավաքվել:

Սակայն տնտեսագիտական մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ մետաղական տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճը և սոցիալական բարեկեցությունը զիջում են ոչ մետաղական տնտեսություններին, որոնք զարգացման նույն մակարդակի վրա են գտնվում:

Դիտեք նաև՝

Search