Play Video

Պատերազմին և խաղաղությանը նվիրված 18-րդ դարի տեսաբանությունը, որի ներկայացուցիչներից մեկը Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն լա Բրեդ և դը Մոնտեսքյոն է, զգալիորեն տարբերվում է նախորդ բանախոսության հեղինակի՝ Թոմաս Հոբսի հարացույցից, քանի որ այդ շրջանի մտածողների մոտ միանգամայն այլ էին ազատության մասին պատկերացումները, իսկ ազատությունը, ինչպես գիտենք, քաղաքական բոլոր իզմերի խնկարկած գլխավոր արժեքն ու իդեալն է: Չկա քաղաքական մի –իզմ, որը չի տալիս ազատության, այն ընդլայնելու՝ ազատությանը թև և ճախրանք տալու խոստում, ուրիշ հարց է, որ տարբեր են նրանց տված «ո՞ր ազատության» և «ազատություն ինչի՞ց» հարցերի պատասխանները:

Հոբսի մոտ դրված էր ազատություն կանխահաս մահից արժեքը, իսկ նրա տեսությունն էլ արմատապես վերանայելով բնական իրավունքի կանխադրույթը՝ մարդկային գոյությունը հավասարեցնում էր մեն մի՝ ինքնապահպանության իրավունքին, որից ածանցելով էլ՝ հանգում այն եզրակացությանը, թե մարդը միայն մի շարժառիթ ունի գործելու համար և այդ շարժառիթը սեփական շահերի հետամտումն է: Նրա այս տեսակետները չէին կիսում 17-րդ դարավերջի և 18-րդ դարի մտածողների մեծ մասը, որոնք ոչ միայն խորշում էին ազատության հոբսական պատկերացումներից, այլև հրաժարվում էին ընդունել, որ ինքնաշահը կարող է լինել մարդկային կյանքի միակ մարդաբանական նկարագիրն ու միակ բացատրությունը, բայց ոչ էլ ի սպառ հրաժարվում էին այդ գաղափարից՝ համարելով, որ շահն, այո, կարևոր գործոն է, բայց որ այն ոչ թե գրավականն է պատերազմի, ինչպես դա Հոբսն էր ասում, այլ գրավականը խաղաղության:

Տրամաբերական, այսինքն՝ դիսկուրսիվ, այս տարամետությունը ուրիշ ոչ մեկի մոտ այնքան ցայտունորեն չի արտահայտվում, որքան հակասությունների կծիկ համարվող Մոնտեսքյոյի, որն ապրել է 1689-ից 1755 թվականներին: Իրականում, Մոնտեսքյոյի տեսաբանության ելակետը հենց Հոբսն է, իսկ նրա նպատակն էլ՝ հոբսականությանը երկընտրանք առաջարկելը, ինչպես նա անթաքույց կերպով հստակեցնում է իր հայտնի՝ 1748 թվականին տպագրված «Օրենքների ոգին» աշխատության առաջին իսկ էջերում: Գրքի հենց առաջին գլխում, որտեղ նա անդրադառնում է բնական վիճակի հարցին, Մոնտեսքյոն, ի տարբերություն Հոբսի, որը մարդուն համարում էր եսապաշտ և անընկալուչ, կարծում է, առաջ քաշելով իր օնթոլոգիական պնդումը, որ մարդը երկչոտ, վեհերոտ, խաղաղաբարո, ռազմատյաց և ոչ թե(lll) ռազմաշունչ, կռվատյաց և ոչ թե (lll) կռվարար, մարտատյաց և ոչ թե(lll) մարտատենչ արարած է, որ մարդկային նվաճողականությունը, մարդկային քինախնդրությունն ու ընդդիմամտությունը առաջանում են, երբ բնության զավակ մարդը դառնում է հասարակության զավակ, երբ տեղի է ունենում մարդու շփումը մարդու հետ հասարակայնացման ժամանակ, այն է թե՝ այն ժամանակ, երբ մարդը դառնում է կախյալ և փոխկախյալ:

Մյուս կողմից էլ, սակայն, հենց նույն դը Մոնտեսքյոն, որը քաղաքական մտքին ժառանգել է իշխանության զսպումների և հավասարակշռությունների, իշխանության ճյուղերի տարանջատման գաղափարները, պատմության մեջ նաև մնացալ է որպես առևտրային խաղաղության թեզի հեղինակ, որպես հեղինակը պնդման, թե միջազգային առևտուրը հանգեցնում է միջպետական խաղաղության, քանի որ տուրևառության և վաճառաշահության հարաբերությունների մեջ գտնվող պետությունները, այսինքն՝ իրար հետ առևտրով զբաղվող պետությունները, ակամա դառնում են փոխկախյալ, հետևաբար՝ ավելի մեղմաբարո, դաշնակցահակ, խաղաղասիրտ և հաշտասեր: Մտքի տարօրինակ շրջադարձ է սա, ինչ խոսք, քանի որ նույն հեղինակը նույն աշխատության մեջ թե՛ պնդում է, թե մարդկային ագրեսիայի ակունքը մարդկային կախյալությունն է, թե՛ հավելում է, թե հենց այդ նույն փոխկախվածությունը կարող է դառնալ պետությունների նվաճողական կրքերի սանձահարողը, կարծես առաջարկելով, որ հիվանդության բուժումը հիվանդության հարուցիցչն է ու նաև դրա սպեղանին:

Դիտեք նաև՝

Search