Play Video

Ստրուգացկի եղբայրները տառապում էին այն փաստից, որ հրապարակվելը դժվար էր, և չէին ուզում դիսիդենտ դառնալ: Սա որոշակի էքզիստենցիալ բարդություններ կստեղծեր՝ մնալ Խորհրդային Միությունում, երբևէ չհրապարակվել, նստել բանտում կամ, գուցե, աքսորվել: Նրանք ուզում էին քաղաքակիրթ ձևով լուծել այդ հարցը. գրել մի բան, որը հրապարակելի է Խորհրդային Միության գրաքննության պայմաններում, և միևնույն ժամանակ համապատասխանում է իրենց սկզբունքներին:

Հեղինակների որոշ ստեղծագործություններ չեն հրապարակվել կամ հրապարակվել են միայն մասամբ, և նրանք գրում են գործեր, որոնք հրապարակվելու ավելի մեծ հնարավորություն ունեն: Այդ գործերից է «Մարդաբնակ կղզին», որն իբր նախատեսված է պատանեկան տարիքի համար, իսկ պատանեկան գրականության գրաքննությունը, ինչպես հայտնի է, մի քիչ ավելի թեթև էր:

Նրանք գրում են արկածային և արտաքնապես թեթև գիտաֆանտաստիկ վեպ. հեղինակներին ստիպեցին գլխավոր հերոսի անունը ռուս տղայի անունից փոխել գերմանացի տղայի անվան, և սա գրաքննության գլխավոր միջամտություններից մեկն էր: Սակայն գրաքննությունը բաց թողեց գլխավորը. այս վեպը ևս մի շատ կարևոր խոսք էր տոտալիտար հասարակարգի դեմ, ինչը չնկատելը շատ դժվար էր:

Վեպը կրկին շոշափում է այն արքետիպային իրադրություններից մեկը, որը շատ բնորոշ էր գիտաֆանտաստիկ ժանրի համար: Արդեն նշվել է տիեզերքի գրավումը, այլմոլորակայինների հետ հանդիպումը, ժամանակի մեքենայի հարցը, սակայն գլխավոր արքետիպային իրադրությունը մարդու մտքերը կարդալու կամ կառավարելու հարցն է:

Դիտեք նաև՝

Search