Իշխանությունը, որպես օրենք, չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության, որն այս դեպքում հանդես է գալիս ինչպես իբրև իշխանության տրամախոհական հակառակորդ, այդպես և տրամախոհական երկվորյակ: Հարկավ, տվյալ հիմնախնդրի շուրջ հետաքրքրությունը հետազոտողներին զբաղեցնում է այն քաղաքական ավանդույթներում, որտեղ տեղի է ունենում իշխանության և ընդդիմության դժվարին երկխոսության մշտական իրագործում-բարելավումը: Բայց ոչ պակաս կարևոր է այդ երկուսի՝ իշխանության և ընդդիմության միջակայքում գտնվող «Դիմադրության իրավունք»-ի հղացք-հասկացությունը: Իրավական ավանդույթում դիմադրության իրավունքի հղացականացման փորձը կարելի է տեսնել բավականին հին ժամանակներում, մասնավորապես հետաքրքիր է չինական փորձառությունը մ.թ.ա. 11-րդ դարում:
Եթե սկզբնապես ավանդական ըմբռնման մեջ չկա ընդդեմ իշխանության ապստամբելու հնարավորությունը, ապա հընթացս ժամանակի այդ հնարավորությունն աստիճանաբար հղացականացվում է փիլիսոփայական-քաղաքական մտքի ներկայացուցիչների կողմից: Հայ միջնադարյան պատմությունից կարելի է առանձնացնել մասնավորապես Արիստակես Լաստիվերցուն, Սմբատ Գունդստաբլին և Վահրամ Րաբունուն (հարկավ, շատ ուրիշներին ևս կարելի է առանձնացնել, սակայն նախընտրում եմ այս երեքի ընձեռած հնարավորությունների սահմաներում իրականացնել դիմադրության իրավունքի տրամասությունը):
Միջնադարյան քաղաքական կյանքի հետազոտությունն անքակտելիորեն կապված է արքայական իշխանության գործառույթավորման և կառավարողների ու հպատակների միջև սոցիալական երկխոսության առանձնահատկությունների հետ: Իսկ միջնադարյան հասարակությունը միմյանց հետ հատվող և միմյանց հյուսվող մտակեցվածքային կապերի ու կրոնական պատկերացումների ամբողջություն է:
Այս առումով ուշագրավ հետազոտություն է իրականացրել ֆրանսիացի պատմագետ Ժիլբեր Դագրոնն իր գրքում (Empereur et prêtre: Étude sur le «césaropapisme» byzantin), որի հիման վրա մենք առանձնացրել ենք արքայական իշխանության լեգիտիմության մի քանի շրջափուլ՝
- Արքայական հարստության ծագումն իբրև լեգիտիմության աղբյուր
- Դինաստիայի ժառանգականության լեգիտիմությունը
- Դինաստիայի հաջորդականության լեգիտմիությունը
- Արքայի հռչակումն ու թագադրությունը
- Ծիսականությունն ու հիշողությունը:
Ըստ այսմ՝ դիմադրության իրավունքը կարող է դրսևորվել վերոթվարկյալներից յուրաքանչյուրի դեպքում՝ իբրև ապասրբազնացման գործընթացն, որն էլ իր հերթին՝ իբրև Աստծո կամքի կամ դիմադրությաքն իրավունքի դրսևորում: Այլ կերպ ասած՝ լեգիտիմ հարկադրանքը կարող է վերաճել կամայականության՝ բռնադատության, այն է՝ օրենքով չթույլատրվող հարկադրանքի:
Այստեղ ուշագրավ է Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» ամրագրված հետևյալ օրենքը (76-րդ).
«Թագավորներն Աստծուց են նշանակվում, և Իսրայելում Աստված մարգարեների ձեռքով էր օծում թագավորներին: Օրենքը հրամայում է, որ այն թագավորները, որոնք Աստծուց են նշանակված, միայն Աստված էլ կարող է նրանց հեռացնել, նրանք լավ արքա լինեն, թե վատ:
Իսկ այն թագավորներին, որոնց մարդիկ են նշանակում, եթե նրանք պիղծ լինեն, այնպիսին, որ աշխարհը չկարողանա առաջնորդել, նրանց ողջ եկեղեցիով և երկրի բնակիչներով կարող են հեռացնել» (Ընդգծումներն իմն են՝ Ս.Հ.):
Ինչպես նաև՝ «Իսկ եթե իրենց աշխարհի փրկության համար իշխանները կամենան թագավորին խրատել կամ մահապատժի ենթարկել, [պիտի իմանան] որ իրավունք չունեն, որովհետև օրենքը հրամայում է, որ առանց մեկ այլ թագավորի և երկրի հայրապետի իշխաները չեն կարող թագավորին պատժել: Նաև երկրի ժողովուրդը պիտի հավան լինի այդ պատժին»:
Վերոասյալից ակնհայտ է, որ իշխանության կոչված անձինք, այդուամենայնիվ, իրենց քմահաճույքով չէ, որ պետք է կառավարեն, զի արքայական իշխանության հիմնական իմաստը Երկնքում հաստատված աստվածային կարգի պահպանումն է երկրի վրա կամ երկրային կարգուկանոնի համապատասխանեցումը երկնայինին: Հետևաբար ամենայն խախտում կամ չարաշահում արդեն իսկ դիտարկելի է իբրև հակաաստվածային գործողություն. «աստվածընտրյալ իշխանությունը» փոխակերպվում է «ոչ լեգիտիմ» իշխանության: Այլ կերպ ասած՝ իշխանավորները կարող են զրկվել իշխանությունից՝ աստվածահաստատ սկզբունքներից հեռանալու հետևանքով: Աստվածաշնչում հենց այդպես էլ բացատրվում Իսրայելի կործանումը. «Քանի որ դրանք թողեցին իմ օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ» (Երեմ. 9:13):
Այսու՝ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Պողոս առաքյալի նշանավոր ձևակերպումն անգամ («Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում» – Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին-13:1-2) բոլորովին այլ մեկնաբանություն է ստանում, ինչը տեսնում ենք Արիստակես Լաստիվերցու մոտ. «Իշխանի մասին չի ասում, այլ իշխանության, այսինքն աթոռի, որովհետև բոլոր իշխաներին Աստված չի կարգում»: Մի բան, որը նշանակում էր, թե «դիմադրության իրավունքը» ևս կարող է «աստվածային բնույթ» կրել և փոխարինել «արքայական իրավունքին»:
Ավելի ուշ և այլ պայմաններում Միշել Ֆուկոն այսպես կձևակերպի.
«Ոչ մի իշխանություն ի վիճակի չէ [դիմադրությունը] լիովին դարձնել անհնարին»: