Play Video

ու հիմա գրում եմ էս մի քանի տողը
որ հասկանամ թե ինչու
էսքան միանգամից ու էսքան շատ
սիրեցի քաղաքը որ կոչել են նյու յորք
էնքան շատ սիրեցի որ հիմա ինչ էլ գրեմ
կլինի նամակ նույն հասցեով

դու երբեք չես կարող
հանդիպել բոլոր էն մարդկանց
որոնք կարող էին լինել քո ընկերը
բայց իրանք թողնում են նշաններ
որ դու հասկանաս որ մենակ չես
որ դու համոզվես` քո ընկերները կան
չնայած դու իրանց երեւի արդեն չես հանդիպի
որովհետեւ մեծ ա տարածությունը
եւ քիչ ա ժամանակը

սեմ բեքեթ
արի տուն
գրած էր շենքի վրա
թարթող լույսերով

ու քանի որ բեքեթը
էլ չի կարող գալ
ուրեմն էդ բառերը
իմ համար էին գրած
ես էլ կանգնել նայում էի

բայց ո՞ւր ա տունը
տուն չկա
կան անտուններ

ու կա նյու յորքը

սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի

հետո երբ որ տուն էկա
երեւան
ինտերնետով search արեցի
էդ բառերը
ու իմացա որ
էդ նախադասությունը
չինացի մի արտիստ էր սարքել
հա էլի
չայնաթաունում էր էդ շենքը
նյու յորքի չինաստանում
ես էլ առանց իմանալու
հայաստանից հասել
կանգնել էի էդ շենքի առաջ
որ պատահաբար
կարդամ վրան գրածը.
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի

մարդը սարքում ա տուն
որ անձրեւ չգա վրան
որ քամին չքշի իրան տանի
որ շները չուտեն իրան գիշերով

բայց անձրեւը մեկ ա գալիս ա
քամին մեզ տանում ա էս ու էն կողմ
իսկ Սեմ Բեքեթին կերան շները
գիշերով

Դիտեք նաև՝

Search