Play Video

Հեղափոխությունից առաջ շատ մեծ դժգոհություններ կային կրթության ոլորտից, և այդ շրջանում քննարկվում էին ոլորտի հետ կապված խնդիրներ: Հեղափոխությունից հետո որոշ ժամանակ անցավ. եկել է այն պահը, երբ պետք է փորձել հասկանալ՝ այս մեկուկես տարվա ընթացքում կրթության ոլորտում ի՞նչ տեղաշարժեր ու ի՞նչ դինամիկա կա, և արդյո՞ք այս պահը հարմար է դրական փոփոխությունների և հասարակական տրամադրվածության փոփոխության համար:


Վերջին ընտրությունների ընթացքում բացառվել է դպրոցների ներգրավվածությունն ընտրություններում, ինչը կարելի է համարել նվաճում: Սակայն չի կարելի համարել, որ դա ինստիտուցիոնալ բնույթ է կրում, քանի որ այս պահին դժվար է պատկերացնել՝ արդյոք կան օրենսդրական մակարդակով որևէ լուծումներ, որոնք ուղղակի կբացառեն նման խախտումները: Երբեմն իշխանությունները, կորցնելով ժողովրդի մեծամասնության վստահությունը (ինչը գրեթե անխուսափելի է), նվազեցնում են իրենց բարի կամքը. ահա թե ինչու կարևոր է հասցնել ամրագրել դա օրենսդրական մակարդակով:


Փորձելով վերլուծել՝ ինչ էր ակնկալում հասարակությունը հեղափոխությունից հետո նոր նախարարության ղեկավարությունից, կարելի է հիշել, որ որոշ մարդիկ կողմ էին դպրոցական կրթությունը 12 տարուց նվազեցնել մինչև 10 տարի: Շատ մեծ ճնշում կար, որ պետք է արմատապես փոխվեն դասագրքերը, ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման համակարգը, որ պետք է նվազի ուսուցիչների ծանրաբեռնվածությունը: Նախարարությունն այնուամենայնիվ պատշաճ կերպով չարձագանքեց այս պահանջներին ու առաջարկներին, հասարակության հետ աշխատանք չտարվեց, և բազմաթիվ մարդկանց մոտ չիրացված սպասումներ կան. նրանք չստացան իրենց հարցերի պատասխանները: Նախարարությունը պետք է համոզիչ ձևով ասեր մարդկանց, թե ինչու նրանց պահանջներն ու ցանկությունները բավարարելը հնարավոր չէ, կամ ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ պահանջների իրականացումը:


Հեղափոխությունից առաջ երկրի ցանկացած ոլորտ (տնտեսություն, կրթություն և այլն) գտնվում էր վատ վիճակում, և նոր իշխանությունները միանգամից ահռելի քանակության խնդիրների հոսք ստացան: Դրան պետք էր կարողանալ դիմակայել համբերատար կերպով, և ռազմավարական խնդրներ լուծելու առումով դա տեղի չի ունեցել: Իշխանափոխության կարևորագույն նպատակը դեպի քաղաքացիական հասարակություն գնալն էր, և նկատելի են այս գործընթացի որոշ տարրեր. իշխանությունն աննախադեպ բացություն է ցուցաբերում հասարակության հետ զրույց ունենալու առումով, բայց խոսքը միայն մասնավոր հարցերի շուրջ զրուցելու մասին է, իսկ գլոբալ մակարդակով զրույցներ չեն կայանում: Բաց է մնում դպրոցներում այլընտրանքի հնարավորության հարցը, այսինքն արդյո՞ք կշարունակեն ֆինանսավորվել պետական դպրոցները, որոնք ունեն ճշմարտության մոնոպոլիա, որը ոչ թէ նախկին, այլ նոր նախարարությունների ներքո ձևավորված գաղափարների մոնոպոլիան կլինի:
Մենք միշտ կարող ենք ասել, որ կառավարությունը հիանալի է, ուրեմն այն գիտի վերջին ճշմարտությունները: Սակայն դա այդպես չէ. որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը, այն չի տիրապետում վերջին ճշմարտություններին: Հետևաբար պետք է ստեղծել մի համակարգ, որտեղ պետական դպրոցը ոչ թե ձգտում է իդեալական լինելուն, այլ որտեղ ցանկացած տեսակի մանկավարժական գաղափար փորձարկվելու և աշխատելու հնարավորություն ունի:

Դիտեք նաև՝

Search