Տնտեսագիտությունը պատկերավոր ներկայացնելու համար կարելի է ասել, որ այն մի մեքենա է, որտեղ մուտք են գործում ռեսուրսներ, որոնք փոխակերպվում են ապրանքների ու ծառայությունների:
Գծապատկերում ներկայացված են ապրանքների և ծառայությունների շուկաները և ռեսուրսների շուկաները, ինչպես նաև՝ ձեռնարկություններ (բիզնեսներ) և տնային տնտեսություններ (մարդիկ, մարդկանց խմբեր):
Ձեռնարկություններն իրենց ռեսուրսները ձեռք բերելիս աշխատուժ ու կապիտալ են ձեռք բերում ռեսուրսների շուկայից ու վերածում դրանք ապրանքների և ծառայությունների՝ տեղափոխելով դրանք շուկա: Ձեռնարկությունները վաճառքից եկամուտներ են ստանում և աշխատավարձի ու տոկոսավճարների տեսքով վճարումներ են կատարում ձեռք բերված ռեսուրսների համար:
Տնային տնտեսությունները (մարդիկ) եկամուտներ են ստանում՝ ռեսուրսների շուկայում վաճառելով իրենց աշխատուժը: Այս մարդիկ, ստանալով եկամուտներ, ապրանքների շուկայում ձեռք են բերում ապրանքներ ու ծառայություններ, որոնք արտադրել էին համապատասխան բիզնեսները:
Ինչպե՞ս է ստացվում, որ կան հարուստ երկրներ, որոնց տնտեսական մեքենան ավելի մեծ ռեսուրսներ է կարող ներգրավել և ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ արտադրել: Սա պայմանավորված է այդ մեքենայի արդյունավետությամբ, արտադրողականությամբ, որը նաև անվանում են մրցակցային առավելություն: Համարվում է, որ մասնագիտացման արդյունքում արտադրողականությունը բարձրանում է, և ինչքան մարդկանց մասնագիտացումը խորանում է տարբեր ոլորտներում, այնքան նրանք ավելի արհեստավարժ են դառնում որևէ ապրանք կամ ծառայություն արտադրելու և մատակարարելու հարցում, նրանք ձեռք են բերում մրցակցային առավելություն: Սա նշանակում է, որ այս արտադրանքն ավելի հետաքրքիր է դառնում այլ երկրներում ստեղծվող նմանատիպ ապրանքներից ու ծառայություններից:
Տնտեսությունը չափելու ընդունված միավորներից ամենատարածված և ընդունելի միավորը համախառն ներքին արդյունքն է: Որոշ տնտեսագետների կարծիքով այս միավորը համապարփակ և խոսուն միավոր չէ, և հետևաբար պետք է հաշվի առնել նաև այլ չափանիշներ: