Play Video
Տնտեսագիտության սկզբունքներ և քաղաքականություն. Առաջարկ և պահանջարկ | Հովհաննես Ավետիսյան

Առաջարկի և պահանջարկի օրենքը տնտեսագիտության վերլուծությունների մեջ կիրառվում է որպես ինֆլյացիան, բիզնեսի գործընթացները, հարկերի ազդեցությունը գնահատելու գործիք: Ցանկացած ապրանքի պահանջարկը սովորաբար կախված է գնից: Իհարկե կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են ապրանքի պահանջարկի ձևավորման վրա, բայց քանի որ գները շուկայական տնտեսության պայմաններում ունեն որոշիչ դեր և առանցքային տեղ են զբաղեցնում, պետք է քննարկել՝ ինչպես են գներն ազդում պահանջարկի ձևավորման վրա:


Ցանկացած գնի պարագայում շուկայական տնտեսության պայմաններում ձևավորվում է որոշակի քանակի պահանջարկ, և այս գների և պահանջարկների տարբեր համակցությունների խմբավորումը ձևավորում է մի կոր, որը կոչվում է պահանջարկի կոր: Այն ցույց է տալիս, թե ինչպես է որոշակի ժամանակահատվածի ընթացքում փոխվում ապրանքի պահանջարկը դրա գնի փոփոխման համընթաց՝ պահանջարկի վրա ազդող այլ գործոնները հաստատուն պահելու պարագայում:


Ապրանքի գնի փոփոխությունը բերում է պահանջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված պահանջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է պահանջարկի կորի տեղաշարժ:
Պահանջարկի կորը տեղաշարժող գործոններից են, օրինակ, սպառողների եկամուտները: Երբ սպառողները սկսում են ավելի շատ եկամուտ ունենալ, նրանց մոտ ավել փող է հայտնվում, և ենթադրվում է, որ տվյալ ապրանքի պահանջարկը սկսում է աճել: Երբ մարդիկ սկսում են ավելի շատ սպառել տվյալ ապրանքը, կորը տեղաշարժվում է դեպի աջ:


Ապրանքի պահանջարկի ձևավորման վրա ազդող հաջորդ գործոնը բնակչության թիվն է: Բնակչության թվի աճի դեպքում ենթադրվում է, որ աճում է նաև ապրանքի պահանջարկը, ինչը ևս նպաստում է գծապատկերի մեջ կորի՝ դեպի աջ տեղաշարժվելուն:


Ապրանքի գնի փոփոխությունը բերում է առաջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված առաջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է առաջարկի կորի տեղաշարժ:


Ազատ շուկայի պայմաններում ապրանքների գները և քանակը որոշվում են առաջարկի և պահանջարկի կորերի հատմամբ: Պակասորդն առաջարկի նկատմամբ պահանջարկի մեծ լինելն է: Երբ պակասորդ կա, սպառողները չեն կարողանում տվյալ պահի գնով իրենց ցանկացած քանակով ապրանքներ գնել: Ավելցուկը պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելի մեծ լինելն է: Երբ ավելցուկ կա, արտադրողները չեն կարողանում տվյալ պահի գնով վաճառել իրենց ցանկացած քանակով ապրանքներ: Հավասարակշռությունը մի վիճակ է, երբ չկան փոփոխության բերող արտաքին գործոններ:

Դիտեք նաև՝

Search