Առաձգականություն (Elasticity) հասկացության միջոցով հնարավոր է դառնում պարզել՝ ինչպես է փոխվում ապրանքի նկատմամբ պահանջարկը գնի փոփոխության արդյունքում:
Գծապատկերներում արտացոլված են պահանջարկի կորերը, որոնք տարբեր առաձգականություն ունեն. առաջինն ավելի մեծ առաձգականություն ունի, քան երկրորդը: Սա ցույց է տալիս, թե գնի որոշակի փոփոխության դեպքում ինչ չափով կմեծանա պահանջարկը:
Քանի որ բացարձակ թվեր օգտագործելիս այս փոփոխությունը կարող է պարզ չերևալ կամ անհասկանալի լինել, տնտեսագետներն օգտագործում են տոկոսային փոփոխության հարաբերակցությունը: Այսինքն, առաձգականությունը փոփոխված քանակի հարաբերակցությունն է համապատասխան գնի փոփոխությանը՝ արտահայտված տոկոսով:
Առաձգականություն հասկացության շատ կարևոր կիրառություն է պահանջարկի խաչաձև առաձգականությունը. այն ցույց է տալիս, թե ինչպես է մեկ ապրանքի գնի փոփոխությունն ազդում մյուս ապրանքի քանակի վրա: Դրա օրինակներից են իրար լրացնող ապրանքները՝ մեքենան և անվադողերը: Այսպես, մեքենայի գների բարձրացման դեպքում ենթադրվում է, որ անվադողերի նկատմամբ պահանջարկը կնվազի:
Շաքարը և սուրճը ևս լրացնում են իրար, և շաքարի գինը 20 տոկոսով բարձրացնելու դեպքում 5 տոկոսով կկրճատվի սուրճի նկատմամբ պահանջարկը:
Խաչաձև առաձգականությունը և դրա վերլուծությունը շատ կարևոր են, երբ փորձում ենք հասկանալ՝ արդյոք որևէ կազամակերպություն մոնոպոլ (մենաշնորհ) դիրք է զբաղեցնում շուկայում: Այս դեպքում վերլուծում ենք՝ մեկ ապրանքի նկատմամբ գնի բարձրացումն ինչքանով կազդի դրա պահանջարկի վրա և ինչքան է հավանականությունը, որ եթե արտադրողն իր ապրանքի գինը բարձրացնի, սպառողները հնարավորություն կունենան մեկ այլ ապրանք ձեռք բերելու: Օրինակ, եթե բենզինի տարբեր արտադրողներից մեկը բարձրացնի ապրանքի գինը, արդյոք սպառողները հնարավորություն ունեն օգտվելու մեկ այլ արտադրողի ծառայություններից: Եթե այս հնարավորությունը կա, ապա համարվում է, որ կազմակերպությունը մոնոպոլ հնարավորություն չունի: Սա նշանակում է, որ գինը բարձրացնելու դեպքում այն կկորցնի իր սպառողներին, ինչը և թույլ չի տա նրան բարձրացնել գինը: