Տնտեսագետներն ակնկալում են, որ շուկան պետք է օգնի առավելագույնս արդյունավետ օգտագործել ռեսուրսները և դրանց սակավության պայմաններում բավարարել հասարակության անսահմանափակ կարիքները: Օպտիմալ որոշումը եղած ռեսուրսների սահմաններում առկա տարբերակների միջից ամենացանկալի տարբերակի ընտրությունն է, որը ենթադրաբար լավագույն ձևով կծառայի հանրությանը:
Ռեսուրսները սահմանափակ են, և այս պատճառով պետք է ընտրություն կատարվի սահմանափակ տարբերակների միջև: Սա նշանակում է, որ որևէ ռեսուրսից ավել ունենալը կհանգեցնի մեկ այլ ռեսուրսի սակավությանը: Այս ընտրության ժամանակ առաջ է գալիս այլընտրանքային ծախս հասկացությունը: Այլընտրանքային ծախս սկզբունքն ուսումնասիրում է մրցակցող այլընտրանքների միջև մարդկանց կողմից կատարվող որոշումների տրամաբանությունը: Այսպես, յուրաքանչյուր որոշմանը համապատասխանող ծախսն այդ որոշման այլընտրանքային ծախսն է, որը հաջորդ ամենալավ այլընտրանքի արժեքն է, որը բաց է թողնվում: Օպտիմալ որոշումների կայացումը պետք է հիմնված լինի այլընտրանքային ծախսերի հաշվարկների վրա:
Եթե շուկան լավ է գործում, բարձր այլընտրանքայիին ծախս ունեցող ապրանքները նաև բարձր դրամական ծախս են ունենում, իսկ ցածր այլընտրանքային ծախս ունեցող ապրանքները փոքր դրամական ծախս են ունենում:
Այս դեպքում օպտիմալ որոշումը յուրաքանչյուր հնարավոր տարբերակի հետևանքների ենթադրական կամ ճշգրիտ համեմատությունից հետո կայացվող որոշումն է: Վերլուծության արդյունքում պարզվում է, որ դա անձի նպատակներին լավագույն ձևով ծառայող տարբերակն է:
Օպտիմալ որոշումը պարզելու վերլուծության եղանակը կոչվում է սահմանային վերլուծություն (marginal analysis): Օպտիմալ որոշում կայացնելու ցանկացած մեթոդի հիմքում հետևյալ հիմնային գաղափարն է. հնարավոր որոշման օպտիմալությունը պարզելու համար դրա հետևանքները պետք է համեմատել բոլոր հնարավոր որոշումների տարբերակների հետևանքների հետ:
Արտադրական հնարավորությունների սահմանի ձևը և դիրքը, որը սահմանափակում է հասարակության ընտրության հնարավորությունները, պայմանավորված է տնտեսության ֆիզիկական ռեսուրսներով, կարողություններով և տեխնոլոգիաներով, աշխատելու պատրաստակամությամբ և նրանով, թե անցյալում ինչքան ռեսուրս է ներդրվել գործարաններ կառուցելու, հետազոտություններ անելու և նորարարության մեջ:
Ցանկացած հասարակություն իր սակավ ռեսուրսները տեղաբաշխելիս պետք է երեք քայլ անի.
1. պարզի՝ ինչպես արդյունավետ օգտագործել ռեսուրսները և ձգտի արտադրական հնարավորությունների սահմանին,
2. հասկանա՝ ինչ համակցությամբ ապրանքներ և ծառայություններ արտադրել,
3. որոշի՝ արտադրված ապրանքներից և ծառայություններից ինչքան պետք է ստանա յուրաքանչյուր քաղաքացի: