Play Video

2020 թվականի Արցախյան պատերազմը էական ազդեցություն ունեցավ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Հարավային կովկասի անվտանգային ճարտարապետության վրա։ Հարավային Կովկասի վրա պատերազմի ազդեցությունը կարելի է ուսումնասիրել տարածաշրջանագիտության պրիզմայի ներքո։ Տարածաշրջանագիտական հետազոտությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Բարի Բուզանի և Օլե Վեվերի տարածաշրջանային անվտանգային համալիրների տեսությունը։

Այս տեսությունն աշխարհը բաժանում է տարածաշրջանային անվտանգային համալիրների, որոնք հեղինակները սահմանում են որպես պետությունների խումբ, որոնց միջև անվտանգայնացման գործընթացները, անվտանգային փոխազդեցությունն ու փոխկախվածությունն այն աստիճանի է, որ այդ պետությունների անվտանգային հիմնախնդիրները դժվար է վերլուծել առանց մեկը մյուսի։

Անվտանգային հիմնախնդիրներն ուսումնասիրելիս Բուզանը և Վեվերն առաջարկում են ուշադրություն դարձնել մի քանի գործոնի վրա․

  • Համալիրի սահմանները․ որտեղ է ավարտվում մի անվտանգային համալիրը և սկսվում մյուսը։
  • Համալիրի մաս կազմող պետությունների միջև հարաբերությունների բնույթը․ թշնամական, թե՞ բարեկամական։
  • Համալիրի բևեռայնությունը․ ինչ տեսակի և քանակի տարածաշրջանային բևեռ է առկա տվյալ համալիրում։

Բևեռը կարելի է բնորոշել որպես տարածաշրջանային տերություն կամ ուժային կենտրոն, որն էական ազդեցություն ունի տվյալ համալիրի անվտանգային գործընթացների վրա։ Ըստ բևեռայնության մակարդակի՝ հեղինակներն առանձնացնում են 4 տեսակի համալիրներ․

  • Ստանդարտ համալիրներ․ բևեռայնությունը որոշվում է տարածաշրջանի պետությունների կողմից։
  • Կենտրոնացված համալիրներ, որտեղ առկա է միայն մեկ բևեռ։
  • Համալիրներ, որտեղ առկա է երկու և ավելի մեծ տերություն՝ բևեռի կարգավիճակով։
  • Սուպերհամալիրներ կամ սուպերկոմպլեքսներ։

Բուզանը և Վեվերը Հարավային կովկասը համարում են հետխորհրդային անվտանգային համալիրի մաս՝ կենտրոնացված համալիր, որի միակ բևեռը Ռուսաստանն է։ Այս տեսությունը մշակվել է մոտ 20 տարի առաջ։ Սակայն իրավիճակը զգալիորեն փոխվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքում․ Հարավային Կովկասը վերածվեց երկբևեռ անվտանգային համալիրի, որտեղ Ռուսաստանի հետ մեկտեղ որպես տարածաշրջանային բևեռ սկսեց հանդես գալ նաև Թուրքիան։

Դիտեք նաև՝

Search