Play Video

XVIII դարի երկրորդ կեսից Արևմտյան Եվրոպայում հայերեն գրքերի հրատարակման գործում զգալի է դառնում Մխիթարյանների դերը: Մխիթարյան անունով կոչվում են կաթոլիկ հայ հոգևորականների երկու միաբանություններ՝ Վենետիկի և Վիեննայի, որոնք հայ գրականության, գիտության, դպրոցակրթական և առհասարակ մշակույթի զարգացման գործում հսկայական դեր են կատարել հատկապես XVIII և XIX դարերում:

Միաբանությունների հիմնադիրը եղել է Մխիթար Սեբաստացին (1676—1749), որը հայերին լուսավորելու նպատակ ունենալով` որոշում է հիմնել գիտակրթական կենտրոն։ Կոստանդնուպոլսում 1701թ. սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, հիմնում է իր միաբանությունն ու դպրոցը։  

Վենետիկի Ս. Ղազար կղզում Սեբաստացին ծավալում է կրթական, գրական ու գրահրատարակչական գործունեություն: Իր մահից հետո միաբանության ավելի քան քառասուն անդամներ շարունակում են մշակութային գործունեությունը, սակայն 1772թ. միաբանության մի մասն անջատվելով հանգրվանում է Տրիեստում, որտեղից էլ 1811թ. տեղափոխվում է Վիեննա ու հաստատվում այնտեղ:

Վենետիկում Մխիթարյանները շուրջ 70 տարի սեփական տպարան չունեին և հրատարակության պատրաստած բնագրերը տպագրության էին հանձնում Վենետիկի իտալական տպարաններին: Այս շրջանի նրանց կարևորագույն հրատարակություններից առաջինը Մխիթար Սեբաստացու կազմած «Բառգիրք հայկազեան լեզուի» ծավալուն (1251 էջ) բառարանի 1-ին հատորն էր, որը լույս տեսավ Սեբաստացու մահվանից հետո` 1749թ.: Այնուհետև, բառարանի 2-րդ հատորը շարունակում և հրատարակում են Մխիթարի աշակերտները: Հաջորդ կարևորագույն հրատարակությունը եղավ 1779 թվականին` Միքայել Չամչյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» ծավալուն աշխատությունը։

Երկու միաբանություններից առաջին տպարանը բացվեց Տրիեստում 1776թ.-ին և մինչև Վիեննա տեղափոխվելը՝ 35 տարվա ընթացքում, լույս ընծայեց ավելի քան 70 անուն հայատառ գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները տպարան հիմնեցին 1789թ․ և առաջին տարում հրատարակեցին Գրիգոր Նարեկացու երկու երկերը՝ «Գիրք աղօթիցը» և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնին»: 

Վենետիկի Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը ներկայումս հրատարակվող հայկական ամենահին պարբերականն է: Իսկ Վիեննայի Մխիթարյանները 1887թ.-ից առ այսօր հրատարակում են «Հանդես ամսօրյա» ամսագիրը:

Դիտեք նաև՝

Search