Play Video

Ջազագետ Ուիլիս Քոնովերն ասում էր, որ ջազը Ամերիկայի սոցիալ-քաղաքական համակարգի երաժշտական զուգահեռն է, և որպես իմպրովիզացիոն կատարողական արվեստի տեսակ, մի ամբողջ մշակույթ, իր կոնցեպտով կլանող է․ երբ այն լոկալ ամերիկյան մշակույթից դուրս է գալիս և ներթափանցում այլ երկրներ կամ մշակույթի համակարգեր, սկսում է արտացոլել տվյալ մշակույթի միջավայրը։ Խոսելով Հայաստանում ջազի մասին՝ պետք է անդրադառնալ թե՛ ամերիկյան, և թե՛ խորհրդային ջազին՝ հասկանալու համար, թե ինչ զուգահեռներով և հանգույցներով է Հայաստանում ձևավորվել ջազային մշակույթը։

1920-1930-ական թվականներին ջազը դադարում է լինել լոկալ ամերիկյան մշակույթ և ներթափանցում է սկզբում Եվրոպա, մի քանի տարի անց՝ նաև ԽՍՀՄ։ Սովետական Միություն ջազը մուտք է գործում ոչ թե երաժշտական տեսանկյունից, այլ էքսցենտրիզմի, ավանգարդիզմի շրջանակներում։ Սակայն 1930-ականներին՝ խորհրդային մշակութային քաղաքականության ձևավորման տարիներին, երբ կերտվում էր խորհրդային մարդը, ստեղծվում էր խորհրդային ժամանցը, ջազն օգտագործվեց որպես ժամանցային երաժշտության հիմք։

ԱՄՆ-ում ջազն ինքնաբուխ երևույթ էր և ներքևից էր վերև բարձրացել, իսկ խորհրդային համակարգում ջազային նվագախմբերի ստեղծումը, ներառյալ՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, քաղաքական վերնախավի պատվեր էր, իսկ կարմիր ջազ անվանվող երաժշտական ժանրը, բնականաբար, կատարում էր նաև ագիտացիոն գործառույթ, ինչն ազդեց ջազի հետագա բնականոն զարգացման վրա։ Հակառակ ամերիկյան ջազին, որն ավելի գործիքային է, խորհրդային համակարգում շատ մեծ ուշադրություն էր դարձվում վոկալին և տեքստին, քանի որ գաղափարային գիծը շեշտադրելու համար տեքստային ուղերձը շատ ավելի լավ գործիք կարող է հանդիսանալ ։

Քաղաքական գործոնների բերումով՝ Հայաստանում ջազը սկսեց զարգանալ էթնոջազի ուղղությամբ։ Քանի որ չկար ջազային հումք, սակավաթիվ վինիլային ձայնասկավառակները լսելով՝ երաժիշտները ջազի հիմքում դրեցին հայ ազգային մելոսը, քաղաքային ֆոլկլորը։ Մինչդեռ արևմտյան երկրներում ջազն իր բնականոն հունով էթնոջազին հասավ միայն 1960-ականներին։ 1948 թվականի՝ ֆորմալիզմի դեմ պայքարող հրամանագրի ընդունումից հետո, երբ ամբողջ միությունում փակվում էին ջազի նվագախմբերը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը կարողացավ գոյատևել՝ «ջազ» բառը փոխարինելով «էստրադա» բառով, և տարատեսակ քողարկման մեխանիզմներ կիրառելով՝ շարունակեց իր ջազային գործունեությունը։

Դիտեք նաև՝

Search