Play Video

Ցանկացած համաշխարհային կրոն, հատկապես` մենաստվածություն քարոզող, գրեթե նույն սկզբունքով է շարժվել` անհանդուրժողականություն ցուցաբերելով այլախոհության և կրոնի շրջանակներում առաջացող այլ ուղղությունների նկատմամբ: Այնուամենայնիվ, արդիականության շրջանի Եվրոպայում արդեն իսկ ձևավորվել էին միմյանց դեմ տրամադրված կրոնական և քրիստոնեական տարբեր հարանվանություններ: Առաջին աշխարհամարտի ժամանակ Կաթոլիկ եկեղեցին աջակցում էր ֆրանսիական բանակին, բողոքականները` գերմանացիներին, իսկ Ուղղափառ եկեղեցին` Ցարի զորքին:

20-րդ դարի նոր քաղաքական գաղափարախոսությունները` ֆաշիզմ, կոմունիզմ, փորձում են մոբիլիզացնել իրենց հետևորդներին` օգտագործելով հին կրոնական միջոցները, լինի դա դամբարանում պահվող մումիֆիկացված Վլադիմիր Լենինը, թե փրկչի հավասարեցված Ադոլֆ Հիտլերը: Պատերազմի ավարտից հետո արևմտյան հասարակության մեջ մեծ էքզիստենցիալ վակուում է առաջանում. Գերմանիայի երիտասարդությունը մեղադրում է նախորդ սերնդին Հիտլերին աջակցության համար, Անգլիայիում կամ ԱՄՆ-ում երիտասարդներն ընդդիմանում են պուրիտանական, սրբակենցաղ ապրելակերպին: Վիետնամի պատերազմն էլ ավելի է նպաստում քաղաքական և մշակութային ընդվզումներին և երիտասարդական նոր ենթամշակույթի ձևավորմանը` «Զբաղվեք սիրով, այլ ոչ պատերազմով»:

1967 թվականին Բիթլզի անդամները, փիլիսոփայական, կրոնական, հոգևոր հարցերի պատասխաններ փնտրելով, մեկնում են Հնդկաստան` տրանսցենդենտալ մեդիտացիայի դասերի: Արևմտյան փնտրող երիտասարդությունը սկսում է տարվել արևելյան ուսմունքներով. տեղի է ունենում կրոնի գլոբալիզացիա, այս անգամ` նաև արևելքից արևմուտք: Այս նոր միախառնումը կրոնագիտության մեջ համարվում է հետարդիական հարացույցի սկիզբ:

Դիտեք նաև՝

Search