Play Video

Ֆրանսիան ունի մամուլի հին ավանդույթ, ինչն արտացոլվում է ֆրանսահայ մամուլում:

19-րդ դարից ի վեր լույս են տեսնում տարբեր թերթեր, որոնք իրենցից ներկայացնում են պատմական փուլեր: Ֆրանսիայում լույս տեսած առաջին հայկական թերթը կոչվում էր «Մասիս աղավնի», սակայն սա մի առանձին դեպք էր: 1855 թվականին չկար ո՛չ ֆրանսահայ գաղութ, ո՛չ համայնք: Թերթի հիմնադիրը նկարիչ Այվազովսկու հարազատ եղբայրն էր, սակայն այն երկար չգործեց:
1885 թվականին հիմնվեց «Արմենիա» թերթը, որի խմբագիրը Մկրտիչ Փորթուգալյան էր: Ֆրանսիան օսմանահայ հալածված մտավորականության համար ապաստան էր, որտեղ նրանք ազատ խոսքի իրավունք ունեին և կարող էին հրատարակել իրենց թերթերը՝ ներկայացնելով հայկական հարցն արտերկրում:

Ցեղասպանություն վերապրած պոլսահայ մտավորական Շավարշ Միսակյանը 1925թ. հիմնեց նշանավոր «Հառաչ» օրաթերթը, որը եզակի դերակատարություն ունեցավ տարբեր ոլորտներում: Թերթը տպագրվելու հնարավորություն տվեց Եղեռնից առաջ Ստամբուլում, Պոլսում, Իզմիրում ծնված գրողներին: Շահան Շահնուրը, Նիկողոս Սարաֆյանը, Զարեհ Որբունին սկսեցին տպագրել իրենց արձակն ու բանաստեղծությունները «Հառաչ» օրաթերթում:

Հաջորդ փուլը սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ֆրանսահայերի գաղութը բաժանված էր դաշնակցականների և պրո-խորհրդային Հայաստանին սատարող մտավորականության, և այս ամենն արտացոլվում էր մամուլում:
Ֆրանսահայ գաղութի երրորդ սերունդն այլևս հայախոս չէր: 1980-ականների սկզբին զուգահեռաբար սկսեց գոյություն ունենալ երկու տեսակի մամուլ. հայալեզու մամուլը՝ դասական մոտեցմամբ, և ֆրանսալեզու մամուլը՝ ֆրանսիական չափանիշներով և մոտեցումներով:
Երկար ժամանակ ֆրանսահայ մամուլը դիմադրել է տարբեր մարտահրավերների. հայախոսների թիվը նվազել է, ֆրանսալեզու մամուլը սկսել է ավելի մեծ դեր ունենալ: Խնդիրներից մեկն այն է, որ հայալեզու մամուլի ընթերցողները ծերանում են, իսկ երիտասարդությունն այլևս չէր ընթերցում տպագիր մամուլ՝ նախընտրելով տեղեկություններ ստանալ համացանցից:
Մեր օրերում հայալեզու թեթերի տպաքանակը նվազել է և շարունակաբար ավելի է նվազում: Երիտասարդներին այլևս չի գրավում ֆրանսահայ մամուլը, քանի որ այն հիմնված է հայապահպանման սկզբունքի վրա, որն այլևս արդիական չէ:
Սփյուռքի և ֆրանսահայ մամուլի գուայտևման համար պետք չէ այլևս մտածել գաղութային մասշտաբով. թերթերի բովանդակությունը պետք է լինի համահայկական, այլ ոչ թե՝ գաղութային մոտեցմամբ: Միայն այս կերպ է հնարավոր գրավել երիտասարդ ընթերցողների և պատկերացնել՝ ինչպիսին կլինի սփյուռքի մամուլի ապագան, որը պետք է լինի համահայկական, այլ ոչ թե գաղութային:
Հայաստանի և սփյուռքի դասական հարաբերությունները պետք է ժամանակի ընթացքում փոխվեն, և այս հարցում սփյուռքահայ մամուլը կարևոր դեր ունի:

Դիտեք նաև՝

Search