Play Video

Բլոկչեյնի միջոցով համագործակցելու կամ փոխանցում անելու դեպքում չկա երրորդ կողմ, որը կհաստատի գործարքի իսկությունը: Գործարքը վավերացնում է կրիպտոգրաֆիկ ապացույցը, որը մաթեմատիկական բարդ խնդրի լուծում է:
Բլոկչեյնը հիմնված է կոնսենսուսի՝ համաձայնության գաղափարի վրա, և փոխանցում իրականացնելու կամ փոխանցումների բլոկն ընդհանուր բլոկչեյնին ավելացնելու համար համակարգը պետք է ընդունի, որ տվյալ բլոկը համապատասխանում է որոշակի պայմանների: Կոնսենսուսի երկու հիմնական սկզբունք կա՝ “Proof of work” (կատարված աշխատանքի ապացույց) և “Proof of stake” (դրույքի ապացույց):

***
Բիթքոինի միջոցով ներկայացվեց պարգևատրման գաղափարը. այս բարդ կրիպտոգրաֆիկ խնդիրն առաջինը լուծողը և բլոկը վավերացնողը ստանում էր պարգևատրում, ինչի շնորհիվ շրջանառության մեջ են դրվել նոր բիթքոինները: Այս գործընթացը նմանեցվել է թանկարժեք նյութերի արդյունահանմանը և անվանվել «մայնինգ» (արդյունահանում), իսկ այս գործընթացով զբաղվողները և խնդիրը լուծողները՝ մայներներ (հանքափորներ):
Ի սկզբանե մայնինգի նպատակը ցանցի աշխատունակությունն ու անվտանգությունն ապահովելն էր, իսկ կրիպտոարժույթների գնի վերելքի հետ զուգահեռ որոշ մարդկանց կողմից այն սկսեց դիտվել որպես բիզնեսի աղբյուր, և շատերը սկսեցին ներգրավվել այս գործընթացի մեջ: Ստեղծվեցին հատուկ արդյունաբերական սարքեր, որոնց միակ նպատակն այս խնդիրը լուծելն էր: Ցանցի բարդությունների պատճառով մարդիկ չկարողացան միայնակ շարունակել մայնինգի գործընթացը և սկսեցին միավորել իրենց ուժերը “pool”-երի (ավազանների) մեջ: Այս “pool”-երը հիմնականում գտնվում են Չինաստանում:

***
Ամբողջ աշխարհում մայնինգն ընդունել է արդյունաբերական մասշտաբներ, ինչը մի կողմից շատ անվտանգ է դարձնում համակարգը, բայց մյուս կողմից ունի իր խնդիրները, քանի որ այս քանակությամբ համակարգչային ռեսուրսները չափազանց մեծ էլեկտրաէներգիայի ծավալ են օգտագործում:
Այսպիսով, մայնինգն առաջ բերեց մի ամբողջ տնտեսություն և դարձավ բլոկչեյնում գումար վաստակելու առաջին և ամենահասարակ միջոցը:

Բլոկչեյնի մասին շարքը պատրաստվել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Դիտեք նաև՝

Search