Play Video

Բլոկչեյնը տվյալների բաշխված ապակենտրոնացված ռեգիստր է: Ցանցի բոլոր մասնակիցները, որոնք կոչվում են նոդեր կամ հանգույցներ, միասին տիրապետում են ցանցում առկա միևնույն տվյալներին: Այդ տվյալների նկատմամբ չկա կենտրոնական վերահսկող մարմին՝ ի տարբերություն մյուս` տվյալները պահելու ավանդական եղանակների, որտեղ դրանց տնօրինողն ունի տվյալները փոփոխելու հնարավորություն:

Ինչ խնդիր է լուծում բլոկչեյնը:
Ամեն ինչ սկսվեց 2008թ-ի նոյեմբերին, երբ ինտերնետում հրապարակվեց մի աշխատություն, որը կարելի է դիտարկել որպես գիտական թեզ, որն առաջարկում էր ստեղծել առանց միջնորդների աշխատող էլեկտրոնային վճարման համակարգ: Ինչպես այսօր, այն ժամանակ ևս օնլայն առևտուրը կախված էր ֆինանսական հաստատություններից, որոնք պահանջում են որոշակի միջնորդավճար դրամական փոխանցումներն իրականացնելու համար:
Երբեմն փոխանցված գումարի վերադարձի կարիք է լինում: Օրինակ, երբ երկու կողմերը պայմանավորվում են ապրանքի վաճառքի վերաբերյալ, բայց այն չի առաքվում, վճարող կողմը կարող է բանկից պահանջել վճարած գումարի հետկանչ: Այդ պոտենցիալ հետկանչի գործընթացի հետ կապված ծախսերը թանկացնում են միջնորդավճարը, որն իր հերթին անիմաստ է դարձնում փոքր ծավալի փոխանցումները:

Այնուամենայնիվ, միջնորդ հաստատությունները կարևոր դեր են կատարում վճարման գործընթացում. նրանք կանխում են այսպես կոչված «կրկնակի ծախսը»:
Ի՞նչ է սա նշանակում: Էլեկտրոնային տիրույթում գումարը թվային որոշակի արտահայտություն է, ինչն ինքնին համակարգչային կոդ է, որը հնարավոր է հեշտությամբ կրկնօրինակել: Այսինքն, կարելի է մեկին փոխանցում կատարել, հետո կրկնօրինակել կոդը, կրկնապատկել բալանսը և նույն փոխանցումը կատարել այլ մարդու: Այստեղ է, որ կարևորվում է ֆինանսական միջնորդների դերը, ովքեր կանխում են նման «կրկնակի ծախսի» խնդիրը:

Եվ այս թեզում առաջարկվում էր ստեղծել մի վճարման համակարգ, որ կաշխատեր առանց միջնորդների, բայց փոխարենը կունենար մի մեխանիզմ, որը կվերահսկեր այս «կրկնակի ծախսի» խնդիրը: Կարելի է ասել, որ խնդիր էր դրված ունենալու էլեկտրոնային կանխիկ փողի նմանակում, քանի որ կանխիկ առևտրի պարագայում գործընթացը վերահսկելու կարիք չկա: Պիտի ստեղծվեր մի համակարգ, որը կաշխատեր` հիմնվելով ոչ թե երրորդ կողմի վերահսկողության վրա, այլ կառուցվածքով կլիներ այնպիսին, որ անհնար լիներ որևէ մանիպուլյացիաներ կատարել արժույթի հետ:
Այսպես ստեղծվեց բիթքոինը՝ բլոկչեյնի առաջին և ամենատարածված կիրառությունը, որի մասին պատկերացումները վաղուց կային` որպես թվային տիրույթում գործող ունիվերսալ արժույթ , բայց դա հնարավոր եղավ իրագործել միայն բլոկչեյնի ի հայտ գալով:

Բլոկչեյն տեխնոլոգիայի սկզբունքների, առանձնահատկությունների մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Բլոկչեյնի մասին շարքը պատրաստվել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Դիտեք նաև՝

Search