Play Video

«Սամիզդատ» բառն առաջին անգամ գործածության մեջ է դրել ռուս բանաստեղծ Նիկոլայ Գլազգովը: Խորհրդային գրաքննության հպատակ խմբագրությունները մերժում էին տպագրել նրա ստեղծագործությունները: Այդ խոչընդոտների արդյունքում Գլազգովը որոշեց ստեղծագործությունները հրապարակել անձամբ. 1952թ. նա իր ձեռագրերի տիտղոսաթերթին՝ այն հատվածում, որտեղ սովորաբար նշվում է հրատարակչության անվանումը, գրեց «Самсебеиздат»: «Արձանագրված է, որ ռուսական իրականության մեջ առաջինը Նիկոլայ Գլազգովն էր, որ 1952թ. իր ձեռագրի վրա նշեց «Самсебеиздат»: Ռուս հեղինակների կարծիքով, Գլազգովն այսպես անալոգիա է արել «Госиздат» («Պետհրատ») բառի հետ: «Արդեն 60-ականների կեսերին իրոնիկ նորամուծությունը կրճատվեց, ու ի հայտ եկավ «սամիզդատ» (самиздат) տերմինը: Իսկ հետագայում այդ բառը կորցրեց իրոնիկ բնույթն ու գործածվեց ամենայն լրջությամբ»:

Առաջին «սամիզդատները» ոչ թե քաղաքական, այլ գրական-գեղարվեստական բնույթ ունեին: «Սամիզդատ» եղանակով սկզբնական շրջանում տպագրվում էր խորհրդային տարիներին արգելված գրականությունը: Գեղարվեստական բնույթ էին կրում նաև առաջին «սամիզդատ» ամսագրերը. սրանք բանաստեղծությունների ժողովածուներ էին, որոնց յուրաքանչյուր համարում հրատարակվում էին տասնյակ բանաստեղծների գործեր: Որպես առաջին ամսագիր հիշատակվում է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1956թ. լույս տեսած «Կուլտուրա»-ն («Մշակույթ»):

Հայաստանում «սամիզդատ» մամուլը զարգացման ուրույն փուլեր է ունեցել: Առաջին «սամիզդատն» ի հայտ եկավ 1967թ.: Մինչ այդ, սակայն «սամիզդատ» մամուլի ու այլակարծության դրսևորումների համար արդեն իսկ պարարտ հող էր ստեղծվել. 1965թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, ի հիշատակ անմեղ զոհերի, Երևանում քաղաքացիները երթ անցկացրին: Առաջին անգամ էր, որ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության տարելիցին նվիրված նման լայնամասշտաբ միջոցառում տեղի ունեցավ: Այդ օրը կայացած ցույցի մասնակիցներից ոմանց ձերբակալեցին, նույնը եղավ նաև հաջորդ տարի:

Արդեն 1967թ. Հայաստանում հիմնադրվեց ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը9: Վերջինիս անդամներին է վերագրվում հայերեն առաջին «սամիզդատ» թերթի լույսընծայումը: Ընդունված է համարել, որ հայկական առաջին «սամիզդատ»-ը ԱՄԿ «Փարոս» թերթն է: Հրատարակիչներն էին Հայկազն Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Վահան Զատիկյանը և այլք: «Փարոսն» ուներ 5 հազար տպաքանակ, տպագրվում էր ստանդարտ մեքենագրական թղթի վրա և բաղկացած էր չորս էջից: «Փարոսի» հաջորդ համարը` լրացուցիչ հավելումով, հրատարակվեց միայն 1971թ., ուղիղ տասը տարի անց՝ 1981թ., հրատարակվեց «սամիզդատ» թերթի չորրորդ՝ վերջին համարը. այն հրատարակեցին նախկին այլախոհ քաղբանտարկյալներ Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանը:

«Փարոս»-ի առաջին համարի հրատարակումից մեկ տարի անց՝ 1968թ., ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը գաղտնի տպագրեց «Երկունք» «սամիզդատ» ամսագիրը՝ 500 օրինակով: Սակայն պարբերականը տարածող խմբին ՊԱԿ աշխատակիցները ձերբակալեցին և այլախոհության ու հակախորհրդային քարոզչության համար դատապարտեցին ազատազրկման:

Դիտեք նաև՝

Search