Play Video

Հայաստանում այս պահի դրությամբ կա 417 հանքավայր, որոնք հանքարդյունաբերության թույլտվություն ունեն և դրանցից 27-ը մետաղական հանքավայրեր են: Հայաստանի տարածքում գոյություն ունի 900 մլն տոննա պոչհանք, որոնք կոնսերվացված կամ գործող պոչամբարներում են: 2007թ.-ից Հայաստանի կառավարության կողմից հանքարդյունաբերությունը ճանաչվեց որպես տնտեսության գերակա ոլորտ, ինչն իր ազդեցությունն ունեցավ հետագա տարիներին տնտեսության, բնակչության և բնապահպանության ոլորտների վրա: Այս տարի մենք ականատես եղանք Թեղուտի կոլապսին, ինչը մեզ հուշում է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին կայացված որոշումներն առնվազն անհուսալի և վատն են եղել:

Այս պահին Հայաստանում կարևորագույն և օրակարգային է Ամուլսարի խնդիրը: Ամուլսարի պաշտպանությանն ուղղված պայքարն իրականացվում է 2009-ից ի վեր՝ տարբեր փուլերով, տարբեր էտապներով: Լիդիան ընկերությունը նախատեսում է Ամուլսարում արդյունահանել ոսկի. խնդիրն այն է, որ Ամուլսարն իր տարածքով շատ մեծ ռիսկային գոտի է և այդ պատճառով նախագիծը հասարակական, մասնագիտական և բնապահպանական շրջանակների կողմից մեծ ընդդիմություն առաջացրեց:

Ինչու՞մն է Ամուլսարի շրջանի մեծագույն արժեքը: Այստեղ է, որ ձևավորվում են Հայաստանի կարևորագույն ջրային ավազանները: Ամուլսարից ծագած աղբյուրներով սնվում են Որոտան, Դարբ և Արփա գետերը, այս տարածաշրջանում են գտնվում Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, որոնք նաև սնում են Սևանա լիճը: Այս ջրային ավազաններին հասցված ցանկացած վնաս շատ վտանգավոր է ամբողջ Հայաստանի համար:

Լիդիան ընկերությունը գրանցված է բրիտանական Channel Islands կոչվող օֆշորային գոտում, ինչը նշանակում է, որ շատ դժվար է կամ անհնար է տեղեկություններ ստանալ ընկերության հիմնադիրների մասին: Լիդիան ընկերությունում շատ հետաքրքիր կապեր ենք տեսնում Հայաստանում այսօր բավականին մեծ ճանաչում ունեցող անհատների հետ: Նրանցից մեկը նախագահ Արմեն Սարգսյանն է: Նա 2013թ.-ին մի քանի ամիս եղել է Լիդիան ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը: Նրան բազմաթիվ նամակներ ենք ուղղել, որոնց նա պատասխանել է, որ ընդունել է տնօրենների խորհրդում ներգրավվելու առաջարկը, որպեսզի լուծի Հայաստանի և միջազգային ներդրողների միջև առաջացած խոշոր վեճերը: Հատկանշանակն է, որ նրա պաշտոնավարման ընթացքում ստացվեցին հանքի հետ կապված բոլոր դրական եզրակացությունները, որովհետև մինչև 2014թ.-ը բացասական եզրակացություններ են ստացվել. օրինակ՝ Սևանի հանձնաժողովի կողմից:

Դիտեք նաև՝

Search