Play Video
Ներդրումային ստանդարտների և իրավական կարգավորումների հակասությունները. Աննա Շահնազարյան| #բունֆորմատ

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում շահարկվող «միջազգային ստանդարտներ» բառակապակցությունը կարիք ունի խորքային վերլուծության։

Մենք ապրում ենք գլոբալացված ֆինանսականացված աշխարհում, որտեղ պետության դերը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի և ներպետական կարգավորիչ հեղինակության, նվազ է կամ միտում ունի է՛լ ավելի նվազեցվել։ Որպես կանոն, պետության սահմանած նորմատիվ կարգավորումները համարվում են տվյալ ոլորտում հեղինակություն։ Ոչ պետական հեղինակություն կարող են վայելել պետությունից դուրս գտնվող սուբյեկտներ՝ կոմերցիոն կամ քաղաքացիական ասոցիացիաներ, ստանդարտավորման կամ ռեյտինգային կազմակերպություններ, նույնիսկ՝ արհմիություններ, որոնք օգտագործում են ոչ պետական կարգավորումներ և ունեն յուրահատուկ «օրինականություն»։ Ներկայիս գլոբալացված շուկայական աշխարհում շուկայի ինքնակարգավորման սկզբունքները ներթափանցել են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ու առաջացել են պետության կարգավորիչ դաշտին զուգահեռ կամ հաճախ՝ դրանից վեր գործող «ինքնակարգավորիչ» համակարգեր, այսինքն՝ հանրային կյանքի կարգավորման մասնավոր ձևեր։ Ըստ էության, օրենսդրական կարգավորման ու հեղինակության տեղափոխություն է տեղի ունեցել հանրային կարգավորիչ դաշտից՝ դեպի մասնավոր հեղինակության դաշտ։

Քանի որ խոսքը «ինքնակարգավորման», այսինքն՝ ներքին հանձնառության մասին է, ուրեմն խնդիրը նաև բարոյական դաշտում է։ Եվ իսկապես, մասնավորի «բիզնես էթիկայի» մասին տեսությունները ակտիվորեն մշակվել են բիզնեսի տարբեր համալսարաններում, այդ թվում՝ աշխարհի «հեղինակավոր» բիզնես դպրոցներում, ու սկսել ակտիվորեն շրջանառվել։ Այս օրրաներում են ծնվել «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն», «կորպորատիվ քաղաքացիություն» հասկացությունները, որոնք ըստ էության կորպորացիաների բարոյականության ու ֆինանսական հաստատությունների սոցիալ-բարոյական հանձնառությունների մասին տեսություններ են, որոնք արագորեն դուրս են հորդել համալսարաններից ու գրավել զանգվածային լրատվամիջոցները, կորպորացիաների գովազդները, նույնիսկ պետության ապակարգավորվող հռետորաբանությունը։ Այսինքն՝ տեղի է ունեցել շուկաների բարոյականացում, իսկ շուկաների գովաբանվող առավելությունը դրանց «ռացիոնալությունն» է, ուստի էթիկական նորմեր որդեգրած շուկան արդեն իսկ «ինքնակարգավորվող» և «ինքնանորմավորված» մի ոլորտ է, որը չունի պետության կարիքը, քանի որ ինքնին արդեն հեղինակություն է։

Եվ ահա, ստեղծվել են «պատասխանատու» շուկաներ, որոնք իրենց մեր ներառում են  «արժեքներին միտված» ներքին կազմակերպական համակարգեր կամ վարքականոններ։ Սա գլոբալացված աշխարհի «պատասխանատվության միջոցով կառավարման» ներկայիս մոդելն է բնութագրում։ Արժանի հարցադրում է այդուհանդերձ, թե ինչո՞ւ են գլոբալ շուկաները «բարոյականանում» ու «պատասխանատուանում»։ Երկու պարզ պատասխան կարելի է առաջարկել միանգամից՝ «լավ բան անելը լավ է բիզնեսի համար» (Համաշխարհային բանկի՝ տարածում գտած լոզունգը) և ուրեմն՝ դա շահութաբեր է, և երկրորդ, ներքին վարքականոնների գլոբալացումը հետ է մղում պետության կարգավորիչ ու վերահսկիչ (ինչպես նաև պատժիչ) դերը։

Զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ՝ Ներդրումային-ստանդարտներ (2)

Դիտեք նաև՝

Search