Play Video

Թափոնների կառավարումը Հայաստանում բավականին վատ վիճակում է գտնվում։ Խնդիրը հրատապ է, բայց դրա հետ կապված շատ կետեր դեռևս պարզ չեն մարդկանց համար։ Դրանցից մեկը աղբավայրերի հարցն է։ Աղբավայրերի հետ կապված մի քանի խնդիր կարելի է առանձնացնել.

1․ Քանակ

Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող հանրապետությունում այս պահին շահագործվում է 300 աղբավայր։ Խոշորացումից հետո ունենալով 500 համայնք՝ մոտավորապես ստացվում է, որ յուրաքանչյուր 2 համայնք ունի իր աղբավայրը, ինչը աբսուրդային թիվ է՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն աշխարհագրապես փոքր երկիր է ու չի կարող հողատարածքներ շռայլել։

2․ Շահագործումը և ներկայիս վիճակը

300 աղբավայրերից ոչ մեկը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին։ Դրանց մեծ մասը նախագծված ինժեներական կառույց չի, ինչպես պետք է լինի սանիտարական աղբավայրերի դեպքում, այլ տարերայնօրեն առաջացած աղբանոց․ չկա պաշտպանիչ շերտ, որը կկանխարգելի զտվածքի, թունավոր հեղուկների ներթափանցումը ստորգետնյա ջրեր և հողեր։ Բացի այդ, չի վերահսկվում, թե ինչ տեսակի աղբ է տեղադրվում աղբավայրերում՝ վտանգավոր, ոչ վտանգավոր թե իներտ։

3․ Վերամշակում

Հայաստանում իրականացվում է տարբեր տեսակի թափոնների վերամշակում, սակայն վերամշակման պրակտիկան բավականին խնդրահարույց է, քանի որ հիմնականում կատարվում է ստվերային բիզնեսների կողմից, իսկ հումքը հիմնականում օգտահանվում է աղբավայրերից։ Սա առաջացնում է սոցիալական, բնապահպանական, հանրային առողջության խնդիրներ, քանի որ աղբավայրից հավաքված հումքը արդեն իսկ աղտոտված է։ Սորտավորումը պետք է արվի թափոնի առաջացման կետում՝ տներում, խանութներում, գործարաններում և այլն։

4․ Սննդային և օրգանական թափոններ

Եվրոպայում արգելված է սննդային ու օրգանական թափոններն աղբավայր ուղարկելը, քանի որ դրանք, կազմելով կենցաղային թափոնների շուրջ 50%-ը, աղբավայրում փտում են, ենթարկվում անաերոբ և աերոբ քայքայման և արձակում մեթան՝ ջերմոցային գազ, որը մեծ ազդեցություն է ունենում կլիմայական փոփոխությունների վրա։ Բացի այդ, սննդային ու օրգանական թափոնները շատ տարբեր կիրառումներ ունեն՝ անասնակերից մինչև բիոգազի արտադրություն, ու դրանք աղբավայր ուղարկելը ռեսուրսների վատնում է։

Աղբավայրերի խնդիրը պահանջում է կոպլեքս լուծում, որն ի վերջո ամփոփվում է երեկ քայլով՝ ավելի քիչ աղբ ուղարկել աղբավայր, կրճատել աղբավայրերի թիվը և վերահսկել աղբավայրեր հեռացվող թափոնների տեսակները։ Բարեբախտաբար, Հայաստանում արդեն մեկնարկել է եվրոպական ստանդարտներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի շինարարությունը, որը սպասարկելու է Գեղարքունիք և Կոտայք մարզերի համայնքները՝ հանգեցնելով շուրջ 50 աղբավայրերի փակմանը:

Դիտեք նաև՝

Search