Play Video

1785 թվականին Շարլ Կուլոնն իր փորձերի արդյունքում դուրս բերեց մի չափազանց կարևոր բանաձև, որն այժմ կրում է իր անունը` Կուլոնի օրենք, համաձայն որի` լիցքերը միմյանց հետ փոխազդում են ուժով, որն ուղիղ համեմատական է այդ լիցքերի արտադրյալին և հակառակ համեմատական` հեռավորության քառակուսուն: Եթե լիցքերը տարանուն են, ապա նրանք միմյանց ձգում են, իսկ եթե միևնույն նշանն ունեն` վանում են: Այս օրենքը գործում է կետային լիցքերի կան գնդային համաչափությամբ օժտված լիցքավորված մարմինների միջև:

Անմիջապես հարց էր ծագում` ո՞րն է պատճառը, որ այդ փոխազդեցությունը տեղի է ունենում, ինչու՞ են այդ երկու լիցքավորված մարմինները միմյանց զգում: Երկու տարածված մոտեցում կար`

  1. Հեռազդեցության տեսություն. մեծ թվով գիտնականներ կարծում էին, որ մարմինները միմյանց անմիջականորեն զգում են` ուշադրություն չդարձնելով նրանց միջև հեռավորությանը: Այս մոտեցումը տարածված էր նաև ձգողականության ուժի ուսումնասիրություններում:
  2. Մերձազդեցության տեսություն, համաձայն որի` կա մեկ այլ կարևորագույն գործոն, որի շնորհիվ այդ մարմինները միմյանց զգում են և փոխազդում միմյանց հետ: Հենց այս տեսության կողմնակիցն էր Մայքլ Ֆարադեյը:

Այդ կարևորագույն և սկզբունքային մոտեցումը կարելի է հիմնավորել մի պարզ օրինակով: Ունենք մեկ լիցքավորված մարմին: Երբ այդ մարմինը տեղաշարժում ենք, տեսնում ենք, որ երկրորդ մարմինը, որը նույնպես լիցքավորված է, անմիջապես արձագանքում է առաջին շարժմանը և նույնպես տեղափոխվում է: Մարմինները կապող օղակ չկա, և կարելի է ենթադրել, որ նրանք անմիջականորեն ազդում են միմյանց վրա: Առաջին հայացքից թվում է, թե հեռազդեցության տեսությունը ճիշտ է: Ֆարադեյն այդ տեսակետը չէր ընդունում. նա առաջ քաշեց մի հեղափոխական գաղափար, ըստ որի` այդ լիցքերը առանձնացված ու լոկալիզացված չեն, առանձին գոյություն չունեն, նրանք իրենց շուրջը ստեղծում են մատերիայի նոր տեսակ, որը նա անվանեց էլեկտրական դաշտ: Եվ երբ տեղաշարժվում է մեկ լիցք, էլեկտրական դաշտը խոտորվում է, առաջանում է ալիք, և ինչպես ինքը Ֆարադեյն էր նշում, միգուցե չափազանց մեծ, սակայն վերջավոր արագությամբ այդ խոտորումը հասնում է երկրորդ լիցքին և ստիպում տեղաշարժվել:

Ֆարադեյին հաջողվում է ներմուծել էլեկտրական դաշտի կարևորագույն գաղափարը, որը հեղափոխական նշանակություն է ունենում ֆիզիկայի ողջ ապագայի համար: Նրա հայտնագործությունների հիման վրա սկսում են ուսումնասիրել էլեկտրական լիցքերի կուտակումն ու փոխանցումը, բացահայտվում է, որ էլեկտրական լիցքը, վերածվելով հոսանքի, ի վիճակի է նաև աշխատանք կատարել և վերափոխվել ջերմության, ստեղծվում են էլեկտրական շարժիչները` հանգեցնելով արդյունաբերական հեղափոխությանը, ներմուծվում են էլեկտրական մարտկոցները: Մարդկությունը թևակոխում է նոր էլեկտրականության դար:

Դիտեք նաև՝

Search