Play Video

Էլեկտրական երևույթներին, ինչպիսին է օրինակ՝ կայծակը, մարդկությունը ծանոթ էր դեռ վաղ ժամանակաշրջաններում։ Էլեկտրոն բառը գալիս է հին հունարենից և թարգմանաբար նշանակում է սաթ։ Հին Հունաստանում նկատել էին, որ եթե սաթը շփում են բրդին, արդյունքում տարբեր տեսակի մանր մարմիններ սկսում են ձգվել դեպի այդ սաթը։

Սաթին բնորոշ հատկություններով մարմիններին հետագայում սկսեցին անվանել էլեկտրականացված։ 16-րդ դարում Ուիլյամ Գիլբերտը ներմուծեց «էլեկտրական» կամ «էլեկտրականացված» եզրույթը՝ դրա միջոցով բնութագրելով շփման հետևանքով մարմինների հատկությունների փոփոխությունը, ինչի արդյունքում նրանք ի վիճակի են մեկ այլ փոքր մարմին ձգել դեպի իրենց։ Ակնհայտ էր, որ սաթի և բրդի հպման պրոցեսի ընթացքում սաթի հետ ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում։ Ժամանակները ցույց տվեցին, որ դա պայմանավորված է էլեկտրական լիցքի տեղաշարժով․ հպման արդյունքում լիցքի մի մասը սաթից անցնում է բրդին, և ի սկզբանե էլեկտրաչեզոք սաթը ձեռք է բերում որոշակի էլեկտրական լիցք և որպես հետևանք` սկսում է դեպի իրեն ձգել տարբեր մարմիններ։

Լիցքի գաղափարը կենտրոնական դեր է խաղում ողջ ֆիզիկայում։ Ի սկզբանե հասկանալի էր, որ էլեկտրական լիցքը մարմնի այն կարևորագույն բնութագիրն է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի էլեկտրամագնիսական դաշտ կարող է ստեղծել այդ լիցքավորված մարմինը, և ինչպիսի ինտենսիվությամբ է այն ի վիճակի փոխազդել նույն էլեկտրամագնիսական դաշտի հետ։

Էլեկտրականության զարգացումն ունի մոտավորապես 250-300 տարվա պատմություն։ Այդ ընթացքում շատ կարևոր փուլեր են եղել, որոնք ցույց են տվել, թե ինչպիսի հատկությամբ են օժտված լիցքերը։ Սկզբունքային նշանակություն են ունեցել 1785 թվականին Շարլ Կուլոնի և 1771 թվականին Հենրի Քավենդիշի կողմից իրականացված փորձերը։ Այդ ժամանակ գիտնականներն արդեն լավ հասկանում էին, որ լիցքերին բնորոշ են փոխազդելու հատկություններ, և փորձում էին պարզել, թե ինչպիսի օրինաչափությամբ են այդ լիցքերը փոխազդում:

Դիտեք նաև՝

Search