Play Video

Ժամանակին Իսահակ Նյուտոնին հարց են տալիս՝ «Ինչպե՞ս եղավ, որ դուք այդքան հեռուն տեսաք»։ Նա պատասխանում է՝ «Պատճառն այն էր, որ ես կանգնած էի հսկաների ուսերին»՝ նկատի ունենալով թե՛ անտիկ շրջանի փիլիսոփաներին՝ Արիստոտելին, Արքիմեդին, թե՛ ժամանակակից ֆիզիկայի սկզբնավորման շրջանի՝ 15-րդ դարի գործիչներին՝ Կոպեռնիկոսին, Տիխո Բրահեին, Յոհան Կեպլերին ու նրանց աշխատանքների վրա հիմնվող Գալիլեո Գալիլեյին։ Ժամանակակից ֆիզիկան, կարելի է ասել, Գալիլեյի ձևակերպած երկու կարևորագույն սկզբունքների հենքի վրա է զարգանում։ Դրանք հետևյալն են՝

1․ Բնության օրենքները տրիվիալ չեն և փաստ չի, որ այն օրինաչափությունները, որոնք իրականում ընկած են բնության օրինաչափությունների հիմքում պարզ, մատչելի ու թափանցիկ են, և մենք ի վիճակի ենք այդ ամենը տեսնել։

2․ Մարդն ի վիճակի է այդ օրինաչափությունները հասկանալ, հետազոտել, բացահայտել, առաջ քաշել վարկածներ և փորձերի միջոցով ապացուցել կամ հերքել իր առաջ քաշած տեսությունը։

Գալիլեյի հետազոտություններն ի վերջո բերում են շատ կարևոր և հիմնարար իներցիայի օրենքի ձևավորմանը։ Նյուտոնը շատ հետաքրքրված էր այդ հետազոտությունների արդյունքներով և փորձում էր հասկանալ՝ ինչպիսի շարժում են կատարում տիեզերքում մարմինները և ինչպես կարելի է այդ շարժումները նկարագրել։ Ե՛վ Կեպլերը, և՛ Կոպեռնիկոսը պարզապես արձանագրում էին շարժումը՝ այն մաթեմատիկորեն նկարագրելով։ Իսկ Գալիլեյին և Նյուտոնին հետաքրքրում էր այն հարցը, թե որն է պատճառը, որ այդ շարժումները կատարվում են կոնկրետ այդ օրինաչափությամբ․ նրանք ֆիզիկոսի տեսանկյունից էին մոտենում երևույթին։

Նյուտոնը հասկանում էր, որ պետք է ձևակերպել բնության օրենքները՝ նախ և առաջ ընտրելով համապատասխան հաշվարկի համակարգը։ Նա էական նշանակություն էր տալիս զանգվածի գաղափարին, որը սկզբունքային նշանակություն ունի ողջ դասական մեխանիկայի շրջանակներում և իներտության չափն է ցույց տալիս, այսինքն՝ թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որ շարժման մեջ գտնվող մարմինը ուժի ազդեցության ներքո փոխի իր արագությունը։ Բացի այդ, նրան նաև հետաքրքրում էր, թե ինչպիսի բնության մեջ գոյություն ունեն ուժեր։ Հենց այս հարցերի ուսումնասիրությունն է Նյուտոնին հանգեցնում հայտնի երեք օրենքների և այնուհետև ֆիզիկայի ամենակարևոր օրենքներից մեկի՝ տիեզերական ձգողականության օրենքի ձևակերպմանը։

Դիտեք նաև՝

Search