Play Video

Նորպլատոնական Պորփյուրը (232-304թթ.) Արիստոտելի մեկնաբանություններում այսպիսի մի հարց է ձևակերպում, որը դառնում է ամբողջ միջնադարյան փիլիսոփայության հիմնական հարցը: Դա այսպես կոչված ունիվերսալյանների հարցն է: Ունիվերսալիան ընդհանուր հասկացությունն է, այսինքն այն, ինչ Պլատոնն անվանում էր էյդոս, Արիստոտելը՝ ձև, և ահա Պլատոնի և Արիստոտելի վեճը, թե իրենք որտեղ են, առաջնային են, թե երկրորդային, թե մի այլ բան, գալիս-դառնում է ունիվերսալյանների հարց: Խնդիրը հետևյալն է. ի՞նչ կերպ գոյություն ունի ընդհանուրը: Ընդհանուրը գոյություն ունի ինքնուրույն, թե միայն իրերի մեջ և իրերից հետո: Այս հարցին պատասխանելու իմաստով միջնադարյան փիլիսոփայության բոլոր ուղղությունները բաժանվում են ռեալիզմի և նոմինալիզմի:

Նոմինալիզմի ներկայացուցիչներից էր Վիլյամ Օկհամը, ով հետաքրքիր է տիպիկ բրիտանական մտածելակերպով, ծնվել է 1300թ., մահացել՝ 1350թ.: Նրան է պատկանում «Օկհամի ածելի» սկզբունքը: Օկհամն ասում էր՝ մի՛ բազմապատկեք էությունները առանց անհրաժեշտության: Եթե մի բանը կարող եք բացատրել մի բանով, ինչու եք բացատրում երկու բանով, և ահա սա է Օկհամի ածելին, նա ասում է՝ դաժանորեն կտրեք, ածելիով անջատեք այն, ինչ առանց ինչի կարելի է յոլա գնալ:

Արդեն միջնադարում հայերը բերում են մասնակցություն այս ամբողջ պրոցեսին և տալիս են չափազանց հետաքրքիր մտածողներ, որոնք, չափազանցություն կլինի ասելը, թե ինչ-որ նոր որակ են հաղորդել համաշխարհային մտքին, ոչ, բայց նրանք ուրիշ, չափազանց կարևոր բան են արել, նրանք համաշխարհային միտքը բերել են Հայաստան և հայկական միտքը բարձրացրել են համաշխարհային մտքի մակարդակի, այսինքն համապատասխանության մեջ են դրել:

Դավիթ Անհաղթը, պատասխանելով Պորփյուրի հարցին՝ քննադատում է այն տեսակետները, որոնք ունիվերսալյանները բացարձակ նոմինալիստական են դարձնում, պարզունակ կոպտացնում են և դիտում են միայն իրերը և ոչ ընդհանուր հասկացությունները: Օրինակ է բերում Անթիսթենի ասույթը, որն ասել է՝ տեսնում եմ մարդուն, բայց չեմ տեսնում մարդկությունը, տեսնում եմ ձին, բայց չեմ տեսնում ձիությունը, տեսնում եմ եզանը, բայց չեմ տեսնում եզությունը, այսինքն կան միայն իրերը, բայց սա ծայրահեղ նոմինալիզմ է, ինչն անընդունելի էր Դավթի համար, և նա բերում-հակադրում է սրան ռեալիստների տրիադան՝ երեք ձևով ունիվերսալյանների գոյությունը. 1) universalia ante rem – մինչև իրերը, 2) universalia in re – իրերի մեջ, 3) universalia post rem – իրերից հետո մարդկային մտքում:

Դիտեք նաև՝

Search