Play Video

Սոփեստները անտիկ մտավորականներն էին, ինտելիգենցիա: Ինչո՞ւ ինտելիգենցիա, որովհետև մյուսները արիստոկրատներ էին, հարուստներ: Oր.՝ Պլատոնի  կամ Հերակլիտեսի համար տարօրինակ պետք է լիներ, եթե իրեն ասեին, որ ինքն իր իմաստության համար փող պիտի ստանա: Իսկ ահա սոփեստները իմաստնության ուսուցիչներ էին: Իրենք մտածելու, խոսելու, գործելու վճարովի ուսուցիչներ էին և իրենց գիտելիքները պարզապես վաճառում էին: Իրենց համար խնդիրը ճշմարտությունը չէր, ի տարբերություն Հերակլիտեսի, Պարմենիդեսի, որոնց ամբողջ համոզմունքն այն էր, որ իրենք գտել են ճիշտը, սրանց խնդիրը հաղթանակն էր վեճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, ես ձեզ կսովորեցնեմ ինչպես վիճեք, որ վեճում հաղթեք, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը: Դրա համար էլ Պլատոնն անվանում էր նրանց «շառլատաններ»:

Նրանց գործելակերպի հիմքում ընկած էր համոզմունքը, որ ճշմարտությունը բացահայտելի չէ. ամեն ինչ հարաբերական է: Օրինակ, ասում էին՝ գեղեցիկը և տգեղը նույն բանն են: Ինչպե՞ս կարող է նույն բանը լինել: Շատ պարզ, ասում էին, պատկերացրեք՝ մարդկանց ասում են՝ եկեք, յուրաքանչյուրդ բերեք աշխարհի ամենատգեղ բանը: Մարդիկ կգան, տգեղ բաները կդնեն, կառաջանա տգեղ բաների կույտ: Հետո կասեք այդ նույն մարդկանց՝ դե հիմա եկեք և այս կույտից տարեք աշխարհի ամենագեղեցիկ բաները, և այդ կույտում ոչինչ չի մնա: Որովհետև այն, ինչ ինչ-որ մեկը բերել է որպես տգեղ, մյուսը կտանի իբրև գեղեցիկ, և կպարզվի, որ ի վերջո գեղեցիկն ու տգեղը բացարձակապես հարաբերական բաներ են:

Եթե ամեն բանի մասին հնարավոր է երկու կարծիք, բայց մենք, այնուամենայնիվ,  խնդիր ունենք աշխարհում կողմնորոշվելու, ապա մենք պետք է կատարենք ընտրություն այդ երկու կարծիքից, հետևաբար ո՞ր կարծիքը մենք պետք է այստեղ ընտրենք: Մենք ընտրում ենք այն կարծիքը, որը այդ պահին մեզ համար ավելի ցանկալի է: Այսինքն, այստեղից գալիս է Պրոտագորասի հիմնական թեզը՝ մարդն է չափը բոլոր իրերի՝ գոյություն ունեցող, որքանով որ նրանք գոյություն ունեն, գոյություն չունեցող, որքանով որ նրանք գոյություն չունեն:

Դիտեք նաև՝

Search