Play Video

Անաքսագորասը մ.թ.ա. 5-րդ դարի մտածող է, և հիմնական պրոբլեմը, որ նա ունեցել է, իրերի որակական փոխակերպման հարցն է. թե ինչպես է ինչ-որ մի բան դառնում մեկ այլ բան: Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև հիշում ենք մի կողմից՝ Հերակլիտեսն ասում է՝ ամեն ինչ փոխվում է, ուրեմն մի բան պիտի դառնա մի ուրիշ բան, մյուս կողմից՝ Պարմենիդեսն ասում է, որ ոչինչ չի փոխվում, այդ դեպքում էլ հայտնի չի, թե ինչպես է դառնում: Եվ ահա պարզ հարցադրումներ, թե ինչպես է մազից առաջանում ոչ մազ, կամ ինչպես է մսից առաջանում ոչ միս: Ահա այս հարցը, որը նրան շատ անհանգստացրել է, և այստեղ նա յուրահատուկ մի լուծում է գտել: Նա ենթադրել է, որ այդ նախնական տարրերը՝ նախասկիզբները, այլևս ոչ թե այն չորս կամ հինգ տարրերն են՝ օդը, ջուրը, կրակը կամ եթերը, այլ նա ենթադրել է, որ իրերի բոլոր վիճակները ունեն յուրաքանչյուրը իր առանձին սերմը: Եվ հետևաբար հարցն այն մասին, թե ինչպես կա մազը, ստանում է իր պատասխանը՝ որովհետև կա մազի սերմ, ինչպես կա միսը, որովհետև կա մսի սերմ: Այսինքն աշխարհի երեսին չկա որևէ բան, որը չունենա իր սերմը: Սրանք անվերջ բաժանելի են, բայց ինչքան ուզում ես բաժանիր, միևնույն է, իրենց հատկությունները չեն կորցնում: Եվ այդ դեպքում շատ պարզ է դառնում, թե ինչպես է ինչ-որ մի նյութ դառնում մեկ այլ բան: Օրինակ՝ դուք ունեք մի իր, որի մեջ ամենատարբեր սերմերն են խառնված, բայց ամենաշատը ո՛ր սերմը կա, այդ որակն էլ ունի: Եթե ամենաշատը մսի սերմեր են, ուրեմն միս է, եթե մազի սերմեր, ապա՝ մազ: Եթե այդ սերմերի փոփոխություն է տեղի ունենում, քանակությունը փոխվում է, և եթե առաջ մեկն էր շատ, հիմա մյուսն է շատ, ապա, բնականաբար, դա դառնում է ուրիշ մի բան:

Ատոմիստներից երկու անուն նշենք՝ Լևկիպեսն ու Դեմոկրիտեսը: Այն, ինչ մնացել է այս երկուսից, շատ դժվար է ասել՝ որն է մեկը ասել, որը՝ մյուսը, թեև Դեմոկրիտեսի անունն ավելի ցայտուն է և ավելի հայտնի: Դեմոկրիտեսին ասում են «ծիծաղող, ծիծաղկոտ» Դեմոկրիտես՝ ի տարբերություն Հերակլիտեսի, ում ասում էին «լացող», որովհետև նա համարում էր մարդկային ցեղը շատ անհույս ցեղ է, և աընդհատ ողբում էր այն տխուր վիճակը, որում մարդիկ գտնվում են: Հիմա կարող է տպավորություն ստեղծվել, որ Դեմոկրիտը ծիծաղում էր, որովհետև նա լավ կարծիք ուներ մարդկանց մասին: Ոչ: Ուղղակի ավելի վատ կարծիք ուներ: Նա այն աստիճան անհույս էր համարում մարդկանց հարաբերությունները, որ միակ բանը, որ իրեն մնում էր, ծիծաղելն էր մարդկանց վրա:

…Գոյությունը դատարկության հակառակն է, դա նշանակում է, որ այն խիտ է, բազմաթիվ է, ունի արտաքին ձև: Քանի որ մեջը դատարկության չունի, այսինքն ամեն մի ատոմ այլևս դատարկություն չունի, նա միայն գոյություն ունի, այդ ատոմը այլևս բաժանելի չի, որովհետև բաժանելու համար պետք է դատարկություն լինի, որ կիսվի, բայց նա անբաժանելի է, որովհետև այն խիտ է և լիքն է, դրա համար կոչվում է ἄτομος (ատոմոս), այսինքն՝ անբաժանելի: Եվ ահա ժամանակակից այն պատկերացումները, թե տեսեք՝ լավ է, որ հին հույները հասկացել են, որ ատոմներ կան, բայց գլխի չեն ընկել, որ դրանք, այնուամենայնիվ, բաժանվող են, կիսվող են, ճիշտ փաստարկ չի, քանի որ այլ խնդիր է լուծում: Գոյությունը պետք է անբաժանելի լինի, հավերժական:

Էպիկուրը հայտնի է նաև բարոյական տեսությամբ, որի հատվածներից մեկն այն է, որ չպետք է մահվանից վախենալ: Էպիկուրը չափազանց հետաքրքիր դիտարկում է անում, ասում է՝ մահվանից պետք չի վախենալ, որովհետև մենք երբեք մահվանը չենք հանդիպում: Երբ մենք կանք, մահը չկա, երբ մահը կա, մենք չկանք: Բայց ժամանակակից մարդը ինքն իրեն դիտում է որպես անրկնելի, հենց այն, ինչ որ ինքը կա: Եվ ժամանակակից մարդուն անհանգստացնում է ոչ թե այն, որ ինքը չի հանդիպում մահվանը, այլ այն, որ փաստորեն ինքը դրանով որպես այդպիսին դադարում է լինել:

Դիտեք նաև՝

Search