Play Video

Արժեաբանության՝ որպես փիլիսոփայական դիսցիպլինի ակունքներում կանգնած են գերմանական փիլիսոփա Ռ.Լոտցեն և նորկանտականության բադենյան դպրոցի հիմնադիրներ Վ.Վինդելբանդը և Հ.Ռիկերտը։ Վերջիններս, ձգտելով տարանջատել բնագիտական և պատմական ուսումնասիրության մեթոդները, արձանագրել են, որ պատմությունը զբաղված է առանձին անկրկնելի իրադարձությունների նկարագրությամբ, որոնց գնահատման չափանիշը տալիս են արժեքները։ Արժեքները սահմանվել են որպես յուրակերպ կազմավորումներ, որոնք «գոյություն չունեն, բայց նշանակալից են»։ Սրանից ելնելով, Ռիկկերտը մշակել է արժեքների համալիր դասակարգում։

Արժեքի հասկացության հետագա իմաստավորման համար կարևոր դեր է խաղացել բադենցիների բանավեճը Վիլհելմ Դիլթայի հետ։ Վերջինս մերժել է նորկանտական մոտեցումը որպես ձևական և սխեմատիկ, և այն կարծիքն է հայտնել, որ անկրկնելի հոգևոր երևույթների չափանիշները պետք է ներքին լինեն, այսինքն քաղվեն «հոգևոր կյանքի» ամբողջականությունից։
Հակասությունը բադենցիների ֆորմալիզմի և դիլթայյան «պսիխոլոգիզմի» միջև փորձել է հաղթահարել Մաքս Վեբերը, որը վերամեկնաբանել է արժեքը որպես «դարաշրջանի շահ», կապելով այն «հասկացող սոցիոլոգիայի» հիմնական հասկացությունների հետ։

Արժեքային մոտեցման համար բեկումնային պահ կարելի է համարել Ֆրիդրիխ Նիցշեի թեզը «Աստծո մահվան» մասին։ Սրանով Նիցշեն կասկածի տակ է դրել ոչ միայն քրիստոնեական պատվիրանների, այլև ընդհանրապես բոլոր արժեքների հիմնավորման հնարավորությունը, դիտարկելով արժեքները որպես մարդու սուբյեկտիվ նպատակների իրագործման հեռանկարներ։

«Արժեքների արժեզրկման» գործընթացը բոլորովին այլ՝ աստվածաբանական դիրքերից շարունակել է Սյորեն Կիրկեգորը, որը ցույց է տվել, որ արժեքային նորմերի վրա հենված էթիկակական մոտեցումը անզոր է դիմակայել «դիվային էսթետիզմին», եթե վերջինիս ցանկանա չարամտորեն խախտել բարոյական կանոնները։

Ժամանակակից փիլիսոփայության շրջանակներում կարևոր տեղ ունի արժեաբանության հայդեգերյան քննադատությունը, որը շարունակելով Դիլթայի թեզը, արժեքային մոտեցումը մեղադրում է բովանդակային երևույթների սխեմատիկ նկարագրության մեջ։

«Այնպիսի տպավորություն է, որ իրերը լույս աշխարհ են գալիս մերկ, և արժեքները զգեստներ են, որոնք մենք իրենց հագցնում ենք, որ չմրսեն»։

Նույն միտումի շարունակությունը տեսնում ենք Թեոդոր Ադորնոյի մոտ, ըստ որի՝ «երբ հասարակության մեջ կորչում է բարոյականի զգացողությունը, մարդիկ սկսում են շաղակրատել արժեքների մասին»։ Ադորնոն նաև մատնանշել է այն վտանգը, որը սպառնում է անհատի ինքնավարությանը, եթե այն ենթարկվում է «ժողովրդի առողջ բնազդների» վրա հիմնված արժեհամակարգի պարտադրանքին։

Ամփոփելով, կարելի ասել, որ թեև արժեքների մասին պատկերացումները մեծապես կարևոր են հասարակական կողմնորոշման համար, արժեաբանությունը որպես փիլիսոփայության ինքնուրույն բնագավառ, գնալով կորցնում է իր նշանակությունը։

Դիտեք նաև՝

Search