Play Video

Պատկերացրեք, որ մի սեղանի շուրջ նստած են հայեր և արտասահմանցիներ։ Հայերից մեկը, ցանկանալով ցույց տալ, որ իր ընկերը, դեռ գործը չսկսած, արդեն հրաժարվում է այն անելուց, որովհետև համոզված է, որ ոչինչ չի ստացվի, նրան ասում է՝ «Զզվում եմ քո կիկոսությունից»։ Արտասահմանցիներն, իհարկե, այդ արտահայտությունը չեն հասկանում, և շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի հայերը կարողանան բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Այստեղ գործ ունենք մշակութային կոդի հետ։

Կոդերի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք գաղտնի գործակալների իրենց գաղտնի տեքստերով։ Մշակութային կոդերն իսկապես որոշ նմանություն ունեն այդ ամենի հետ, քանի որ ներառում են որոշակի գաղտնիություն այն առումով, որ առանձին մշակութային խմբի ներքին պայմանավորվածության արդյունք են, որի դրսևորումը կարող է անհասկանալի լինել այլ խմբերի համար, ինչպես, օրինակ, Մորզեի այբուբենն անհասկանալի է այդ նշանները չիմացողների համար, կամ ցանկացած լեզու անհասկանալի է այդ լեզվին չտիրապետողների համար։

Այստեղ կարող է մի տրամաբանական հարց առաջանալ՝ վերջիվերջո լեզուն նշանային համակա՞րգ է, թե՞ մշակութային կոդ։ Այս հարցի շուրջ անվերջ վեճեր են ծավալվում․ որոշ գիտնականներ համարում են, որ դրանք հոմանիշներ են, ոմանք ընդհանրապես մերժում են այդ հնարավորությունը։ Ֆրանսիացի անվանի գիտնական Աբրահամ Մոլը նշում էր, որ կոդն այն ամենն է, ինչ նշանների համակարգից վեր նախապես հայտնի է ինչպես տեքստն ուղարկողին, այնպես էլ տեքստը ստացողին։ Իսկ լեզվական կոդը, ըստ նրա, հանդիսանում է շարահյուսական, քերականական, տրամաբանական, առողջ հայեցողության և ճշմարտացիության կանոններ, որոնց պարտադիր կերպով պետք է տիրապետի ինչպես տեքստն ուղարկողը, այնպես էլ տեքստը ստացողը։ Հակառակ դեպքում արդյունավետ հաղորդակցություն տեղի չի ունենա։ Հենց սա է կոչվում կոդավորում։

Այսպիսով՝ հաղորդակցությունը իմաստների փոխանակաման, ստեղծման և վերաիմաստավորման գործընթաց է։ Արդյունավետ հաղորդկացության համար անհրաժեշտ է պահպանել երեք կարևոր կետ՝

  • Ինչ եմ հաղորդում (իմաստային մակարդակ);
  • Ինչպես եմ հաղորդում (ձևային մակարդակ);
  • Ում և ինչ նպատակով եմ հաղորդում (պրագմատիկ մակարդակ)։

Դիտեք նաև՝

Search