Play Video

Կառուցվածքաբանությունից (ստրուկտուրալիզմից) հետո առաջ եկավ պոստստրուկտուրալիզմ տեսության փուլը։ Սակայն առաջացավ ոչ թե ստրուկտուրալիզմի վախճանից հետո, այլ դրա ճեղքերից և ձգտում էր հաղթահարել ստրուկտուրալիզմի ներսի խնդիրները։ 20-րդ դարի երկրորդ կեսերին համացանցի ստեղծումով տեքստային զանգվածը սարսափելի արագությամբ շատանում էր, և կառուցվածքի խիստ սահմանները չէին կարողանում զսպել այն։ Այսպիսով, փոխվեց գիտական հարացույցը, մեթոդաբանական գործիքակազմը։ 

Պոստստրուկտուրալիզմը ոչ այնքան ժխտում էր կամ վարկաբեկում ստրուկտուրալիզմը, այլ շարունակ հարցադրումներ անում, ապակենտրոնացնում։ Եթե ստրուկտուրալիզմի պարագայում կենտրոնը մեկն է, արմատը ուղղագիծ է զարգանում, ապա պոստմոդեռնիզմի և պոստստրուկտուրալիզմի դեպքում կառուցվածքն ապակենտրոնացած է․ ռիզոմա է, հայերեն՝ կոճղարմատ։ Ռիզոման փնջային կառուցվածք ունի, տարածվում է մակերեսի/ցանցի վրա։ Ցանցը չունի կենտրոն, ունի հանգույցներ, որոնք էլ կարող են նորը ծնել։ Միասնական կենտրոնի բացակայությունը բերում է բազմազանության։

Պոստստրուկտուրալիզմի հիմնադիրներից Ռոլան Բարտն ասում է հետևյալը․ «Ապակենտրոնացումը կիրառելի է նաև տեքստի նկատմամբ, այն չունի միավորող կենտրոն, այն փակ չէ։ Նույն տեքստի տարբեր ընթերցումները ծնում են տարբեր իմաստներ և ստեղծում բազմաթիվ մեկնաբանություններ»։

Պոստստրուկտուրալիսներն ասում են, որ տեքստերի միջև սահմաններ չկան, տեքստը միայն խոսողական ակտ չէ, տեքստը միշտ հղում է մեկ այլ տեքստի։ Ժակ Դերիդան ասում էր, որ ամեն ինչ տեքստ է․ «Տեքստը պետք է դիտարկել կոնցեպտուալ տարածք, որում դրսևորվում է մշակութային խոսույթը»։

Ըստ այս ուղղության գաղափարախոսության՝ լեզուն է տիրում մարդուն, ոչ թե մարդը` լեզվին. լեզուն է այն նշանային համակարգը, որը բովանդակում է բոլոր իմաստները` անկախ մարդու մտադրությունից։

Դիտեք նաև՝

Search