Play Video

Եթե ամեն ինչ տեքստ է, ապա ի՞նչ է ինտերտեքստը։ Կարելի է ենթադրել, որ տեքստ կոչվող այդ անծայրածիր տիրույթում տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, որոնք ապահովում են այդ տարածքի տարբեր հատվածների միջև որոշակի կապ։ Այդ կապը տեղի է ունենում տարբեր գործողությունների շնորհիվ, օրինակ՝ լեզվական խաղերի, տարածքի տարբեր կտորների միահյուսվելու, հակադրվելու և համադրվելու, միմյանց բացատրելու շնորհիվ։ Տեղի է ունենում շարժ, առանց որի տեքստը չէր ընդլայնվի։ Ժամանակի ընթացքում այդ երևույթն անվանվեց ինտերտեքստ կամ ինտերտեքստուալություն (հայերենում օգտագործում են նաև «միջտեքստայնություն» եզրը)։

«Ինտերտեքստուալություն» եզրը կապվում է պոստստրուկտուրալիզմի անվանի ներկայացուցիչներից մեկի՝ ծագումով բուլղարուհի նշանագետ, գրականագետ, հոգեվերլուծաբան Յուլիա Քրիստևվայի հետ։ Նրա փիլիսոփայական գաղափարները կրում են մի շարք անվանի գիտնականների ազդեցությունը, մասնավորապես՝ 20-րդ դարի ականավոր գրականագետ Միխայիլ Բախտինի և նրա կողմից ներմուծված «երկխոսայնություն» և «բազմաձայնություն» (պոլիֆոնիա) եզրերի։ Միևնույն ժամանակ Քրիստևվայի մշակած տեսությունը մեծապես նպաստել է պոստստրուկտուրալիզմի տեսական հիմքերի ձևավորման վրա և մեծ ազդեցություն ունեցել փիլիսոփայության, գրականագիտության, նշանագիտության հետագա զարգացման վրա։ 1967 թվականին Քրիստևան հեղինակեց «Բախտին, բառ, երկխոսություն և վեպ» հոդվածը։ Որոշ հետազոտողներ Քրիստևայի ստեղծագործական կյանքի 60-70-ական թվականներն անվանում են ակտիվ երկխոսություն Բախտինի հետ։

Բախտինյան երկխոսայնության հիմքում ընկած է այն գաղափարը, որ մարդն ինքն իր գոյությունը գիտակցելու համար ունի ուրիշի կարիքը, առանց ուրիշի մարդու հիշողությունը դատապարտված է քայքայման և մոռացության։ Չկա ոչ առաջին, ոչ վերջին բառ, չկան երկխոսային համատեքստի սահմաններ, որովհետև յուրաքանչյուր արտահայտություն այլ արտահայտությունների բարդ շղթայի միայն մեկ օղակն է։ Իսկ ինչպե՞ս ճանաչել ուրիշին։ Բախտինը համարում է, որ դա հնարավոր չէ անել ո՛չ օտարված, ռացիոնալ վերլուծության միջոցով, ո՛չ էլ զգայական մակարդակում միահյուսվելով այլ անձի հետ։ Դա կարելի է անել միայն նրա հետ հաղորդակցվելով և երկխոսելով։ Այսպիսով՝ ըստ նրա երկխոսությունն անգնահատելի դեր է կատարում միջսուբյեկտային հարաբերություններում։ Ժամանակի և տարածության առումով իրարից բավականին հեռու գտնվող արտահայտությունները կարող են ոչինչ չիմանալ միմյանց մասին, բայց եթե դրանց միջև կա իմաստային կապ, դրանք նույնպես կարող են դիտարկվել որպես երկխոսային։

Արդյո՞ք սա վերաբերում է միայն տվյալ պահին՝ այստեղ և այժմ, տեղի ունեցող հաղորդակցությանը։ Խոսելով տեքստային տարածքի մասին՝ Քրիստևան նշում է, որ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպես է այդ տարածքը չափվում և առաջարկում է չափման միավոր՝ գրվածի սուբյեկտը (նա, ով գրել է), գրվածը ստացողը (հասցեատերը) և այն տեքստերը, որոնք դուրս են տվյալ պահին տեղի ունեցող հաղորդակցությունից, սակայն ազդել են դրա վրա և որոնց շնորհիվ այդ հաղորդակցությունը տեղի է ունեցել այնպես, ինչպես տեղի է ունեցել։ Ըստ Քրիստևայի՝ ցանկացած տեքստ կառուցվում է որպես մեջբերումների խճանկար, որպես այլ տեքստերի յուացման և ձևափոխման արդյունք։ Քրիստևան փոխարինում է Բախտինի միջսուբյեկտայնությունը միջտեքստայնությամբ։ Ցանկացած տեքստ ի սկզբանե հնարավոր է միայն որպես ինտերտեքստ։ Ինտերտեքստը ոչ թե տարբեր հեղինակներից կտրված մեջբերումների միասնությունն է, այլ հղումների հանդիպման վայր։

Դիտեք նաև՝

Search