Play Video

Եթե ամեն ինչ՝ մենք, աշխարհը, մշակույթը, տեքստ է, ապա ի՞նչ է ստեղծագործությունը։ 1971 թվականին՝ իր ստեղծագործական կյանքի պոստստրուկտուրալիստական շրջանում, Ռոլան Բարտը գրեց «Ստեղծագործությունից դեպի տեքստ» խորագիրը կրող մի էսսե։ Համեմատելով «գրական ստեղծագործություն» և «տեքստ» հասկացությունները՝ Բարտը նախ կանգ է առնում այն փոփոխությունների վրա, որոնք տեղի ունեցան ոչ այնքան լեզվաբանության և հարակից գիտակարգերի ներսում, որքան այդ գիտակարգերի հանդիպման կետում, և հենց այդ հանդիպումն առաջ քաշեց նոր հարցեր ու խնդիրներ, որոնց պատասխանը հնարավոր դարձավ գտնել միայն մուլտիդիսցիպլինարության միջոցով։ Նոր մոտեցումներով պայմանավորված՝ ավանդական «ստեղծագործություն» հասկացությանը հակադրվում է մի նոր օբյեկտ՝ Տեքստը։ Բարտի տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ տեքստը և ստեղծագործությունը որակապես տարբեր հասկացություններ են, ուստի պետք է տարբերվեն նաև դրանց ուսումնասիրության եղանակները։

Դրանց հիմնական տարբերություններն են՝

1. Ստեղծագործությունը նյութականացվում է․ վեպը, պատմվածքը, բանաստեղծությունը, հոդվածը գրվում է, տպագրվում, դառնում մարմին, նյութ․ կարելի է ձեռքում բռնել, թերթել, գնահատել ձևավորումը։ Իսկ տեքստը նյութականացված երևույթ չէ, այն մարդու գլխում կամ աշխարհի գիտակցության մեջ է։ Բարտը ստեղծագործությունը բնութագրում է որպես բնականոն զարգացող օրգանիզմ, մարմին, իսկ տեքստը՝ ցանց, որն ունի տարածվելու, սփռվելու էություն։

2․ Տեքստին բնորոշ է բազմակիություն․ այն ոչ թե պարզապես մի քանի իմաստ ունի, այլ իմաստի բազմակիացումը տեղի է ունենում հենց տեքստում։ Այդ բազմակիությունը ոչ թե ենթադրելի է կամ հավանական, այլ՝ անխուսափելի։ Տեքստում չկա իմաստների խաղաղ համակեցություն․ տեքստում տեղի է ունենում իմաստի պայթյուն և իմաստի սփռում։ Տեքստի այս բազմակիության պատճառը ոչ թե նրա առանձին բովանդակային տարրերի երկիմաստությունն է, այլ այն հանգամանքը, որ տեքստի տարածքը բազում շերտեր և ուղղություններ ունի։ Տեքստը խախտում է բոլոր կանոնները և ավանդույթները, այն չի տեղավորվում ոչ մի ժանրային ձևաչափի մեջ։

3․ Տեքստը չի չափվում մեկ ստեղծագործությամբ․ այն կարող է անցնել մեկ ստեղծագործության միջով, մի քանի ստեղծագործությունների միջով, նույն հեղինակի ստեղծագործությունների շարքի միջով, տարբեր հեղինակների ստեղծագործությունների միջով։ Եթե հեղինակը իրավաբանորեն կապված է ստեղծագործության հետ, օրինակ՝ հեղինակային իրավունքի շրջանակում, տեքստի դեպքում այդ իրավունքի մասին խոսելն անիմաստ է։ Նույն հեղինակին կարելի է քննարկել տարբեր ժամանակներում, այդ քննարկելու արդյունքը գալիս է լցնելու տեքստը, և բոլորովին պարտադիր չէ, որ այդ մեկնաբանությունները համըկնեն մեկը մյուսի կամ հեղինակի մտադրության հետ։ Տեքստը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ․ այն ձգվում է ժամանակի մեջ, ուղղված է դեպի անցյալ և ձգտում է դեպի ապագա։ Տեքստն այն ամենն է, ինչ ասվել է, ասվում է և ասվելու է ցանկացած լեզվով, և այն, ինչն անդադար հավաքվում է ժամանակի առանցքի վրա։

4․ Ստեղծագործությունը հանդես է գալիս որպես միասնական հեղինակային նշան։ Ստեղծագործությունն ընդամենը անսահման տեքստի էֆեկտն է հեղինակի՝ տեքստի հետ աշխատելու ընթացքում, երբ հեղինակը որոշում է, թե այդ տեքստից ինչը վերցնի, իմաստավորի, վերաիմաստավորի, անցկացնի իր միջով, թանձրացնի և ներկայացնի որպես իր ստեղծագործություն։ Երբ այն նորից վերադառնում է տեքստի մեջ, այսինքն՝ ապանյութականացվում, տեքստը ցույց է տալիս այդ ստեղծագործության նկատմամբ իր վերաբերմունքը՝ տարբեր սերունդների մեկնաբանությունների տեսքով։

Դիտեք նաև՝

Search