1918 թվականին անկախացած Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր չափազանց բարդ իրադրության մեջ: Այդ շրջանում տարածված էին սովը, մահացու հիվանդությունները, երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում: Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքով`
- 1918 թվականի թուրքական արշավանքը դեպի Անդրկովկաս, որի ընթացքում ավերվեց երկրի տնտեսությունը, և գյուղացիները զրկվեցին գարնանացան կատարելու և նախորդ աշնանացանի արդյունքները տնօրինելու հնարավորությունից:
- Ցեղասպանության հետևանքով շուրջ 400-450 հազար գաղթականների հոսքը դեպի Արևելյան Հայաստան:
- Հանրակրթության ապահովման խնդիրը. դպրոցները 1918 թվականի ամռանը չէին գործում, քանի որ պատերազմական պայմաններից ելնելով` դպրոցական շենքերի մեծամասնությունը վերածվել էր գաղթական կայանների և հիվանդանոցների:
- Արդյունաբերական ձեռնարկությունների պարապուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:
- Այդ շրջանում ամբողջ աշխարհում տարածված վարակիչ հիվանդությունները, մասնավորապես` տիֆը և խոլերան. պատերազմին հաջորդած սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակում գտնվող Հայաստանում նպաստավոր պայմաններ էին ստեղծվել նման հիվանդությունների տարածման համար:
Դրությունը համեմատաբար բարելավվեց 1919 թվականի գարնանից սկսած, բայց մինչ այդ` 1918 թվականի երկրորդ կեսին և 1919 թվականի սկզբին, սովը և վարակիչ հիվանդությունները բազմահազար զոհերի պատճառ հանդիսացան:
Նույնիսկ նման բարդ պայմաններում շարունակվում էր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը: Անկախության պահին Հայաստանի Խորհրդարանի հիմքը կազմող Հայոց ազգային խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. 15 անդամներից երեքը անկուսակցական էին, 6-ը ներկայացնում էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2-ական անդամ ունեին Հայ ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատական (մենշևիկներ) և Սոցիալիստ-հեղափոխական (էսէռներ) կուսակցությունները: Հայ ժողովրդական կուսակցությունը ձևավորվել էր 1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում առաջ եկած գաղափարական բազմակարծության պայմաններում, իսկ վերջին երկուսը համառուսաստանյան կուսակցությունների հայկական խմբավորումներ էին, որոնք փաստացի չէին ընդունում ՀՀ անկախությունը:
1919 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստացավ 80 մանդատից 72-ը, իսկ սոցիալիստ հեղափոխականները` 4 մանդատ: Մյուս կուսակցությունները` Հայ ժողովրդական կուսակցությունը, բոլշևիկները, մենշևիկները, Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցությունը, հայ ռամկավարները, բոյկոտեցին ընտրությունները և հրաժարվեցին մասնակցելուց: Արևմտահայ գործիչները, որոնց շահերը ներկայացնում էին ժողովրդականներն ու ռամկավարները, իսկ գերագույն առաջնորդը, կարելի է ասել, Փարիզում ապրող Պողոս Նուբար փաշան էր, համաձայն չէին 1919 թվականի մայիսի 28-ին ընդունված Անկախ և Միացյալ Հայաստանի մասին հռչակագրին և այդ գործընթացն այլ կերպ էին պատկերացնում: